

Անցնող տարին աննախադեպ էր կլիմայական անոմալիաներով: Նույն աննախադեպ եղանակային պայմաններով էլ, երբ հանրապետության ողջ տարածքում՝ անգամ բարձրլեռնային գոտիներում ձյան ծածկույթ չկա, կդիմավորենք ամանորը՝ մանրամասնել է ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետը:
Որքանով է տագնապալի այս վիճակն առհասարակ ու արդյո՞ք սա սպառնում է գյուղատնտեսությանը՝ «Ռադիոլուրն» է մանրամասնում:
2017-ը կլիմայական առումով արտառոց տարի էր՝ գնահատում է ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: Տարվա 8 ամիսներին տեղումները եւ ջերմաստիճանը կլիմայական նորմայից շեղված են եղել 5-7 աստիճանով: Հունվար-մարտի անոմալ ցրտերին, երբ հանրապետության ողջ տարածքում ջերմաստիճանը կլիմայական նորմայից ցածր էր 8-10 աստիճանով, հաջորդեցին աննախադեպ շոգ երաշտային պայմաններով ամառային ամիսները. հատկապես հուլիս-օգոստոսին գրեթե բոլոր մարզերում արտառոց շոգ էր:
«Արարատի մարզում ջերմաստիճանը հասավ +42,6 աստիճանի, որը կրկնեց մեր պատմականորեն երբեւէ դիտված առավելագույն ջերմաստիճանը: Եղան բազմաթիվ անտառային հրդեհներ՝ պայմանավորված երաշտով, անձրևազուրկ օրերով»:
Հաջորդեց անոմալ տաք դեկտեմբերը: Դեկտեմբերի 15-ից սկսած՝ անոմալ բարձր ջերմային ֆոն է առկա՝ Եգիպտոսից արեւադարձային տաք հոսանքներով պայմանավորված: Դեկտեմբերի 20-24-ը անձրեւում էր անգամ Ջերմուկում ու Աշոցքում՝ ծովի մակերևույթից 2000 և ավելի մետր բարձրության վրա:
«Դեկտեմբերի վերջի համար անոմալ, աննախադեպ պրոցես է, երբ հանրապետության բարձրլեռնային գոտիներում տեղում է անձրեւ: Այդ օրերին օդի ջերմաստիճանը կլիմայական նորմային բարձր է եղել 10-15 աստիճանով»:
Անոմալ երևույթ գրանցվեց նաեւ դեկտեմբերի 23-ին, երբ Մեղրի-Կապան հատվածում ջերմաստիճանը բարձրացավ մինչեւ +20- +23 աստիճանի: Բայց այս երեւույթները Սուրենյանը չի պայմանավորում գլոբալ կլիմայական տաքացումներով, որոնց մասին միշտ տագնապով խոսում են բնապահպանները: Ավելին, շեշտում է՝ տագնապելու կարիք չկա. նման երեւույթներ գրանցվել են նաեւ 50-60 տարի առաջ: Եղանակային անոմալիաներից չեն տագնապում նաեւ գյուղատնտեսության նախարարությունում: Գյուղփոխնախարար Աշոտ Հարությունյանը վստահեցնում է՝ կլիմայական այս վիճակը ոչ մի բացասական ազդեցություն չի թողել գյուղատնտեսության վրա:
«Այս պահի դրությամբ հիմնականում իսպառ վերացվել է ցրտահարման ռիսկը: Չնայած դաշտերը բաց են, չկա ձյան շերտ, բայց դրական ջերմաստիճանով աշնանացանի ցրտահարման խնդիրն այս պահին իսպառ վերացված է»:
Ծառերի ծաղկման վտանգ նույնպես չկա: Նման վիճակ ստեղծվում է գյուղատնտեսների լեզվով՝ կենսաբանական զրոյի պայմաններում,երբ հողում ջերմաստիճանը +8, +9 է և բավական երկար պահպանվում է: Այս պահին այդ խնդիրը չկա, ծառերը հարաբերական հանգստի շրջանում են՝ բացատրում է փոխնախարարը: Ձյան առատ տեղումների դեպքում էլ կարող ենք ասել, որ բարեհաջող գյուղատնտեսական տարի կլինի, եթե, իհարկե, չունենանք ջերմաստիճանի կտրուկ նվազում: Ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված՝ մեղուները սկսում են ակտիվանալ. մեղվաբուծությամբ զբաղվողները պետք է ուշադիր լինեն մեղվանոցների նկատմամբ: Եղանակը տաք է, ջերմոցների ծախսը՝ քիչ, ուստի կանաչի-բանջարեղենի գները, գյուղփոխնախարարի կարծիքով, չպետք է բարձրանան:
«Աշոտ Հարությունյանը հետաքրքիր դիտարկումներ ունի՝ մարզերում այս սեզոնին խոշոր և մանր եղջերավորները դեռ արածում են գյուղամերձ տարածքներում»:
Մինչև դեկտեմբերի 31-ը հանրապետությունում առանց տեղումների՝ տաք եղանակ է սպասվում, իսկ արդեն հունվարի 1-ից Հայաստանին կմոտենա տեղումնաբեր ցիկլոն: Բայց սպասվում են հիմնականում անձրեւներ նույնիսկ բարձրլեռանային բնակավայրերում: Անձյուն Ամանորն աննախադեպ չէ՝ շեշտում է Գագիկ Սուրենյանը: Վերջին 80 տարուց 40-ի դեպքում Ամանորն առանց ձյունի ենք դիմավորել՝ ասում է ու նաեւ շեշտում՝ մթնոլորտային եւ երկրաբանական երևույթների միջեւ որևէ գիտական կապ չի բացահայտվել, այսինքն՝ տաք եղանակով երկրաշարժի ռիսկեր կանխատեսելը հիմնավորված չէ:




