Այսօր կփորձեն դադարեցնել Թբիլիսիի քաղաքապետի լիազորությունները
Վրաստանի գլխավոր դատախազությունն այսօր սպասվող դատավարությունում կպահանջի հետաքննության ժամանակահատվածում դադարեցնել Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավայի լիազորությունները և համար խափանման միջոց ընտրել 1 միլիոն լարի (600 հազ. դոլար) գրավը։
Վրաստանի ֆինանսների նախարարության հետաքննչական ծառայությունը շաբաթ օրը մեղադրանք էր ներկայացրել Ուգուլավային Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ ծառայողական դիրքի չարաշահմամբ ուրիշի ունեցվածքի խոշոր չափերի հասնող յուրացում ու վատնում և փողերի լվացում, որոնցով սահմանված ընդհանուր պատժաչափը 16-23 տարի է:
Վրաստանի գլխավոր դատախազ Արչիլ Քբիլաշվիլին հայտնել է, որ երկուշաբթի դատախազությունը հանդես կգա միջնորդությամբ և կպահանջի, որ քննության ընթացքում Ուգուլավան չբացակայի երկրից:
Ըստ գլխավոր դատախազի՝ մտավախություն կա, որ սպառնացող պատժաչափի պատճառով նա կարող է փորձել փախուստի դիմել և հեռանալ արտասահման:
Հետաքննության վարկածի համաձայն՝ Թբիլիսիի քաղաքապետը 2008 թվականին «Իմեդի» հեռուստաընկերության նախկին համասեփականատեր Ջոզեֆ Քեյին ստիպել է վաճառել իր բաժնեմասը և գործարքի ֆինանսավորումն իրականացրել է քաղաքապետարանի միջոցով:
Նա մեղադրվում է նաև նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ակտիվիստների համար կեղծ աշխատատեղեր ստեղծելու մեջ: Ուգուլավան համարում է, որ իրեն ներկայացված մեղադրանքներն անհեթեթ են: