

Կրթության ու գիտության ոլորտին 2018-ին ավելի քիչ գումար կհատկացվի, քան հատկացվել է 2017-ին: Նվազման միտումը մտահոգիչ են համարում ոչ միայն ընդդիմության, այլ նաև խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները:
Կառավարությունը մտահոգությունները փորձում է փարատել պնդումով, թե ֆինանսների կրճատումը կրթության որակի վրա չի ազդի:
Հիմնական գերակայությունը կրթության կայուն զարգացման ապահովումն է` որակի, արդյունավետության և մատչելիության բարձրացման միջոցով. սա մեջբերում է Բյուջե 2018-ի ուղերձից: Կառավարությունn այսպես է ձևակերպել իր մոտեցումը կրթությանը վերաբերող հատվածում ու մի քանի էջ էլ շարունակել ծրագրերի, բարեփոխումների երկար թվարկումը: Իսկ թվերով պատկերը շատ ավելի պարզ է՝ կրթության ոլորտը 2018-ին 0.6 մլրդով կամ 600 մլն դրամով պակաս ֆինանսավորում կունենա, քան ունեցել է 2017-ին:
Սա նշանակում է, որ 2018-ին ՀՆԱ-ում կրթության ծախսերի բաժինը այս տարվա ցուցանիշից ավելի պակաս կլինի և 2, 4-ից կդառնա 2.2 տոկոս: Հանրապետության գլխավոր գանձապետը կարծում է, որ ծախսերի կրճատումը պետք է որ ազդեցություն չունենա կրթության որակի վրա:
«Այս հարաբերական փոփոխությունը կամ կրթության ոլորտի ծախսերի 0.6 մլրդ-ով կրճատումը պետք է որ ազդեցություն չունենա կրթության որակական ցուցանիշների վրա, քանի որ փոփոխություննրը միտված են ծախսերի արդյունավետությունը բարձրացնելուն»:

Փորձագտները տարիներ շարունակ կրթության ոլորտի ֆինանսավորումը մտահոգիչ խնդիր են համարել՝ պարբերաբար հիշեցնելով, որ տրամադրվող գումարների ցուցանիշով Հայաստանը զիջում է տարածաշրջանի երկրներին: Պնդելով, որ խնդիրը ռազմավարական նշանակություն ունի և ամեն տարի այդ ցուցանիշը պետք է ավելանա՝ հասնելով ՀՆԱ-ի 3-ից 4 տոկոսին: Նվազման հարցը մտահոգում է ոչ միայն փորձագետներին, այլ նաև մեծամասնության ներկայացուցիչներին: Կարինե Աճեմյանին, օրինակ, հետաքրքում էր՝ հնարավոր չէր գոնե պահպանել եղածը:
«Տարիների ընթացքում եթե այդ գումարները չեն ավելացել, ապա գոնե չեն նվազել էլ: Հնարավոր չէր հաջորդ տարվա ընթացքում էլ պահպանել ֆինանսավորման նույն մակարդակը»:
Այն մոտեցումը, որ բյուջետային քաղաքականության միջոցով պետությունը դրսևորում է իր կամքն ու մոտեցումը կրթության և գիտության ոլորտների զարգացմանը, նախարարը չի հերքում: Լևոն Մկրտչյանն ասում է, որ իրենց նույնպես մտահոգում է ՀՆԱ-ի մեջ ոլորտի մասնաբաժնի նվազումը: Կարծում է, որ այն կարմիր գիծը, որից ներքև իջնել չի կարելի , ՀՆԱ-ի 2 տոկոսն է: Նախախարն ասում է՝ 600 մլն-ի նվազումից կրթական որևէ ծրագիր չի տուժի: Իսկ կրճատումն ապահովվելու է տեխնիկական լուծումներով: Մի օրինակ, թե ինչպիսի:
«Հանրակրթության ոլորտում, օրինակ, ունենք 4 պահակ, եթե մենք կրճատենք մեկ ու կես հաստիք, կստանանք երկու միլիարդի չափով գումար»։
Նախարարությունը որակական փոփոխությունների է ուզում գնալ բարձրագույն կրթության ոլորտւմ: Դրանց համար օրենսդրական փոփոխություններ են պատրաստվում: Ի դեպ դրանցից մեկով ամրագրվում է, որ բուհերի խորհուրդներում պաշտոնյաներ ներգրավվել չեն կարող:
Ի դեպ, Լևոն Մկրտչյանը համամիտ է տարկետման սահմանափակման որոշմանը: Գործող օրենքով , ասում է, ամեն տարի տարկետում տրվում է 500-ից 600 երիտասարդի, 3000 երիտասարդ էլ զորակոչվում է բանակ: Լևոն Մկրտչյանը համամիտ է Վիգեն Սարգսյանի հետ այն հարցում, որ առաջարկվող մոտեցումն ավելի արդարացի է, քան գործողը:




