

Երեք տարի առաջ ապագա մայրերը՝ հղի կանայք, դուրս էին եկել Երեւանի փողոցներ պայքարելու կառավարության որոշումների դեմ:
Հիշեցնենք, այն ժամանակ գործադիրը փորձում էր մայրության նպաստ տրամադրել չաշխատող կանանց՝ աշխատող մայրերին հասանելիք գումարներից կրճատումների հաշվին:
Այն ժամանակվա բողոքի ալիքը արդյունավետ էր պայքարողների համար: Սակայն դա չհիասթափեցրեց կառավարությանը, որը նոր ծրագրեր է մշակել կրկին երիտասարդ կանանց համար:
Կառավարությունը պատրաստվում է նոր ծրագրեր իրականացնել աշխատող մայրերի համար: Միանգամից երեք պիլոտային ծրագիր է գործածվելու 2018 թվականից: Առանձնապես մանրամասներ ծրագրերից հանրությանը դեռ հայտնի չէ, բայց դժգոհողներ դեռեւս չկան: Հատկապես ուշադրության է արժանացել ծրագրերից մեկը, համաձայն որի հնարավորություն է տրվելու պետական միջոցների հաշվին դայակ վարձել:

Այս հնարավորությունից, բնական է, որ ոչ բոլորը կկարողանան օգտվել: Այս պահին դեռ հստակ չի նշվում դայակի տրամադրման պայմաններն ու նրա ծառայությունների դիմաց վճարի չափը, բայց չափորոշիչներից կարեւորագույնը ներկայացնում է աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Արայիկ Պետրոսյանը:
Մինչեւ երեխայի երկու տարին լրանալը՝ աշխատանքի վերադարձող մորը պետության հաշվին դայակ վարձելու հնարավորությունը պետբյուջեից լրացուցիչ գումար չի պահանջի, կարծում է աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարարը: Համենայնդեպս՝ ուսումնասիրված միջազգային փորձը դեռեւս մտահոգությունների առիթ չի տվել:
Այս ծրագիրը 2018-ին միայն կփորձարկվի, բայց եթե անհաջող լինի՝ չի կիրառվի: Այդպիսի փորձնական եւս երկու ծրագիր նույնպես գործարկման հերթին է սպասում:
Այս բոլոր ծրագրերով է նաեւ կառավարությունը փորձելու լուծել ժողովրդագրական խնդիրները: Իսկ այն, որ երիտասարդ ընտանիքներն այսօր Հայաստանում պետական աջակցության կարիքն ունեն՝ փաստում են նաեւ սովորական հարցումները:
Ի դեպ, թե վիճակագրական տվյալների եւ թե միջազգային տարբեր կազմակերպությունների ուսումնասիրությունները հաստատում են, որ հայաստանում հատկապես մեծ գործազրկությունը երիտասարդ կանանց շրջանում:




