

Վերջին տարիներին Հայաստանում աղքատության մակարդակը գրեթե չի փոխվում:
Ազգային վիճակագրական ծառայությունն այսօր ամփոփել է 2016-ի սոցիալական պատկերն ու արձանագրել՝ մեկ տարվա ընթացքում մեր երկրում աղքատությունը նվազել է մոտ կես տոկոսով (0,4 տոկոսով՝ կազմելով՝ 29,4 տոկոս):
Վիճակագիրները նաև արձանագրել են՝ եթե սոցիալական տրանսֆերտները նվազեն, ապա Հայաստանում աղքատության մակարդակը կտրուկ կաճի:
Պատկերը նույնն է նաև մարզերում՝ ամենաաղքատը շարունակում է մնալ Շիրակի մարզը, 2014-ի համեմատ այս մարզում աղքատության մակարդակն ավելացել է 1,5 տոկոսով: Այստեղ, ի դեպ, երեխաների կեսից ավելին աղքատ է:
Պաշտոնական վիճակագրությունն արձանագրում է՝ մեկ տարվա ընթացքում՝ 2016-ին 2015-ի համեմատ Հայաստանում աղքատությունը նվազել է մոտ կես տոկոսով՝ կազմելով 29 ու կես տոկոս (ընդամենը 0,4 տոկոսով՝ 29,8-ից դառնալով ՝ 29,4 տոկոս): Այն, որ մեկ տարվա ընթացքում գրեթե ոչինչ չի փոխվել, անգամ ԱՎԾ պաշտոնյաներն են հայտարարում՝ ՀՀ ԱՎԾ նախագահի խորհրդական Դիանա Մարտիրոսովայի խոսքով՝ 2016թ Հայաստանի տնտեսական աճի համեստ՝ 0,2 տոկոս տեմպը բավարար չէ աղքատության մակարդակի նվազման համար: Մեր երկրում տասը բնակչից երեքը աղքատ է, սպառում է՝ նախանշված 48 հազարից (48 367 դրամից) ավելի քիչ գումար:
«Ծայրահեղ աղքատության մակարդակը՝ 1,8 տոկոս է: 8 տոկոսը՝ շատ աղքատ, 19,6 տոկոսը ուղղակի աղքատ է: 2016թ աղքատ է մոտ 880 հազար մարդ: Նրանցից շատ աղքատ է՝ մոտ 295 հազար, ծայրահեղ աղքատ են՝ մոտ 54 հազարը»:
Տարիներ շարունակ Հայաստանի ամենաաղքատ մարզը Շիրակն է, 2016- ն էլ բացառություն չէ։ Այստեղ աղքատ է բնակչության գրեթե կեսը: 2014-ին այս մարզում աղքատության մակարդակը կազմում էր 44 տոկոս, 2016-ին՝ 45,5 տոկոս:
Աղքատության ցուցիչով Շիրակին հաջորդում է Լոռին, Կոտայքը, Տավուշը: Աղքատության հաղթահարման համար ՀՀ-ին անհրաժեշտ է մոտ 63 մլրդ (63,2 մլրդ) դրամ կամ ՀՆԱ-ի 1,2 տոկոսը։ Սա ի ի լրումն սոցիալական աջակցության համար արդեն իսկ հատկացված միջոցների (2014-ին անհրաժեշտ էր՝ 66,2 մլրդ դրամ): Ծայրահեղ աղքատության վերացման համար կպահանջվի 1,4 մլրդ դրամ ի հավելումն սոցիալական աջակցության ծրագրերի ու բարձր հասցեականության: ԱՎԾ-ում գիտեն նաև՝ դժվար է հասցեականություն ապահովել: ՀՀ ԱՎԾ նախագահի խորհրդական Դիանա Մարտիրոսովա.
«Միջազգային փորձը վկայում է, որ սոցիալական աջակցության անթերի տրամադրումը շատ անհավանական է, ուստի աղքատության հաղթահարման համար ավելի շատ գումարներ են պետք»:

Եթե Հայաստանում սոցիալական տրանսֆերտները դադարեցվեն, մեր երկրում աղքատությունը մոտ 13 ու կես տոկոսով (13,4 տոկոսով) կավելանա ՝ հասնելով բնակչության գրեթե կեսին ( 42,8 տոկոս): Տրանսֆերտները նպաստում են աղքատության կրճատմանը:
Աղքատ ընտանիքների պատկերն էլ չի փոխվել: 15-17 տարեկանների շրջանում աղքատության մակարդակն ավելի բարձր է, քան այլ տարիքային խմբերում: Բազմանդամ տնային տնտեսություններում աղքատ լինելու ռիսկն ավելին է: ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը մտահոգ է՝ աղքատության մակարդակը բարձր է հատկապես երեխաների շրջանում: Շիրակի մարզում, օրինակ, աղքատ է այստեղ բնակվող երեխաների ուղիղ կեսը:
«Հայաստանում աղքատ է երեխաների 1/3-ը»:
Ռադոչայը ներկա միջազգային կառույցներից թերևս միակի ներկայացուցիչն էր, ով բաց տեքստով խոսեց սոցիալական խնդիրների մասին: Չնայած պատկերը չի փոխվել, այդուհանդերձ՝ Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Մերսի Թեմբոն նշում է՝ ուրախ կլինեն շարունակել ԱՎԾ-ի հետ համագործակցությունը: Իրենք օգնում են աղքատության հաղթահարմանը: Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ընդգծում է՝ առաջիկա տարիներին նույնպես աղքատության պատկերը չի փոխվելու:
Տնտեսագետների մեծ մասը շարունակում է պնդել՝ սոցիալական պատկերը կփոխվի, եթե Հայաստանում երկնիշ տնտեսական աճ գրանցվի: Սակայն դրա մասին կառավարության առաջիկա երեք տարիների միջնաժամկետ ծախսային ծրագրերում նշված չէ:




