

Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպար գյուղում խոցելի ընտանիքներին օգնության ձեռք է մեկնել Կարմիր խաչի միջազգային կոմիտեն: 25 ընտանիք արդեն ունի եկամտի իր աղբյուրը:
Գյուղում հիմնվել է սալիկների արտադրամաս՝ 2 աշխատողով, հող չմշակող գյուղացիներին տրվել է խոզ, թռչուն, բացվել է գյուղի 4-րդ խանութը: Այգեպարում հիմնականում բազմաբնակարան շենքեր են:
Տավուշի մարզի Այգեպար սահամանամերձ գյուղում կարմիր խաչի ավտոմեքենաների առկայությունն ու կարմիր խաչով սպիտակ համազգեստավորների ներկայությունն անսովոր չէ տեղացիների համար: Նրանց հաճախ կարելի է հանդիպել սահմանամերձ համայնքներում: Եթե գալիս են, ապա նպատակը բարի է, ասում են այգեպարցիները: Այգեպարը նախկինում բանավան է եղել հիմնված գոծարանների վրա, որոնք ապահովել են հիմնական աշխատատեղերը: Պատերազմի ժամանակ գործարանները փակվեցին, բնակիչները մնացին անգործ:

Համայնքը չունի սեփական հողատարածք, այգեպարցիները մշակում են հարևան գյուղերի Ներքին Կարմիր Աղբյուրի ու Մովսեսի հողերը: Պայմանավորվում են հողատիրոջ հետ, հողը մշակում անվճար, կամ էլ բերքահավաքին՝լ վարձահատույց լինում: Բայց հողագործությամբ քչերն են զբաղվում:

Գառնիկ Ապերյանը 14 տարի ծառայել է բանակում, ապա հիվանդության պատճառով դուրս եկել ծառայությունից: Ասում է՝ զինվորականը նախկին չի լինում, եթե ապրում ես սահմանին, ապա մշտապես զինվորագրված ես պահելու տունն ու հայրենիքը: Հիվանդությունը ձեռք է բերել 1992-ի գերության ժամանակ, խոշտանգման հետևանքով մի թոքը վնասված է: Գյուղից հեռանալու մտադրություն չունի, ապրելու միջոցները վաստակում է կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցության ծրագրով ձեռք բերած խոզեր ու հավեր պահելով:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն միայն Գառնիկին չի օգնել: Սահմանամերձ համայնքը ունի հարկային արտոնություն: Գյուղի բազմաբնակարան շենքերից մեկի բակում Հայրապետ Գիրգորյանի փոքր խանութն է, գյուղում՝ թվով 4-րդը

Արտագնա աշխատանքից հրաժարվելով Արամայիս Մարդանյանը խարմիր խաչի օգնությամբ հիմնել է սալիկների փոքր արտադրամաս, որտեղ իր հետ միասին օրվա հացը վաստակում է ևս մեկ այգեպարցի:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակն Արամայիս Մարդանյանին օգնել է ձեռք բերել սալիկների արտադրության համար անհրաժեշտ սարքավորումները: Պատվերի պակաս դեռ չկա, որտեղ շինարարական աշխատանքներ են կատարվում, այնտեղից էլ բակերը սալապատելու պատվեր է ստանում:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի պաշտպանական և տնտեսական ապահովության բաժնի աշխատակից Արմեն Քարամյանը, տեղեկացրեց, որ հիմնականում աջակցում են խոցելի ընտանիքներին, ովքեր դժվարանում են ապրուստ ստեղծել:
Այլընտրանքային եկամտի աղբյուրները որոշակիորեն մեղմում են սահմանում ապրողների հոգսերը:




