«Մեր տան» 11 տարվա արդյունքը
Սոցիալական տարբեր պատճառներով Գավառի և Վանաձորի մանկատանը հայտնվում են ոչ միայն երկկողմանի ու միակողմանի ծնողազուրկ երեխաները, այլ նաև նրանք, որոնց ծնողները տարբեր պատճառներով հրաժարվել են երեխաներից: Մանկատանն ապրում են, կրթություն ստանում և չափահաս դառնալուց հետո հրաժեշտ տալիս: Սկսվում է ինքնուրույն կյանքը: Էջմիածնի ,,Մեր տուն,, հասարակական կազմակերպությունը վերջերս ամուսնացրել է 17-րդ սանուհուն:
Մանկատան աղջիկների մի մասը ցանկություն է հայտնել ապրել Էջմիածնի «Մեր տուն» հասարակական կազմակերպությունում, որտեղ սովորում են տիրապետել կյանքի հմտութուններին, հաղթահարել դժվարությունները և ամենակարևորը՝ ներել ծնողներին: Կազմակերպության նախագահ Տիգրանուհի Կարապետյանը սա համարում է հոգեբանական դժվարությունների հաղթահարման գործոններից մեկը:
«Մեր տունը» գործունեության 11 տարվա ընթացքում տարբեր ճակատագրեր է տնօրինել, օգնել աղջիկներին ստանալ կրթություն և աշխատանք: Տարին ամփոփում է 17-րդ հարսանիքով: Ընդունված կարգ է, աղջիկները պետք է «Մեր տնից» դուրս գան հարսանեկան քողով և ամուսնական երդում տան եկեղեցում: Հերթը՝ Արփինեինն է: 2.5 տարի ապրելով Մեր տանը՝ նա գտավ իր երջանկությունը: 20-ամյա աղջիկը Էջմիածնին էր եկել Գավառի մանկատնից, որտեղ եղբոր հետ ապրել է 15 տարի: Ծնունդով Շիրակի մարզից է, ծնողները կենդանի են, սակայն ապրում են առանձին:
Արփինեն Գավառի մանկատանն ապրել է մոտ 2 տարեկանից, եղբայրը մեկ տարով մեծ է իրենից: Խոստովանում է, որ բարդույթներից ազատվել է «Մեր տանը» գտնվելու ընթացքում. «Սկզբում ես շատ կոպիտ էի, բարդույթներ ունեի, ինձ հետ շատ աշխատեցին, որ ես դառնամ իսկական աղջիկ, նուրբ…» :
Մշտական շփման մեջ է մոր կողմի տատիկի, երբեմն էլ՝ մոր հետ: Ասում է, որ շատ է ցանկացել կյանքի ամենաերջանիկ օրը տատիկին իր կողքին տեսնել, սակայն ծերունական հիվանդության պատճառով դա հնարավոր չի եղել: Արփինեն էլ մյուս աղջիների նման ձեռք է բերել մի քանի մասնագիտություն: Ամուսնության առաջարկը ստացել էր մեկ տարի առաջ «Մեր տուն» հասարակական կազմակերպության հիմնադրման 10-րդ հոբելյանական միջոցառման ժամանակ՝ «Մեգերյան կարպետ» ընկերությունում: Վերջինս էլ հովանավորել է նրա հարսանիքը:
Տիգրանուհի Կարապետյանը նշում է, որ արդեն ունի 17 փեսա ու 23 թոռ: Յուրաքանչյուր նոր կազմվող ընտանիքի հետ «Մեր տուն» աշխատակիցները նոր ոգևորություն են ապրում, աղջիկների գտած երջանկությունը՝ համարում իրենցը: Հոգսաշատ ընտանիքը դեռ պրպտումների մեջ է, մանկատնից եկած աղջիկների համար փորձում են նոր ծրագիր իրականացնել, գործ հիմնել, որը կարող է նրանցից շատերի համար դառնալ կայուն աշխատանք:
Մեր տան աղջիկներից պետության կողմից բնակարան է ստացել 3-ը, իսկ մեկին հովանավորել է իտալացի բարերարը: Հասմիկ Գյուրջինյանն այս տարի տեղափոխվել է Մարալիկի սոցիալական բնակարան: Սպիտակում նմանատիպ բնակարան է առաջարկվել Մարգարիտա, Մարիետա և Արփինե քույրերին, որոնք հրաժարվել են Սպիտակ գնալուց: : Տիգրանուհի կարապետյանը նշեց, որ Մարգարիտան հիմա աշխատում է «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում, իսկ Արփինեն սովորում է մանկավարժական համալսարանում, Սպիտակ տեղափոխվելիս երկուսն էլ կկորցնեն աշխատանքն ու կրթությունը: Սոցիալական բնակարաններ հատկացնելիս պետք է հաշվի առնել նաև մանկատան սաների զբաղվածության խնդրի լուծումը: