
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը երեկ ստացել է պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը և երկրորդ ընթերցմամբ կքննարկվի նոյեմբերի 14-ին մեկնարկող քառօրյայի ժամանակ: Նիստը, որում կայացվել է այս որոշումը, հրավիրվել է երեկ ուշ երեկոյան, ժամը 21-ին: Իրադարձությունները խորհրդարանում անսպասելի ընթացք են արձանագրել։ Նախապես ժամը 18-ին հրավիրված նիստը չի կայացել քվորումի բացակայության պատճառով, երեք ժամ անց, այնուամենայնիվ, այն հրավիրվել է:
Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը երեկ իր պրակտիկայում մինչ այժմ չգրանցած դեպք արձանագրեց. արտահերթ նիստ հրավիրեց երեկոյան ժամը 9-ին: Նիստն ուշադրության կենտրոնում էր հատկապես օրակարգային հարցերից մեկի՝ տարկետման իրավունքը սահմանափակող օրինագծի պատճառով: Չնայած օրենքի դեմ ուսանողների բողոքի ակցիաներին ՝ կառավարությունը, այնուամենայնիվ, որոշել է նախագիծը քննարկման ներկայացնել երկրորդ ընթերցմամբ:

Պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը երեկ հանձնաժողովի երեկոյան նիստի ժամանակ ասաց, որ կառավարությունն ուզում է օրենքն ընդունվի որքան հնարավոր է շուտ: «Մենք ցանկանում ենք, որ օրենքն ուժի մեջ մտնի որքան հնարավոր է շուտ, որովհետև ինչպես պաշտպանական քաղաքականության, այնպես էլ զինծառայության ոլորտներում շատ խնդիրներ կան, որոնք ցանկանում ենք նորովի կարգավորել: Մշակումների փուլում են տարբեր ենթաօրենսդրական ակտեր, որոնցով փորձելու ենք նորովի կարգավորել տարիներով կուտակված խնդիրները»: Առաջինից երկրորդ ընթերցում նախագիծը էականորեն չի փոխվել։ Արտակ Զաքարյանի փոխանցմամբ՝ եղել են խմբագրական շտկումներ:

Իսկ տարկետման իրավունքի սահմանափակման դեմ արդեն մոտ 1 շաբաթ բողոքող ուսանողների առաջարկների մասին որևէ բան պաշտպանության փոխնախարարը չասաց:Նրանք, ի դեպ երեկ հավաքվել էին խորհրդարանի շենքի մոտ, բայց ժամը 18-ին, քանի որ նիստը նախապես հրավիրված էր այդ ժամին: Քվորում չլինելու պատճառով հայտարարված ժամին նիստը չկայացավ ու ակնկալվում էր, որ այն կհրավիրվի արդեն երկուշաբթի: Ուսանողներն իրենց առաջարկները փոխանցեցին՝ կարծելով, որ երկուշաբթի հրավիրվելիք նիստին դրանք քննարկելու հնարավորություն կունենան: Առաջարկները փոխանցելով, ուսանողական շարժումը առաջնորդող տղաներն ասում էին, թե ինչ ակնկալիք ունենք խորհրդարանից:

Գրավոր ներկայացված փաստաթղթում ուսանողները 4 առաջարկ էին ձևակերպել: Առաջինը նշել էին, որ կարծում են, թե լուրջ հետազոտությունների հիման վրա պետք է տրամադրվեն սահմանափակ քանակությամբ տարկետման տեղեր։ Առաջարկել էին նաև հետաձգել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի ընդունումը և այն քննարկել «Բարձրագույն կրթության մասին» օրենքի հետ միասին:

Ի դեպ, երեկոյան նիստի սկզբում քննարկվեց նաև ուսանողների մասնակցության հարցը: Նիստը նախագահող Ալիկ Սարգսյանը կարծում էր, որ ուսանողների մասնակցության հնարավորություն ԱԺ կանոնակարգը չի տալիս, «Ելք»-ից Արտակ Զեյնալյանն օրինակներ էր հիշում, երբ նիստերին, բացի օրենքով սահմանված անձանցից, այլ քաղաքացիներ ևս մասնակցել են:
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագիծը կքննարկվի նոյեմբերի 14-ին մեկնարկող քառօրյայի ժամանակ:




