Հասարակություն

Սումգայիթի կոտորածների 30- րդ տարելիցը. Սումգայիթը մեր անցյալը չէ դեռ

Հաջորդ տարի լրանում է Սումգայիթի կոտորածների 30-րդ տարելիցը: Եվ այսքան տարվա անպատժելիությունը գումարվում են արդեն հայատյաց գործողությունները՝ այսօր նշել է «Ընդդեմ իրավական կամայականությունների» հկ նախագահ Լարիսա Ալավերդյանը:  Քաղաքագետները, միջազգային իրավունքի և հարաբերությունների մասնագետները պետք է օգտագործեն այս տարիներին կուտակված գործերը և պատժելիության սկզբունքը պետք է գործի՝ կարծում է նա։ Իսկ  «Սովորական ցեղասպանություն» նախագծի հեղինակ Մարինա Գրիգորյանը նախատեսում է վավերագրական նոր ֆիլմ ներկայացնել կոտորածների 30-րդ տարելիցին՝ ներկայացնելով նոր բացառիկ նյութեր:


լուսանկարները՝ http։ karabakhrecords.info- ից

1988 թվականի փետրվարին Սումգայիթի հայության նկատմամբ տեղի ունեցած դաժան կոտորածները ցույց տվեցին, որ 1915 թվականի քաղաքականությունը  շարունակվում է՝  ասում է «Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպության նախագահ Լարիսա  Ալավերդյանն ու նորից վերհիշում դահիճների դաժանությունները, որոնք  2016 թվականի ապրիլին նույնպես ականջ ու գլուխ էին կտրում։

«Սովորական ցեղասպանություն» նախագիծը սկսվել է 2010 թվականից։ Անցած 7 տարիների ընթացքում հավաքվել է մեծ արխիվ՝  բացառիկ տեսանյութեր, դատական լսումների,   հետաքննությունների նյութեր, նոր լուսանկարներ, որոնք  ապացուցում են  հայերի նկատմամբ Ադրբեջանի ղեկավարության և հատուկ ծառայությունների կողմից  ձեռնարկված  հանցագործությունը:

Նախագծի հեղինակ Մարինա  Գրիգորյանը նշում է, որ  Սումգայիթի 30-րդ տարելիցին  պատրաստում են նոր ֆիլմ, որտեղ կներկայացնեն վկայություններ  մեղադրյալի կարգավիճակով հանդես եկած սումգայիթցի հայ Էդուարդ Գրիգորյանի վերաբերյալ։ Ադրբեջանցիներն այս 30 տարիների ընթացքում փորձում են նրան ներկայացնել  ջարդերի հիմնական կազմակերպիչն ու իրականացնողը՝ դրանով ամբողջ մեղքը  բարդելով հայերի վրա: Վեց մեղադրյալներից  միայն մեկն է հայ, մյուս 5-ը ադրբեջանցի են:

Սումգայիթի դաժան ոճրագործության վերաբերյալ  մոտ 10 քրեական գործ է հարուցվել : 10-ից միայն մեկի գործն է քննվել Մոսկվայում՝ ԽՍՀՄ  Գերագույն դատարանում։ Մյուս գործերը քննվել են Ադրբեջանում: Սումգայիթի հանցագործությանը մասնակցել է մոտ 1000 մարդ, սակայն միայն մոտ 80 են  ենթարկվել պատասխանատվության:

Մարինա Գրիգորյանը տեղեկություններ ունի, որ բոլորն էլ մոտ երեք ամիս անց  ազատ են արձակվել: Մեկ  հոգի է մահապատժի դատապարտվել, այն էլ՝ ԽՍՀՄ Գերագույն դատարանի կողմից։ Նրա ճակատագրի վերաբերյալ  տեղեկություններ չկան։

 

Սումգայիթը մեր անցյալը չէ, մեր ներկան է: Եվ կլինի մեր ներկան այնքան ժամանակ քանի դեռ Ադրբեջանն իրականացնում է հայատյաց քաղաքականություն՝ խոսքը եզրափակեց «Սովորական ցեղասպանություն» նախագծի հեղինակը:

 

Կարդացեք նաև

Back to top button