

Նախագահ Սերժ Սարգսյանն Դիլիջանում մասնակցել է ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի պաշտոնական բացման կապակցությամբ կրթահամալիրում տեղի ունեցած միջոցառմանը, Վարժարանի բացման արարողությունը նվիրվել է Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան հոբելյանին. նոյեմբերի 25-ին լրանում է նրա ծննդյան 60-րդ տարեդարձը:
15 ամյա Ալեքսան Առաքելյանի համար զինվորական լինելը եղել է մանկության երազանք։ Դեռ փոքր հասակից հաճախել է զինվորական դասընթացների ու վարժանքների:
Հետևաբար՝ ծնողների համար անակնկալ չի եղել տղայի որոշումը։ Ալեքսանը «Ռադիոլուր»-ին պատմում է, որ արցախյան գոյամարտի մասին կարդալիս միշտ ցանկացել է նմանվել Մոնթե Մելքոնյանին ու դա էլ նպաստել է, որ որոշի՝ ուսումը շարունակել հերոսի անունը կրող ռազմաուսումնական վարժարանում:

Ալեքսանն ու Հարությունը վարժարանի 80 կուրսանտների հետ միասին խոստում տվեցին կրթօջախի տարածքում բացված հերոսի արձանի մոտ:

«Այսօր արդեն տպավորություն է ստեղծվում, որ Մոնթեն դառնում է մեր ժողովրդի ազատատենչ երևակայությունից ծնված առասպելական հերոս»: Այս խոսքերն արդեն ամբիոնից մոնթեականներին ուղղեց Գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն ու մարտական ընկերոջ ուղուց մի փոքր հատված հիշեցրեց բոլորին:
Մոնթեն Ճապոնիայում, Կալիֆոռնիայում բարձրակարգ կրթություն ստացած և Օքսֆորդի համալսարան ընդունված, 6-7 լեզուների տիրապետող երիտասարդը, հրաժարվեց հանգիստ ու ապահով ապագայից՝ իր ողջ գիտակցական կյանքը նվիրելով հայ ժողովրդի շահերի և անվտանգության պաշտպանությանը:

Արդեն Գերագույն գլխավոր հրամանատարին խոստում է տալիս պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ հավաստիացնելով, որ վարժարանի ուսանողները անելու են ամեն ինչ- որ կրթօջախը լավագույն ավագ դպրոցի համբավ ձեռք բերի:

Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանն էլ ավելի քան համոզված է, որ այս վարժարանի սաները լինելու հենց այն սպաները, ովքեր իրենց ռազմական գիտելիքները ծառայեցնելու են հայկական բանակի կայացման գործին:

Մոնթեականների անգամ մարտական հնարքներն են կոչվում «Ճանապարհ դեպի բարձունք»։ Ու նրանք հատուկ նշանակության ջոկատի մարտիկների հետ միասին ցուցադրեցին այդ հնարքները, որը տանում է դեպի բարձունք։




