

Մինչ Երևան քաղաքում շատանում են երթևեկությունը կարգավորող նշաններն ու խախտումները նկարահանող տեսախցիկները, որոշ խաչմերուկներում երթևեկության կանոնները ոչ միայն ոտնահարվում են ամեն րոպե, այլև անգամ տվյալ հատվածում տեսախցիկ տեղադրելու քաղաքացիների խնդրանքն է անտեսվում:
Տարիներ շարունակ Երեւանի կենտրոնում՝ Իսահակյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկը, կարծես, անուշադրության է մատնված պատկան մարմինների կողմից: Անգամ ՃՈ տեսուչներն այդ հատվածով շատ արագ են անցնում, որ չնկատեն խախտումները: Եթե այդ հատվածում նշմարվում է կարգը պահպանող ՃՈ տեսուչ, ուրեմն ընդամենը հերթական վթարն է տեղի ունեցել:
Իսկ թե որն է այդ վթարների հիմնական պատճառը, ՃՈ տեսուչները կամ իսկապես չեն տեսնում, կամ էլ պարզապես չեն ցանկանում ավելորդ գլխացավանքի տակ ընկնել:
Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը քաղաքացիների ահազանգի հիման վրա հոկտեմբերի 31-ին դիմել է ՃՈ պետ Էգոր Կարապետյանին: Ավագանու անդամը ՃՈ ուշադրությունն է հրավիրել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հարևանությամբ գտնվող Իսահակյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկի վրա, որտեղ, չնայած երթևեկության բոլոր նշանների առկայությանը, դրանք կոպտորեն ոտնահարվում են:

Արգելված հատվածներում կայանված մեքենաների ու դրա հետևանքով տեսադաշտի բացակայության պատճառով վթարային իրավիճակ է ստեղծվում: Անգամ կանգառն է զբաղեցված մեքենաներով, ինչն արգելում է հասարակական տրանսպորտի մուտքը: Ի դեպ՝ երթևեկության կանոնները կոպտորեն ոտնահարվում են ոչ ավելի, ոչ պակաս հենց ոստիկանության մեքենաների կողմից:

Անահիտ Բախշյանը ՃՈ պետին խնդրել է լուծում գտնել՝ այդ իրավիճակից դուրս գալու համար։ Անհրաժեշտության դեպքում՝ կարգ ու կանոն հաստատելու նպատակով առաջարկել է տեսախցիկ տեղադրել այդ հատվածում: Կից ներկայացրել է նաև մտահոգությունը փաստող լուսանկարներ:

Հենց նույն խաչմերուկի վերաբերյալ բազմաթիվ ահազանգեր է ստացել նաև «Ռադիոլուրը»: Փաստն արձանագրելու նպատակով մենք էլ ուղևորվեցինք քաղաքի այդ հատվածը: Եվ իսկապես՝ կայանումն արգելող նշաններից և ոչ մեկը չէր պահպանվում: Մեքենաները շարքով կայանած էին ինչպես ստորգետնյա անցուղում, այնպես էլ դրա վրա՝ մայթեզրին: Ավելին՝ խաչմերուկում մեքենաների վարորդները չէին սահմանափակվել մեկ շարքով, տեղ տեղ նկատելի էին անգամ 2 և նույնիսկ 3 շարքով կայանած մեքենաներ:

Ու սա այն դեպքում, երբ անգամ կայանած մեկ մեքենան է փակում տեսադաշտն ու վթարային իրավիճակ ստեղծում:

«Ռադիոլուրը» տեսածի մասին ահազանգեց ՃՈ թեժ գծին: Մեկ ժամ անց սակայն նույն իրավիճակն էր և ոչ մի ՃՈ մեքենա:
Մեր հաջորդ ահազանգին ՃՈ օպերատորը պատասխանեց, որ կարգախումբն արդեն մեկնել է, և շուտով կարգ ու կանոն կհաստատվի: Իհարկե, այդպես էլ նշված հատվածում հաջորդող ևս 2 ժամերի ընթացքում ոչ ՃՈ մեքենա, ոչ էլ տեսուչ չհայտնվեց:
Ավելի ուշ «Ռադիոլուրը» հենց ՃՈ պետ Եգոր Կարապետյանից հետաքրքրվեց, թե ինչով է պայմանավորված նման անտարբերությունը նշված խաչմերուկի հանդեպ:
Ժամկետների մասին, իհարկե, ՃՈ պետն այդպես էլ չխոսեց, հայտնեց, որ միայն տվյալ հատվածից օրական 2-3 մեքենա տեղափոխվում է հատուկ պահպանվող տարածք:




