

Խորհրդային միության տարիներին ղեկավար պաշտոններ զբաղեցրած հայտնի չինովնիկների մեքենաները այսօր կարելի է տեսնել Թբիլիսիում բացված թանգարանում։
Սահմանափակ թվով արտադրված փոխադրամիջոցներից որոշներն իրենց հարմավետությամբ ու արդի միջոցների առկայությամբ այսօր էլ կարող են հավասարվել մեր ժամանակների լիմուզինների ու մերսեդեսների հետ։
Թբիլիսիի խորհրդային մեքենաների նորաստեղծ թանգարանը փորձում է աշխարհի տարբեր երկրներից հավաքել խորհրդային արտադրության եզակի մեքենաները։ Այսօր թանգարանում է գտնվում 1933 թ․-ի արտադրության թվով 5 առաջին պիկապներից մեկը (Ոչ մեծ ավտոմեքենա)։
Այստեղ է նաև 80-ականներին սահմանափակ քանակությամբ արտադրված խորհրդային առաջին լիմուզինը։ Դրացից ընդամենը 106 հատ է եղել, 102-րդը փրկվել ու այսօր հասել է Վրաստան:
«1985 թ. արտադրության ЗИЛ 115 մակնիշի մեքենան ծառայել է Խորհրդային Միության Կոմկուսի Կենտկոմի գլխավոր քարտուղար Կոնստանտին Չերնենկոյին»:
Ռադիլուրի հետ հետ զրույցում պատմում է թանգարանի տնօրեն Ռեզո Չեիշվիլին՝ բացելով, ինչպես ինքն է ասում խորհրդային լիմուզինի դուռը, որն ի տարբերություն ժամանակի մյուս մեքենաների անաղմուկ է բացվում, ցույց է տալիս, թե որքան հարմարավետ է եղել Չերնենկոյի նստատեղը` հետնամասի սրահը.
«Այս մեքենան կարելի է համարել խորհրդային առաջին լիմուզինը, երկարությունը ավելի քան 7 մետր է: Ներսը բավականին հարմարավետ է, պատուհանն առաջնամասն առանձնացնում է սրահից: Կիսով չափ զրահապատ մեքենա է»:
ЗИЛ 115-ը, կամ խորհրդային լիմուզինը այսօր աշխարհում հազվագյուտ մեքենա է համարվում, քանի որ այս մակնիշի մեքենաները երբ խորհրդային տարիներին օտարվում էին, անմիջապես ոչնչացվում էին, որպեսզի օտարերկրյա լրտեսների ձեռքում չհայտնվեն մեքենայի թույլ կողմերը: Այսօր Կենտկոմի գլխավոր քարտուղարի մեքենան, որն անմխիթար վիճակում գտնվել է Վրաստանի հեռավոր գյուղերից մեկում, գնահատվում է 450 հազար դոլար:
Խարհրդային միության ներկայացուցչական դասի համար նախատեսված մեքենաներից է նաև ГАЗ 12 ЗИМ-ը, որը գտնվել է Վրաստանի հայաշատ շրջանում՝ Ախալքալաքում, մի հայ ընտանիքի բակում: Թանգարանում պահվող Չայկա մակնիշի երկու մեքենաներից մեկը ծառայել է Վրաց պատրիարք Իլիա երկրորդին, մյուսը՝ նախկին նախագահ Էդուարդ Շեվարդնաձեին։ Իսկ ամենաերևացող սպիտակ Չայկան Աջարիայի նախկին ղեկավար Ասլան Աբաշիձեի սեփականությունն է եղել։
«Աբաշիձեն, երբ Սաակաշվիլիի իշխանության տարիներին ստիպված եղավ հեռանալ Աջարիայից, էկոնոմիկայի նախարարությունը վաճառքի հանեց նրա մեքենան»։
Այսօր Ասլան Աբաշիձեի ռետրոն, որը Բաթումիում հաճախ վարում էր նաև որդին, համարվում է հարսանյաց մեքենա։ Թանգարանի մյուս մեքենաները, սակայն, թեև դուր են գալիս նորապսակներին, սակայն չեն վարձակալվում․ Օրինակ Չեռնենկոյի մեքենան 100 կմ-ում 40 լիտր վառելիք է ծախսում։
«Ամեն դեպքում այս մեքենաները մեր հայրերի ու պապերի ու սովետական հսկա միության պատմությունն են»։
Ասում է թանգարանի ղեկավարը՝ ընդգծելով, որ շարունակում են աշխատել նաև խորհրդային արտադրության մյուս եզակի մեքենաների ձեռքբերման ուղղությամբ։




