Քաղաքական

Ընտրավազք 2018. Նախագահի ընտրությունների մեկնարկը տրված է


2018 թ. ՀՀ նախագահի ընտրությունները Հայաստանի Հանրապետության պատմության մեջ նախագահական 7-րդ ընտրություններն են։ Նախատեսվում է, որ դրանք տեղի կունենան 2018 թ. մարտի 1-10-ն ընկած ժամանակահատվածում։

Առաջին անգամ Հայաստանի Հանրապետության նախագահը կընտրվի ոչ թե քաղաքացիների կողմից՝ ուղղակի ընտրությամբ, այլ Ազգային ժողովի կողմից։ ՀՀ 3-րդ և գործող նախագահ Սերժ Սարգսյանը չի կարող առաջադրվել երրորդ ժամկետով։

Այսօրվանից արդեն 2018 թվականի նախագահի ընտրությունների ընտրավազքը բացված է: Առաջին հստակեցումը տեղի ունեցավ Աժ-ում:

Այսօր կեսօրին հայտնի դարձավ Հայաստանի չորրորդ նախագահի պաշտոնում առաջադրվող առաջին թեկնածուի անունը: «Ելք» խմբակցությունից պատգամավոր Արտակ Զեյնալյան: ԱԺ արտահերթ նիստի ավարտից հետո խմբակցության անդամներով հավաքվեցին, նիստ գումարեցին եւ մի քանի որոշում կայացրեցին:

Բուժաշխատող, իրավաբան, իրավապաշտպան եւ ընդդիմադիր գործիչ Արտակ Զեյնալյանի պատգամավորական փորձը մեկ տարուց պակաս է՝ 2017-ի ապրիլից է խորհրդարանում: 3 կուսակցություն միավորած «Ելք» դաշինքում ներկայացնում է Արամ Սարգսյանի գլխավորած «Հանրապետություն» կուսակցությունը: Առաջադրվելու որոշումը կայացնելուց անմիջապես հետո Զեյնալյանը հրաժարվեց հարցազրույցից՝ «Ռադիոլուրին» տեղեկացնելով, որ դեռ պետք է որոշեն՝ խոսելո՞ւ է ընդհանրապես, թե՞ ոչ: Հասկանալի է՝ 2018-ից Հայաստանի նախագահն այլեւս սիմվոլիկ պաշտոն է՝ սահմանափակ լիազորություններով:

«Ելք» խմբակցության նիստի ընթացքում կայացվել է մեկ այլ որոշում, որի մասին ֆեյսբուքյան գրառումով տեղեկացրեց խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Գրել է, որ «Ծառուկյան» դաշինքի հետ բանակցություններ են սկսելու՝ Զեյնալյանի առաջադրման համար անհրաժեշտ՝ պատգամավորների 1/4-ի ստորագրություններն ապահովելու համար: Ֆեյսբուքի օգտատերերի մեկնաբանությունները հենց Նիկոլ Փաշինյանի էջում այս լուրի  հետ կապված հակասական են:

« «Ոչ դոդացման»-ը պրծա՞վ»

«Իմ կարծիքով հարմար թեկնածու չի»

«Հարգում եմ ԵԼՔ դաշինքի որոշումը»

Մամուլով դեռ վաղուց լուրեր էին տարածվում, որ նախընտրական հարցերով «Ծառուկյան» եւ «Ելք» դաշինքները բանակցում են: Թե օրեր առաջ եւ թե այսօր «Ծառուկյան» խմբակցության անդամները անընդհատ հորդորում են չշտապել՝ նշելով, որ այս պահին նման քննարկումներ խմբակցությունում դեռ չեն եղել:

Ասում են՝ շտապել պետք չէ՝  խմբակցության 31 պատգամավոր դեռ կարծիք պետք է հայտնի: Երբ կուսակցության քաղաքական խորհրդում եւ դաշինքում կլինեն քննարկումներ՝ լրատվամիջոցներին եւ հասարակությանն անպայման տեղեկություն կտրամադրվի՝ խոստացողների մեջ է նաեւ ԱԺ  փոխնախագահ Միքայել Մելքումյանը:

Նախընտրական այս թոհուբոհի մեջ ամենահանգիստը թերեւս դաշնակցականներն են՝ մտածելու եւ թեկնածու որոնելու խնդիր չունեն: Խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը այս հարցում մշտապես վկայակոչել է կոալիցիոն հուշագիրը:

Հանրապետականը, ի դեմս ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի, հանրապետության նախագահի պաշտոնը 2018-ի ապրիլից նախկինի պես չեն գնահատելու, ուստի եւ նախագահի առաջադրման հարցում չեն շտապում:

Այս դեպքում այլ է 2018-ի ապրիլից հետո վարչապետի առաջադրման հարցը: Եթե հանրապետականներից շատերը դեռ փորձում են պահել ինտրիգը եւ առաջինը չբացել փակագծերը, ապա Գալուստ Սահակյանն այսօր նախընտրեց պարզությունը:

Նախագահի ընտրությունների ժամկետների առումով նշենք, որ ՀՀ նախագահի ընտրությունները պետք է կազմակերպվեն 2018-ի մարտի 1-10-ն ընկած ժամանակահատվածում։ Հայաստանի նոր Սահմանադրությամբ` առաջին անգամ նախագահին կընտրեն ոչ թե Հայաստանի քաղաքացիները` ուղղակի ընտրությամբ, այլ Ազգային ժողովը։

Կարդացեք նաև

Back to top button