

Հայաստանի 10 մարզկենտրոնների 40 դպրոցներում իրականացվել է ուսումնասիրություն՝ դպրոցների ֆինանսական գործունեության վերաբերյալ, դպրոց-ծնող համագործակցությունը և ներառական կրթության արդյունավետությունը բարելավելու նպատակով:
Բավականին խնդիրներ են բացահայտվել, որոնք մտահոգության լուրջ տեղիք են տվել ոլորտի մասնագետներին:
Հաշվի առնելով դպրոցների գործունեության նկատմամբ հասարակական հետաքրքրությունն ու ֆինանսական գործունեության ոչ այնքան հասանելի լինելը՝ ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը նախաձեռնեց հետազոտություն՝ պարզելու համար, թե որոնք են եկամտի հիմնական աղբյուրները, ինչպես են դրանք կառավարվում և որքանով է դպրոցի ֆինանսատնտեսական գործունեությունը հրապարակային և հաշվետվողական:
Եկամուտների և ծախսերի առումով մոնիտորինգը ցույց է տվել, որ թեև դպրոցներին տրվել է լրացուցիչ եկամուտներ ստանալու հնարավորություն, դպրոցները գրեթե չեն օգտվում դրանցից: Տնօրենները խուսափում են լրացուցիչ եկամուտներից, քանի որ ֆինանսավորման կարգը մարզպետերին հնարավորություն է ընձեռում միջոցների վերաբաշխում կատարել:
Բացի այդ՝ լրացուցիչ եկամուտներ ստանալու համար դպրոցները պետք է բացեն արտաբյուջետային հաշիվ, ինչի արդյունքում դպրոցը հայտնվում հարկային մարմինների հատուկ ուշադրության կենտրոնում: Սա է պատճառը, որ դպրոցներն օգտվում են բացառապես պետբյուջեից, նկատում է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը:

Թե ինչու են դպրոցները խուսափում արտաբյուջետային հաշիվ ունենալուց «Ռադիոլուրը» հետաքրքրվեց հենց իրենցից: Հիմնականում տնօրենները խուսափում են ներկայացնել իրենց ֆինանսական աղբյուրենրն ու դրանց բաշխումը: Ով էլ չի խուսափում, նշում է, որ իրենք իրականում օգտվում են լրացուցիչ եկամուտներ ստանալու հնարավորությունից:
Գյումրու համար 10 հիմնական դպրոցի տնօրեն Լիանա Վարդանյանն, օրինակ, դեմ չէր լինի, որ իրենց դպրոցն ավելի մեծ ֆինանսավորում ունենար, թեև եղածով էլ բավարարվում են: Միակ խնդիրը թերևս ջեռուցումն է, որը բավականին լուրջ ֆինանսական ռեսուրսներ է պահանջում:
Լրացուցիչ եկամուտ ունի նաև Կոտայքի մարզի համար 1 ավագ դպրոցը: Դպրոցի տնօրեն Հասմիկ Հայրապետյանը ևս այն համոզման է, որ ֆինանսները միշտ էլ քիչ են, բայց լրացուցիչ ֆինանսավորման շնորհիվ նույնիսկ որոշակի տնտեսումներ ունեն:
Ի դեպ՝ հետազոտությունը ցույց է տվել, որ ուսումնասիրված դպրոցների բյուջեի միջին հաշվով 96 տոկոսից ավելին հատկացվում է աշխատավարձերին, հարկերին, ջեռուցմանը և կոմունալ վճարներին: Դպրոցի զարգացման համար գումարներ գրեթե չեն մնում : Ուսուցման անբաժանելի մաս դարձած արտաժամյա պարապմունքների հաճախում է աշակերտների 1/5-ը։
Նման բարձր ցուցանիշը պայմանավորված է առաջին հերթին դպրոցի տված գիտելիքի անբավարար մակարդակով: Իսկ ոչ ֆորմալ ծախսերը՝ մանկավարժական կամ դպրոցի աշխատակազմի նվերները, ծնողների ճնշող մեծամասնության կողմից չեն ընկալվում որպես կոռուպցիոն երևույթ: Նվերների գերակշիռ մասն իրականացվում է կոլեկտիվ կերպով, ինչը, ըստ Սերոբ Խաչատրյանի, հիմնականում պայմանավորված է տասնամյակներով ձևավորված ավանդույթով:




