

25 տարի առաջ այս օրը աշխարհն արթնացավ բոլորովին նոր մի իրողությամբ՝ SMS հաղորդագրությամբ։ 1992թ.-ի այս օրը բջջային հեռախոսից ուղարկվել է առաջին կարճ տեքստային հաղորդագրությունը:
25 տարի առաջ դեկտեմբերի 3-ին 22-ամյա բրիտանացի Նիլ Փափվորթն իր համակարգչից ուղարկեց աշխարհում առաջին SMS հաղորդագրությունը։ Այն ուղղված էր Vodafone-ի տնօրենին: Այդ ժամանակ նա աշխարհում առաջինն էր ու միակը:
25 տարի հետո դժվար թե գտնվի մի ուսանող, ով չպատկերացնի իր կյանքն առանց կարճ հաղորդագրության: ԵՊՀ ուսանողուհի Քրիստինե Սեդրակյանը հերթով թվարկում է իր կյանքում տեղի ունեցած այն դեպքերը, որոնցից դուրս գալու ելքը կարճ հաղորդագրությունն է եղել:
Արագ ու ինֆորմատիվ այսպիսի գործիքից հրաժարվել դժվար է՝ ասում է Քրիստինեն:

SMS ծառայության ստեղծման գաղափարն առաջացել է 1984թ.: Այդ ժամանակ մի հեռախոսից մեկ այլ հեռախոսին տեքստային հաղորդագրություն ուղարկելու գաղափարն անգամ հիմարություն ու անհեթեթություն է որակվել: Հետագայում SMS ծառայությունը վերափոխվել է՝ դառնալով համակարգչից հեռախոսին տեքստային հաղորդագրություն ուղարկելու միջոց:
Կարճ հաղորդագրությունների «արվեստը» մտավ մարդկանց կյանք իր դրական ու բացասական կողմերով:
Սիլվա Պետրոսյանն անընդհատ շփվում է երիտասարդների հետ, համալսարանում դասավանդում է:Ուզում եմ անդրադառնալ կարճ հաղորդագրությունների բերած դրական երևույթներին, դրանք ակնհայտորեն գոյություն ունեն՝ կարծում է ԵՊՀ դասախոս Սիլվա Պետրոսյանը: Ուսանողների, երիտասարդների շփումը ևս օգնել է հանգել այդ կարծիքին:
SMS-ի ծննդյան 25-ամյակի առիթով Նիլ Փափվորթը Sky News հեռուստաալիքին տրված իր հարցազրույցում բացահայտել է առաջին կարճ հաղորդագրության բովանդակությունը:
Առաջին SMS հաղորդագրությունն ընդամենը 3 բառ է պարունակել՝ «Ուրախ Սուրբ ծնունդ»: SMS հաղորդագրությունները, սակայն, լայն տարածում են գտել միայն 2000-ականների սկզբին:




