Քաղաքական

Աղմկահարույց օրինագծերն ընդունվեցին

Այսօր խորհրդարանն արտահերթ աշխատել է ընդամենը 20 րոպե: Երեկ քննարկված հարցերը հապճեպ դրվել են քվեարկության, ինչից հետո պատգամավորներն ընդմիջել են արտահերթ նստաշրջանը: Օրակարգային հարցերից մնացել է երկրորդ ընթերցմամբ 4 նախագածի քննարկում:

Առաջին ընթերցումով այդ նախագծերն ընդունվեցին այսօր եւ կանոնակարգով պատգամավորներին ժամանակ է անհրաժեշտ գրավոր առաջարկությունների համար: Կլինեն, թե ոչ այդ առաջարկությունները՝ դժվար է ասել, բայց պատգամավորները աշխատանքի կվերադառնան վաղը:

20 րոպեանոց արտահերթ նիստում, սակայն, աղմուկը եւ վեճն ապահովված էր: Այս անգամ խորհրդարանականները վիճում էին բացակայող պատգամավորների քվեարկության համար:

ԱԺ հանրապետական եւ դաշնակցական 6 պատգամավոր այսօր ֆիզիկապես բացակայելով ոչ միայն խորհրդարանի շենքից, այլեւ անգամ հանրապետությունից՝ մասնակցել են քվեարկությանը։ Ընդ որում քվեարկության դրված նախագծերի մի մասը հանրային եւ քաղաքական մեծ հնչեղություն ունեցող փաստաթղթեր էին: Հեռվից քվեարկելու իրավունքը պատգամավորներին տրվել է Աժ նոր կանոնակարգով։

Այս պատգամավորները, սակայն, նախապես գրելով, որ կողմ են  օրինակ՝ «Հարկային օրենսգրքում» կառավարության առաջարկած փոփոխություններին ու լրացումներին, այն ժամանակ չեն տիրապետել ամբողջ տեղեկատվությանը եւ չգիտեին, որ նախագիծը քվեարկության է դրվելու որոշակի փոփոխություններով: Քվեարկությունները մի կողմ դնելով՝ պատգամավորներն սկսեցին պարզաբանումներ պահանջել ԱԺ նախագահից:

Այսօրվա քվեարկությունների ընթացքում խորհրդարանականների մի մասը հասկացավ՝ դեմ է հեռվից եւ հեռակա կարգով քվեարկելու իրավունքին:

Հարցերի տեղատարափն այնքան շատ էր, որ ԱԺ նախագահն ի վերջո խառնվեց եւ խճճվեց իր իսկ կողմից քվեարկության դրվող հարցերի հերթականության մեջ:

61 կողմ,  35  դեմ ձայներով նախագիծն ընդունվեց: «Կողմ» ձայներին, բնականաբար, ավելացվեց նաեւ բացակա, բայց գրություն թողած պատգամավորների ձայները: Կողմերն ու դեմերը յուրովի հասկացան հարկային օրենսգրքի փոփոխությունը: Վառ օրինակը Միքայել Մելքումյանն ու Խոսրով Հարությունյանն են:

Քվեարկությունից հետո «Ելք» խմբակցությունից Էդմոն Մարուքյանը կողմ քվեարկածներին պարզապես հիշեցրեց, թե ինչի համար են քվեարկել:

Այսպես՝ խառնաշփոթով, բայց եւ արագորեն քվեարկությամբ պատգամավորներն ապահովեցին նաեւ «Պետական պարտքի մասին» օրենքում փոփոխությունները։ Դրանցով կառավարությունն ավելի ճկուն պայմաններ կունենա նոր վարկեր վերցնելու համար։  Այսօրվանից արդեն ընդունված է նաեւ ընտանեկան բռնությանը վերաբերող աղմկահարույց օրինագիծը:

Կարդացեք նաև

Back to top button