Հասարակություն

Բաղրամյան 26-ի հյուրերը երեխաներն են


Նախագահի նստավայրում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ մեկնարկել են երեխաների համար կազմակերպված տոնական միջոցառումները, որին մասնակցել են  շուրջ 1000 երեխաներ մայրաքաղաքից, Հանրապետության մարզերից և Արցախից:

Երեխաները այսօր իրենց երազանքների մասին ասել են երկրի  նախագահին. նրանց երազանքները գրի է առել «Ռադիոլուրը»:

Բաղրամյան 26-ի հյուրերն  այսօր ոչ թե պաշտոնյաները, քաղաքական գործիչներն ու օտարերկրյա դեսպաններն  են, այլ երեխաները՝ Հայաստանի սահմանամերձ համայնքերի, սահմանափակ կարողություններով և  Հայաստանում ապաստան գտած սիրիահայ երեխաները։ Կարմիր գորգը փռված է հատուկ նրանց համար, իսկ շենքի ներսում ոչինչ չկա, որը կհիշեցնի պաշտոնական արարողակարգերի մասին:

Տոնական զարդարված նստավայրի ամեն կողմից լսվում էր մանուկների ձայնը։ Ոմանք արտասանում էին, ոմանք երգում, իսկ ոմանք  էլ սպասում, որ  իրենց հարցեր տա երկրի նախագահը։ Սիրիահայ  Ներսես Բաչախչյանը Հալեպից է եկել, արդեն հասցրել է նամակ գրել  Ձմեռ պապիկին:

Տավուշից 12 -ամյա Մերի  Մկրտումյանը նախագահական  նստավայր եկել էր պաշտոնական առաջարկով։ Ասում է, որ այսօր  նա հնարավորություն ունի հարց ուղղելու նախագահին։

Ու  մինչ  նրանք իրենց ցանկությունները  կփոխանցեն պետության ղեկավարին՝ փոքրիկներին ամանորյա բարեմաղթանքներ են հղում Ձմեռ պապն ու  Ձյունանուշը։ Հետո արդեն հերթը նախագահին էր , բայց մինչ նա  կլսեր երեխաների երազանքների  մասին, պայման  կապեց.

«Հավատացեք, եթե 2018 թվականին այդ երազանքները չիրականանան, դրանք իրականանալու են 2019 թվականին, 2020 թվականին. միշտ պետք է երազել: Եվ որպեսզի, երբ դուք դառնաք, օրինակ, Ձմեռ պապիկի տարիքի չափ, կարողանաք հիշել, ասել՝ ահա, ես այսքան երազանքներ եմ ունեցել, և այսքանը իրականացել է: Ձմեռ պապիկն էլ ունի երազանքներ, նա ցանկանում է, որ մեր երեխաները միշտ առույգ, զվարթ լինեն, միշտ ծիծաղեն, որպեսզի մեր բոլոր երեխաները լավ սովորեն, որ որևէ բանի կարիք չունենան: Նույնը ցանկանում է Ձյունանուշիկը: Դրա համար էլ իրենք այս օրերի ընթացքում հանդիպում են շատ-շատ երեխաների հետ, և իրենք էլ գիտեն՝ այն երեխաների երազանքն է իրականանում, ովքեր ձգտում են դրան»:

Հետո արդեն երեխաները շրջապատեցին նախագահին ու այստեղ արդեն թելադրողը ոչ թե  Սերժ Սարգսյանն էր, այլ երեխաները:

Այս փոքրիկներից շատերին մեկ ընդհանուր երազանք ու ցանկություն էր միավորում, նրանք խաղաղություն են ուզում ոչ միայն Հայաստանի, այլ ողջ աշխարհի համար։

Կարդացեք նաև

Back to top button