Հասարակություն

Եղեգիսում գումար են առաջարկել թեկնածուներից մեկի օգտին քվեարկելու համար

Նոյեմբերի 7-ին Վայոց ձորի մարզի Շատին գյուղի բնակիչներ Հ.Գ.-ն և Տ.Ս.-ն ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության  Եղեգնաձորի  բաժնում հաղորդումներ են տվել այն մասին, որ  հոկտեմբեր և  նոյեմբեր ամիսների ընթացքում նույն գյուղի բնակիչ Ռ.Մ.-ն իրենց գումար է  առաջարկել 2017 թվականի  նոյեմբերի 5-ին  կայանալիք Եղեգիս խոշորացված համայնքի ղեկավարի ընտրությունների ժամանակ թեկնածու Մ.Ս.-ի օգտին քվեարկելու համար:

Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ հաղորդումների առթիվ ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության Եղեգնաձորի բաժնում նախապատրաստվել են նյութեր, որի ընթացքում ձեռք բերված  տվյալներն առերևույթ վկայում են Ռ.Մ.-ի կողմից նշված երկու անձանց  ընտրակաշառք առաջարկելու մասին:

Նկատի ունենալով, որ նշված տվյալները ենթակա են լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննության՝ դեպքի առթիվ 2017 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ Վայոց ձորի մարզի դատախազությունում ՀՀ քրեական  օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ  մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Գլխավոր դատախազության կողմից քրեական գործը պահանջվել է՝ ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկելու համար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական  դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հիշեցնենք, որ Եղեգիսում առաջադրված էր չորս թեկնածու՝ Արմեն Սետրակյան, Մամիկոն Սմբատյան, Տիգրան Խուդոյան, Արթուր Ստեփանյան: ԿԸՀ հրապարակած տվյալների համաձայն, վերջինս 1 952 ձայնով ընտրվել է համայնքապետ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Շատին համայնքի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում:

Կարդացեք նաև

Back to top button