
Վարչապետին կից գործող տարաբնույթ խորհուրդների տված խորհուրդները չեն հետաքրքրում վարչապետ Կարեն Կարապետյանին: Հնարավոր է՝ դրանց մի մասը մոտ ապագայում վերանան: Այդ մտադրությունները չի թաքցրել հենց ինքը՝ Կարեն Կարապետյանը, թեեւ հստակեցրել է, որեւէ խորհուրդի չի արգելվել աշխատել եւ նիստ գումարել:

Վարչապետին կից գործող տարաբնույթ խորհուրդների թիվն այսօր գերազանցում է 20-ը: Աղմկահարույց <<Ընտանեկան բռնության կանխարգելման մասին>> օրենքը ենթադրում է եւս մեկ նոր խորհուրդի ստեղծում: Որոշ դեպքերում մտավախություն կա, որ սա շահերի բախում կարող է առաջացնել, մյուս դեպքում էլ՝ արդեն ունեցած փորձը փաստում է՝ խնդիրների լուծումն անհետ կորում է այդ խորհուրդներում:
Վարչապետին կից ամենահին խորհուրդը ստեղծվել է 2000 թվականին Համաշխարհային բանկի աջակցությամբ։ Գործարարության աջակցման խորհուրդն էր: Վերջին 5-6 տարիների ընթացքում վարչապետին կից խորհուրդներից որեւէ մեկը նիստեր չի գումարել՝ հետեւել եւ հաշվարկել է պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:
Ըստ էության՝ չունենք արդյունաբերություն, բայց ունենք վարչապետին կից Արդյունաբերության խորհուրդ, ըստ էության երկրում առկա է սոցիալ-տնտեսական ճգնաժամ, բայց դրան չի արձագանքում ոչ տնտեսական ոլորտը կարգավորող Իրավական ակտերի բարեփոխումների խորհուրդը, ոչ Հայաստանի սոցիալական ներդրումների խորհուրդը, ոչ էլ՝ Կայուն զարգացման ազգային խորհուրդը:
Վարչապետին ներկայացվեց հայկական առաջին պլանշետը (ֆոտոշարք)
Վերջին օրերին փոքր եւ միջին ձեռներեցները բողոքում են հարկային ինքնիրավչությունից, բայց որեւէ արձագանք չեն ստանում Գործարարության աջակցման եւ ՀՀ փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացման խորհուրդներից: Արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը դեռեւս մեկ ամիս առաջ խիստ կարեւորում էր վարչապետին կից խորհուրդների աշխատանքն ու վստահեցնում, որ անձամբ ինքը մասնակցել է որոշների աշխատանքներին:
Իսկ իրականում տարաբնույթ խորհուրդների աշխատանքը հատկապես անուշադրության մատնվեց վարչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնավարման առաջին իսկ օրվանից: Վարչապետն արդեն չի թաքցնում՝ խորհուրդներից շատերը թիրախավորվել են: Ըստ էության՝ վարչապետին չի հետաքրքրում այդ խորհուրդների տված խորհուրդները, թեեւ ուղիղ արգելք նրանց աշխատանքին չի եղել:
Հետաքրքիրն այն է, որ որոշ խորհուրդներ բացառապես կազմված են պետական մարմինների ներկայացուցիչներից, ինչպես օրինակ` Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի եւ Քաղաքական կայուն զարգացման ներդրումային ծրագրերի կառավարման խորհուրդը , կամ` Եկամուտների վարչարարության նոր մշակույթի ներդրման բարձրագույն խորհուրդը, կամ` Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը:
Բազմաթիվ խորհուրդներում էլ պետության ներկայացուցիչները գերազանցում են մասնավոր հատվածի ներկայացուցիչներին, իսկ այդ դեպքում պետական մարմինները հնարավորություն են ստանում քաղաքականություն թելադրել եւ, ըստ էության, կորում է ինչ որ մեկին կից խորհուրդ ստեղծելու իրական իմաստը:




