Ասուպային հոսքը Հայաստանի երկրնքում տեսանելի կլինի ցանկակցած վայրից, որտեղ երկինքը պարզ է: «Ռադիոլուր»-ին ասել է Բյուրականի աստղադիտարանի փոխտնօրեն Տիգրան Մաղաքյանը, նշելով, որ սա շատ հազվադեպ երեւույթ է, ինչը կարելի է դիտել անզեն աչքով:
Այս օրերին դիտվում է տարվա առատ հոսքերից վերջինը` Գեմինիդների ասուպային
հոսքը: Այս հոսքը սովորաբար դիտվում է նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 18-ը: Այս
տարի այն իր առավելագույն փուլում կլինի դեկտեմբերի 13-14-ի գիշերը`
ապահովելով ավելի քան 40 ասուպ մեկ ժամում, որոնց արագությունները մոտ 35կմ/վ
են:
Գեմինիդների ասուպային հոսքը հյուսիսային երկնքի ամենաառատ հոսքն է.
առավելագույն փուլում երբեմն հնարավոր է դիտել ավելի քան 100 ասուպ մեկ
ժամում:
Այն առաջին անգամ դիտել են մոտ 150 տարի առաջ: Գեմինիդների ասուպային
հոսքի կենտրոնը, որն աստղագիտության մեջ կոչվում է ասուպային հոսքի ռադիանտ, գտնվում է Երկվորյակներ (Gemini) համաստեղության ուղղությամբ: Գեմինիդների ասուպային հոսքը հետաքրքիր է նաև նրանով, որ դրա ասուպները ոչ թե գիսավորի, այլ Փաետոն 3200 աստղակերպի թողած երկնաքարերն են:
Այս պատճառով դրանք ավելի կարծր են և հետևաբար ասուպներն ավելի պայծառ են գիշերային երկնքում:
Ասուպային հոսքերն առաջանում են, երբ Երկիրը` Արեգակի շուրջն
իր ուղեծրով շարժվելով, հանդիպում է երկնաքարերի խմբի, և վերջիններս`
թափանցելով Երկրի մթնոլորտ, այրվում են և «ընկնող աստղեր» հիշեցնող հետքեր
թողնում, որոնք կարող են մինչև մի քանի վայրկյան երևալ երկնակամարի վրա:




