Մշակույթ

Ովքեր են ներկայիս «Մեծապատիվ մուրացկանները». Պարոնյանի գլուխգործոցը՝ նոր մեկնաբանմամբ


Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկանները» նորովի, ինտերակտիվ ու անսպասելի մեկնաբանությամբ. բեմադրության առաջնախաղերը տեղի կունենան  նոյեմբերի 28-29-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:

Պրեմիերայից առաջ ստեղծագործական խումբն ու բեմադրության հովանավորներն են այսօր հանդիպել լրագրողների հետ:

 

Մայր թատրոնի նոր շնչառության մեկնարկը  տրվում է Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններով»: Թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանի խոսքով, Պարոնյանի անմահ ստեղծագործության միջոցով փորձել են խոսել ու արտահայտել իրենց դիրքորոշումը աշխարհում գոյություն ունեցող հավերժական երևույթների մասին, բարձրացնել հարցեր,  միաժամանակ՝ օդում թողնելով բազմաթիվ հարցեր, այն պարզ պատճառով, որ իրենք էլ չունեն դրանց պատասխանները:

Բեմադրության մեջ, ըստ Էլբակյանի, ընդգրկված է հզոր դերասանական խումբ: Ստեղծագործության գլխավոր՝ քաղաքացի կնոջ հետ ամուսնանալու և գործը «լայնացնելու» նպատակով Տրապիզոնից Պոլիս ժամանած մեծահարուստ գավառացի Աբիսողոմ աղայի կերպարը մարմնավորում է դերասան Ալբերտ Սաֆարյանը:

«Ստեղծագործության մեջ մեծապատիվ մուրացկանների դերում, ինչպես գիտեք, տարբեր կերպարներ են հայտնվում, և անգամ կարևոր չէ, թե նրանցից ով, ինչ է մուրում՝ փող, դիրք, պաշտոն, թե՝ փառք, ինչպես իմ կերպարը:  Ես կարծում եմ, որ ամենաողբերգականը հենց փառք մուրացող կերպարն է: 36 40 Ամենակարևոր շեշտը, որ փորձել եմ դնել այդ կերպարի վրա հետևյալն է. Աբիսողոմ աղան, որը փառքի խաբկանքին կուլ գնալով, կարծես հասնում է ամեն ինչի, սակայն ի վերջո հասկանում է, որ ինքը չի կարող լինել այնտեղ ու փախչում է այդ ամենից: Մի բան, որն իրական կյանքում գրեթե չի պատահում»:

Չեք տխրում, որ պարոնյանական մտահոգությունները մեր օրերում  ևս շարունակում են արդիական մնալ: «Ռադիոլուրի» հարցին Արմեն Էլբակյանն արձագանքում է.

«Աշխարհում, որում ապրում ենք, մեզ տրված բարոյական չափանիշներն անփոփոխ են: Եվ քանի դեռ դրանք կան ու աշխարհն այսպիսին է, մեծապատիվ մուրացկանները միշտ լինելու են  արդիական»:

Ներկայացման գլխավոր հովանավորը «Ջինիշյան հիշատակի հիմնադրամն» է: Մայր թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանն այսօր հայտարարեց նոր  ծրագրի մասին:

«Մենք հայտարարել էինք, որ Մայր թատրոնը պետք է հանդես գա նոր նախաձեռնություններով: Հիմնական ուղղություններից մեկը լինելու է հետևյալը՝ ստեղծել հարթակներ թատերական նորարարությունների համար: Մենք ունենք նկարչի արվեստանոց, որը շատ անմխիթար վիճակում է: Այն կհիմնանորոգենք՝ վերածելով արվեստի մի տարածքի, որտեղ և՛ կամերային ներկայացումներ կբեմադրենք, և՛ մեր  նկարչին հնարավորություն կտանք ստեղծագործելու գերժամանակակից միջավայրում»:

«Մեծապատիվ մուրացկանների» առանցքայի կերպարներից մեկին մարմնավորող դերասան Հարություն Մովսիսյանն իր խոսքն այսօր ավարտեց հանդիսատեսին ուղղված շնորհավորական խոսքով.

«Կարող եք համարել, որ այսօրվանից արդեն  ունեք այն Մայր թատրոնը, որի մասին երազանքը փայփայել եք տարիներ շարունակ»,-ասաց Մովսիսյանը:

Կարդացեք նաև

Back to top button