

Վրաստանի վարչապետի կողմից արված հայտարարությունը, թե հնարավոր է գործարկել Հարավօսական ու Աբխազական տարածքները՝ բեռնափոխադրումների համար, ոգևորել է բեռնաախադրողներին, հատկապես նրանց, ովքեր բախվել է Լարսի անցակետում օրերով հերթերի մեջ կանգնելու լուրջ խնդրին:
Հարցն այս օրերին էլ հրատապ է, քանի որ մի քանի օր է, ինչ փակ էր Լարսի անցակերը:
Վերին Լարսն այսօր բացվել է: Մի քանի օր շարունակ անցակետը փակ էր, ինչի հետևանքով բեռնափոխադրող մեքենաները կուտակվել էին վրաց- ռուսական սահմանին։ Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիայի նախագահ Հերբերտ Համբարձումյանը «Ռադիոլուրին» տեղեկացրեց, որ կուտակված ավտոմեքենաների թիվը հասնում է 300-ի:
Ամեն անգամ առատ ձյուն տեղալուն զուգահեռ Լարսի անցակետը փակվում է և լուրջ խոչընդոտ առաջացնում բեռնափոխադրողների համար: Նման պայմաններում միայն եղանակն է որոշում Լարսի անցանելիության հարցը: Իսկ եղանակը, ըստ վրաց օդերևութաբանների, խոստանում է արգելք չստեղծել բեռնափոխադրողների համար։
Համենայնդեպս, մինչև տարեվերջ ձյուն չի տեղա: Եկող տարվա համար այսօր հստակ կանխատեսումներ դեռ չկան, սակայն եթե փակվի էլ այլընտրանքային ուղի առայժմ չկա՝ ասում է Վրաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտի ղեկավար Դավիթ Փաշալիշվիլի.
«Կարծում եմ, որ եթե փակվի հունվարից հետո, ապա երկար ժամանակ չի տևի , մի երկու օր, այն էլ բեռնատարների համար»:
Վրաստանի վարչապետը մի քանի օր առաջ հայտարարեց շվեյցարական ընկերության հետ պայմանագիր կնքելու մասին, ըստ որի՝ համաձայնություն է ձեռք բերվել Հարավային Օսիայի ու Աբխազիայի տարածքով բեռների փոխադրման համար: Որքանով է իրատեսական այդ նախագծի իրագործումը։ «Ռադիոլուրի» հարցին ի պատասխան՝ Վրաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտի ղեկավարը հստակեցնում է՝ դեռ վերջնական որոշում չկա:
«Դուք հավանաբար այլընտրանք ասելով նկատի ունեք վարչապետի հայտարարությունը: Հարավօսական ու Աբխազական ճանապարհներով տարանցման մասին դեռ ռուսական կողմի հետ համաձայնություն չկա: Այնպես որ՝ եթե Լարսը կրկին փակվի, մենք ալընտրանքային ուղի դեռ չունենք»:
Ի տարբերություն այս տարվա, նախորդ տարիներին ձմեռը ձնառատ էր, ինչի հետևանքով Լարսն ավելի հաճախ էր փակվում: Խոչընդոտը չկարողանալով վերացնել՝ անգամ գործարկվեց Փոթիով լաստանավային ճանապարհը, ինչն ավելի թանկ արժե ու ձեռնտու չէ բեռնափոխադրողներին: Ու բեռնափոխադրումների հետ կապված այս դժվարությունները հաղթահարելու լավագույն միջոցը այլընտրանքն է, ինչի մասին վերջերս ակտիվացել են խոսակցությունները:
Այլընտանք կարող է լինել Աբխազիայի երկաթուղին և Ռոկի թունելի միջով անցնող տրանսկովկասյան մայրուղին։ Սակայն դրանց գործարկելու համար դեռ պետք է ընդհանուր հայտարարի գան Մոսկվան ու Թբիլիսին, ինչն ըստ փորձագետների 7 սարի հետևում չէ:




