Հասարակություն

Արմավիրում տեղյակ չեն աղբամանից դուրս աղբ թափելու տուգանքի մասին

Աղբահանության պատշաճ իրականացման և աղբը թափելու մշակույթ ձևավորելու մասին Արմավիր քաղաքում  շատ է խոսվել:

Քաղաքում պետք է կառուցվի աղբի վերամշակման գործարան, աղբի տեսակավորման համար տեղադրվելու են տարբեր գույնի աղբամաններ և կարգավորվելու է աղբահանությունը:

Սակայն սա ապագայի խնդիր է, մինչ այդ Արմավիր քաղաքի ավագանին որոշել է կառավարել աղբը թափելու կարգը և չսահմանված տեղում աղբ թափելու համար քաքացիներին տուգանել 30000 դրամ:

 

Արդեն մեկ ամիս Արմավիր քաղաքի խիտ բնակեցված թաղամասերի շուրջ 10 աղբավայր  գտնվում է քաղաքապետարանի տեսահսկողության տակ: Աղբը չսահմանված վայրերում թափող քաղաքացիների համար կիրառվում է վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքով սահմանված խստագույն պատիժը՝ նվազագույն աշխատավարձի  30-ապատիկի չափով, այսինքն՝ 30 հազար դրամ:

Մեկ ամսվա ընթացքում արդեն 67 քաղաքացի հայփոստի բաժանմունքների միջոցով ստացել է ծանուցում՝ տույժը վճարելու մասին: Քաղաքացիներն անակնկալի են եկել, քանի որ իրազեկված չեն եղել ավագանու այս  որոշման մասին:

Արմավիր քաղաքի ավագանու հերթական  վերջին նիստի ընթացքում քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը  բարեկարգում տնօրինության ղեկավարի Լևոն Գրիգորյանից  հետաքրքրվեց տեսանկարահանող սարքերի արձանագրած խախտումների և  տույժերի վճարման մասին՝ 67-ից  20-նն է վճարվել:

Տեսանկարահանող սարքերը միացված են մեկ մոնիտորին, որը վերահսկում  է քաղաքապետարանի ներքին աուդիտի բաժնի պետ Տիգրան Հակոբյանն ու   պայմանագրային աշխատող  իր 16 ամյա աղջիկ Անի Հակոբյանը: Մոնիտորի միջոցով հետևում են  աղբահանությանն  և աղբը թափողներին:

Նորագույն տեխնոլոգիաների միջոցով ստուգվում է աղբի տեսականին և խախտում թույլ տված քաղաքացիների նկարները հանվում են,  ներկայացնում վարչական տուգանքի, սակայն հստակեցված չէ տեսակավորված աղբի տուգանքի չափը:  Չեն տուգանվում հացն ու հացաբուլկեղենի մնացորդների տոպրակները աղբարկղերի մոտ տեղադրող քաղաքացիները:

Արմավիրի քաղաքապետարանի վարչական հանձնաժողովի նախագահի տեղակալ, իրավաբանական բաժնի պետ Նորայր Դանիելյանը չժխտեց, որ իրենք կիրառում են վարչական իրավախախտումների մասին օրենքի 43.1 հոդվածի 5-րդ մասով նախատեսված պատիժը:

Առայժմ տուգանված քաղաքացիները հիմնականում մեքենաներից աղբը դեպի աղբարկղեր շպրտած քաղաքացիներն են: Տեսանկարահանող սարքերի միջոցով ճշտվել են մեքնաների համարները և ներկայացվել  տույժի: Այս կերպ է տուգանվել Ազատ կարապետյանը, ով որոշել է դատարանի միջոցով չվճարել տուգանքը՝ ունենալով իր հիմնավորումը:

Քաղաքացին ապրում է Հունան Ավետիսյան փողոցի առանձնատներից մեկում:  Նա նշեց, որ այդ հատվածում աղբահանությունը ուշ է կատարվում և իր կենցաղային  աղբը թափել է ավելի հեռու, ճանապարհին գտնվող աղբարկղում:

Քաղաքացին մեջբերում է նաև վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքի հաջորդ կետերը, որոնք վերաբերում են պաշաճ աղբահանութուն կատարելուն և կառույցի պատասխանատվությանը:

Արմավիր բարեկարգում տնօրինության տնօրեն Լևոն Գրիգորյանը նշեց աղբահանության համար գործում է 3 աղբատար մեքենա, 3 տրակտոր, 1 Զիլ մակնիշի բեռնատար և 1 բարձիչ մեքենա, որն այնքան էլ բավարար չէ քաղաքի աղբահանության համար: Առանձնատներից աղբահանությունն իրականացվում է 7-10 օրվա ընթացքում , հսկիչի ուղեկցությամբ՝ գանձումներ կատարելով:

Մինչդեռ  Ազատ կարապետյանը հակառակն է պնդում է, որ աղբահանություն ավելի ուշ է կատարվում: Ազատ կարապետյանը աղբի տուգանքը որոշել է վիճարկել դատարանում:

Արմավիր քաղաքի 10 աղբավայրում տեղադրված տեսախցիկների առկայությունից քաղաքացիներն ավելի զգուշավոր են դարձել, թեպետ տեղյակ չեն տեսահսկման հետևանքների մասին: Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը տեղեկացրեց, որ ևս 14 տեսահսկող սարքավորում կտեղադրվի հաջորդ տարում:

«Մենք այս ծախսերին ավագանու հետ գնացել ենք,  ոչ թե քաղաքացիներին վնաս հասցնելու համար, այլ մեր քաղաքացիներին սովորեցնելու, որ աղբը աղբամանի մեջ թափեն»:

Արմավիրի կենտրոնական փողոցներում օրվա ցերեկային ժամերին տարբեր վայրերում տեղադրված աղբարկղերը կիսադատարկ էին, շրջակայքը՝ մաքուր: Սակայն լուծված չէ քաղաքի փողոցներում աղբամանների տեղադրման հարցը: Քաղաքացիները ձեռքի աղբը նետում են փողոց,  առվի մեջ կամ ծառերի տակ, իսկ ավելի քաղաքավարիները՝ պահում մինչև աղբարկղ տեսնելը:

Կարդացեք նաև

Back to top button