

Այս տարի ստալինյան բռնաճնշումների 80-րդ տարելիցն է: Հենց 37 թվականն է համարվում այդ բռնությունների խորհրդանիշը, որովհետեւ այդ թվականին մոլեգնեց ստալինիզմի արյունոտ ալիքը։
37-ը Հայաստանի կողքով ևս չանցավ: Բազմաթիվ գործիչներ ու մտավորականներ զոհ գնացին բռնություններին, բռնեցին աքսորի ճանապարհները:
«Խավարում»- ը ցուցադրությունը նվիրված է բռնաճնշումների հիշատակին:
Հովհ. Թումանյանի թանգարանում օգոստոսին բացված եւ 20 օր հետո փակված «Խավարումը» բաց է Սարգիս Մուրադյան պատկերասրահում:

Պատկերասրահ մտնելիս՝ առաջին հայացքից աչքերդ ենթագիտակցորեն լուսանկարներ են ման գալիս:

Սակայն ամբողջ ցուցադրությունը կազմված է բռնաճնշումները բացահայտող նամակներով, փաստաթղթերով ու պայմանագրերով:
Ցուցադրության ամենամեծ պաստառի վրա բռնաճնշումների զոհ դարձած հայ մտավորականների լուսանկարներն են:
«Սարգիս Մուրադյան» պատկերասրահի տնօրեն Զարուհի Մուրադյանի հետ եմ զրուցում ու անցնում բոլոր ցուցանմուշների կողքով: Ամենամեծ ցուցանմուշի հետ կապված հետաքրքիր դեպք արդեն եղել է:

Ցուցադրությունում զետեղված են նաև անձնական նամակներ ու պատմություններ: Տիկին Զարուհու համար բոլոր պատմությունները հավասարաչափ ահասարսուռ են ու գլխում չտեղավորվող:
Ասում է՝ արտաբերելը ու վերապատմելն այդ բոլորը, կարծես, հեշտ է թվում, բայց դրանք անպատմելի են:

Շատ անծանոթ կամ հույժ գաղտնի փաստաթղթեր կարծես թե չկան, սակայն տիկին Զարուհին ասում է, որ պիտի անընդհատ պատմվեն, վերապատմվեն, ցուցադրվեն թեկուզ արդեն հայտնի բոլոր այդ պատմությունները:

Պիտի բոլորն իմանան, թե ինչպես ընկավ Առաջին Հանրապետությունը, ում ձեռքով ստալինյան բռնաճնշումների զոհ դարձան հազարավոր հայեր և ովքեր են իրենց մասնակցությունն ունեցել դրանում:




