Հասարակություն

Հայկակական հետքը Էստոնիայում կամ մեկ էստոնահայի պատմություն


Տալլինում լույս է տեսել պրոֆեսոր Ռաֆիկ Գրիգորյանի «Էստոնիայի պատմություն. հայկական հետք» գիրքը:

Այն ներկայացնում է հայ համայնքի ուղին էստոնական պետության կազմավորման և զարգացման ողջ ընթացքում:

«Ռադիոլուրը» վերջերս էր եղել Էստոնիայում, հանդիպել պրոֆեսոր Գրիգորյանի հետ եւ այդ զրույցի մասին է այս ռեպորտաժը։

Չնայած Էստոնիայի պետականությունն ընդամենը 100 տարվա պարտություն ունի, սակայն այս տարածքում հայերի մասին առաջին հիշատակումները տանում են դեպի 14-15 դարեր: Ռաֆիկ Գրիգորյանն իր գրքում այդ պատմությունը ներկայացնում է անհատների ճակատագրերի եւ իրադարձությունների միջոցով:

Իսկ այս պատմությունը գրքի հեղինակի՝ ճակատագրի բերումով Էստոնիայում հայտնված Ռաֆիկ Գրիգորյանի մասին է։ Ավելի քան 230 գրքերի հեղինակ է, ապրել է Երևանում, Գյումրիում, դպրոցն ավարտելուց հետո սովորել է Սարատովի համալսարանում:

Նկարը՝ Sputnik-ի

«1974 թ.-ին ինձ Տարտուի համալսարանից հրավիրեցին դասախոսության: Մինչև թոշակի գնալը դասավանդել եմ պատմություն, փիլիսոփայություն և քաղաքագիտություն»:

Մինչև 2005 թ.-ը ղեկավարել է պատմության եւ փիլիսոփայության ամբիոնը:

Թոշակի անցնելուց հետո էլ հասարակական գործունեությամբ է զբաղվում, ղեկավարում է Էստոնիայի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների պալատը: Կառույցը վեր է հանում Էստոնիայի 192 համայնքների առջև ծառացած խնդիրները, համաժողովներ կազմակերպում, գրքեր հրատարակում:

Իսկ Էստոնիայում ապրող ավելի քան 1400 հայերի հիմնական խնդիրը քաղաքացիությունն է:

«Մի մասը, որը տիրապետում է էստոներենին, ունի քաղաքացիություն, իսկ ով չի կարող լեզվի քննություն հանձնել, վերցրել է կամ Ռուսաստանի, կամ Հայաստանի քաղաքացիություն, իսկ մի մասն էլ ոչ մի քաղաքացիություն չունի»:

1990-ական թթ. սկզբին հայերը Էստոնիայի անկախացման ջատագովներից էին: Ռաֆիկ Գրիգորյանն էլ «Ազգային ճակատի» հիմնադիրներից է, սակայն անկախացումից հետո ի հայտ են եկել ազգայնական գործիչներ, որոնց համար կարևորն իրենց` էստոնացիների անկախությունն էր: Գրչի մեկ հարվածով բոլոր հայերը դասվեցին «օտարազգիների» շարքին և զրկվեցին քաղաքացիությունից:

Նկարը՝ Sputnik-ի

Չնայած երկար տարիներ ապրել է Էստոնիայում, կապը հայրենիքի հետ երբեք չի խզել: «Իհարկե այցելում եմ, ընտանիքս Գյումրիում է, այնտեղ տուն ունեմ»:

Իսկ արդյո՞ք երբևէ մտածել է Հայաստան վերադառնալու մասին: «Ինչ 1974 թ.ից եկել եմ, ամեն օր էլ այդ հարցը մտքիս կա: Հոգով, սրտով ուզում եմ վերադառնալ, բայց չի ստացվում»:

Ինչպես ամենուր, այստեղ էլ հայ համայնքը փորձում է պահպանել իր ինքնությունը, լեզուն ու ավանդույթները. «Հանդիպում ենք հայկական եկեղեցում: Կան կիրակնօրյա դպրոցներ, որոնք ոչ բարձր մակարդակի վրա, բայց փորձում են սովորեցնել պատմություն, լեզու, մեր ավանդույթները»:

Հայկական համայնքը նաև համազգային նշանակության նպատակների շուրջ է համախմբվում:  «Շատ ենք պայքարում, որ սրանք ընդունեն Հայոց ցեղասպանությունը: Ես 100-ամյակի կապակցությամբ համայնքի անունից դիմեցի  Էստոնիայի կառավարությանը: Ասում են «մենք իհարկե ցավակցում ենք», բայց ցեղասպանություն բառը չեն օգտագործում»:


Ինչն է խոչընդոտում հայ-էստոնական կրթական համագործակցության զարգացմանը


Գրքով սկսեցինք, գրքով էլ ավարտենք: Ռաֆիկ Գրիգորյանի մենագրության համար հիմք են ծառայել մի շարք արխիվային նյութեր, այդ թվում Տարտուի համալսարանի, որտեղ, ինչպես հայտնի է, կրթություն են ստացել մի շարք անվանի հայեր: Նրանցից թերևս ամենաաականավորը  Խաչատուր Աբովյանն է:

Այստեղ նրա անվամբ լսարան կա, ուր տեղադրված է նաև ժամանակակից հայ գրականության հիմնադրի կիսանդրին: Բայց սա արդեն բոլորովին այլ պատմություն է:

Կարդացեք նաև

Back to top button