

Լիլիթ Սեդրակյան
«Ռադիոլուր»- Հոլիվուդ
«Արգո օպերացիա» քաղաքական թրիլերը «Օսկարի» մրցանակաբաշխության ժամանակ ճանաչվել է լավագույն ֆիլմ։ Բեն Աֆլեկի այս կինոնկարը պատմում է Իրանում ամերիկացի պատանդների ազատ արձակման մասին։
Քննադատները «Օսկարի» հոբելյանական՝ 85- րդ մրցանակաբաշխությունը համարում էին ամենաանկախատեսելին, հաղորդում է Բի Բի Սի- ն։
«Լավագույն ֆիլմի»- ի համար պայքարում էին նաեւ Սթիվեն Սփիլբերգի «Լինկոլն» եւ «Իմ ըները գիժ է», Էնգ Լիի «Պիի կյանքը», Բեն Զայթլինի «Վայրի հարավի գազանները», Միախայել Հանեկեի «Սեր», Քեթրին Բիգելոուի «Նպատակ համար մեկ», Քվենտին Տարանտինոյի «Ազատագրված Ջանգո», Թոմ Հուպերի «Թշվառները» ֆիլմերը։
Մինչ կժամանեն աստղերը, աշխարհի ամենամեծ ու ամենահայտնի կարմիր գորգը մի քանի ժամով լրագրողների տրամադրության տակ է: Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակաբաշխությունը լուսաբանելու համար ամեն տարի Հոլիվուդ են ժամանում հարյուրավոր ժուռնալիստներ: Այստեղ են նաև սկսնակ դերասաններ` երբևէ կարմիր գորգին իբրև հյուր հյատնվելու երազանքով.
«Ես Թայլանդից եմ։ Եկել եմ «Օսկարին» ներսից հետևելու համար: Այսօր մասամբ կատարվեց իմ և թերևս ամեն մի դերասանի մեծ երազանքը, կանգնած եմ կարմիր գորգի վրա: Հուսամ` մի օր էլ այստեղ կհայտնվեմ` իբրև մրցանակակիր»,- ասում է թայլանդցի սկսնակ դերասան Նիլ Ջուլիեն Փուփան:
«Սիրում եմ այս շոուն, հրավիրված եմ իբրև երաժիշտ: Իմ գործերից մի քանիսը հնչում են ֆիլմերից մեկում: Հուսամ` եթե ոչ այս տարի, ապա հաջորդ տարի անպայման հաջողություն կունենամ»,- նշում է երաժիշտ Դեյվիդ Լանգորեն:
Հոլիվուդի փայլն ու շքեղությունն արտացոլող շոուն ամեն տարի հրեշտակների քաղաք է բերում տասնյակ հազարավոր տուրիստների: Ու չնայած Լոս Անջելեսի կենտրոնի երթեևկը կաթվածահար է, աստղերի հայտնի փողոցի մեծ մասը փակ, այդուհանդերձ՝ այստեղ գտնվելն ու ելումուտ անող հայտնիներին հեռվից տեսնելն արդեն սուր զգացողություն է: Մի քանի տասնյակ երջանիկներ երեկոյին հետևելու հնարավորություն էին ստացել կարմիր գորգի երկայնքով տեղադրված հարթակից:
«Հնարավոր չէ ավելի երջանիկ լինել, քան մենք ենք այժմ. հաղթել ենք մրցույթում և հրավիրվել այստեղ: Դիտել ենք բոլոր ֆիլմերը, բոլորն էլ շատ լավն են. դժվար է ընտրել լավագույնը», ասաց շոուն դիտելու եկած արվեստասերներից մեկը:
Բարեբախտաբար, այս տարի եղանակը բարեհաճ էր Օսկարի կազմակերպիչների, մասնակիցների, և հատկապես աստղերի համար, ովքեր կարմիր գորգին հայտնվելու համար հայտնի դիզայներներից փոխառած զգեստների ամեն վնասի համար վճարելու են 50 հազար դոլար:
Շոուի համար ահռելի գումարներ է ծախսել «Դոլբի» ընկերությունը: Միայն թատրոնի շենքը 20 տարի ժամկետով անվանակոչելու համար ընկերությունը վճարել է 75 միլիոն դոլար, մեծ ծախս է արվել նաև դահլիճի հնչողության համակարգը նորագույն սարքերով զինելու համար: Արվել է ամեն ինչ` աշխարհին զարմացնելու և տպավորելու համար: Արդյունքը կգնահատեն 225 երկրներում, որտեղ հեռարձակվում է Հոլիվուդի գլխավոր շոուն:
«Ես Ավստրալիայից եմ, արդեն երրորդ անգամ եմ ժամանում լուսաբանելու «Օսկարը»: Սա շատ լավ հնարավորություն է ինձ համար հանդիպել հրաշալի մարդկանց, ում հետ քննարկում ենք «Օսկարի» հավանական հաղթողներին», ասաց կինոակադեմիայի մրցանակաբաշխությունը լուսաբանելու եկած լրագրողներից մեկը:
Անցած դարասկզբի օսկարակիր դերասաններից մեկի մերկ մարմնի նմանությամբ պատրաստված գրեթե 4 կգ կշռող «Օսկարի» ոսկեզօծ արձանիկը օրվա ֆավորիտն է թե հուշանվերի խանութներում, թե «Դոլբի» թատրոնում:
Սոցիալական ցանցերն այսօր ողողված կլինեն այստեղ հայտնվելու բախտ ունեցածների երջանկադեմ լուսանկարներով, քանի դեռ համացանցում չեն հայտնվել «Օսկարի» իրական տերերի ֆոտոշարքերը: