

Հայաստանը 2018-ին դիվանագիտական գործընկերների ցանկը համալրել չի նախատեսում. նոր դեսպանատների բացում, միջազգային կառույցների նոր անդամակցություններ այս պահին չեն ենթադրվում:
Արտաքին քաղաքական գերատեսչությունը նախատեսում է շարունակել աշխատանքը այն հիմնական ուղղություններով, որոնցով շարժվել է 2017-ին:
Դրանց մասին այսօր խորհրդարանում հաջորդ տարվա բյուջեի նախագծի քննարկման ժամանակ խոսել է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
Պատգամավորներին նա ներկայացրել է այդ ուղղությունները, իսկ լրագրողների հետ զրույցում ստիպված եղել մանրամասնել Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող վերջին հայտարարություններն ու դեպասնների վերջին նշանակումները:
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների նոր հանդիպում առաջիկայում նախատեսված չէ, փոխարենը նոր հանդիպման մասին խոսել է Թուրքիայի նախագահը: Երեկ թուրքական լրատվամիջոցների հետ զրույցում Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ պատրաստվում է ՌԴ նախագահ Պուտինի հետ քննարկել Ղարաբաղյան հիմնահարցը:
Ռուսաստանի դիրքորոշումն այս հարցում շատ կարևոր է ՝ նշել է Էրդողանն ու առանց ավելորդությունների հավելել՝ եթե Պուտինն իսկապես կենտրոնանա այս գործի վերա, հիմնախնդրի լուծումը շատ կհեշտանա: Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն այս հայտարարությանն արձագանում է, այսպես ասենք, միայն հայտնի փաստերի տեսանկյունից:
«Նորություն չէ, որ Թուրքիան միշտ Ադրբեջանի մեջքին է կանգնած, ասում է նույնը, ինչ Ադրբեջանը: Այս տեսանկյունից մենք հստակ գիտենք Թուրքիայի դիրքորոշումը»:
Օրերս մի հայտարարություն էլ Սերժ Սարգսյանն էր արել, բայց արդեն ներքին քննարկումներից մեկի ժամանակ՝ նշելով, որ Ղարաբաղի խնդրի կարգավորումը ցավոտ լուծումներ ու փոխզիջումներ է ենթադրում: Լրագրողներն այսօր փոխարտգործնախարարից մանրմասներ էին ակնկալում: Քոչարյանը, սակայն, փակագծեր բացելու մասին հարցը տեղին չի համարում և կարծում է, որ որևէ նոր բան նախագահը չի ասել:
Ցանկացած նմանատիպ խնդրի դեպքում եթե գնում ես լուծման, ապա լինում են փոխադարձ քայլեր՝ փոխզիջումներ: Բայց ես հրաժարվում եմ խոսել որեւէ փոխզիջման մասին, որովհետեւ եթե մի կողմը ոչ թե խոսում է զիջումների մասին, այլ հակառակը՝ բարձրացնում է նշաձողը, ապա խոսել հայկական կողմի զիջումների մասին կոպիտ սխալ է, դա կլինի հենց զիջում, ոչ թե փոխզիջում: Այսօր դուք չեք կարող նշել Բաքվի կողմից որեւէ մի հայտարարություն, որ ինքը պատրաստ է ինչ-որ բան զիջել, այդ դեպքում ես համարում եմ մազոխիզմ՝ անընդհատ այդ հարցը տալ:
Շավարշ Քոչարյանն այսօր խորհրդարանում էր հաջորդ տարվա բյուջեի նախագծի քննարկման շրջանակներում: Նախարարությունը հաջորդ տարվա ընթացքում բյուջեից շուրջ 16 միլիարդ դրամ է ստանալու, համարյա այնքան, որքան նախորդ տարվա ընթացքում: Գործունեության ուղղությունները գրեթե նույնն են՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորում, Ցեղասպանության ճանաչում, երկկողմ ու բազմակողմ հարաբերություններ:
2018-ին որևէ նոր միջազգային կառույցի անդամակցելու պլաններ Հայաստանն այս պահին չունի, չի նախատեսում նաև նոր դեսպանության բացում որևէ երկրում: Արտաքին քաղաքական գերատեսչությունում փորձելու են շեշտել դեսպանությունների աշխատանքի տնտեսական բաղադրիչը: Կառավարությունը դա փորձում է անել արդեն երկու տարի, կան արդյոք չափելի արդյունքներ՝ հետաքրքվում էր «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը:

«Չափելի թվերով դժվար է խոսել: Դժվար է ասել, թե որ մասն է ԱԳՆ-ի աշխատանքի արդյունքը, որ մասը էկոնոմիկայի նախարարության, որքանը այլ կառույցների: Պարզ է միայն մեկ բան՝ ցուցանիշը տվյալ երկրի հետ ապրանքաշրջանառության և ներդրումների ծավալներն են»:
Մեր դեսպանատների կեսից ավելիում ունենք 2 դիվանագետ ՝ դեսպանն ու հյուպատոսը: Ուժերը փոքր են, աշխատանքի ծավալները մեծ: Շավարշ Քոչարյանը նաև սրանով է բացատրում դեսպանությունների տնտեսական գործունեության ցածր արդյունավետությունը:
Տնտեսական փոխգործակցությունն ակտիվացնելու ակնկալիքներ կլինեն նաև ամենթարմ ՝ Վրաստանում վերջերս նշանակված դեսպանից: Լրագրողնեըի հարցին, թե ինչ սկզբունքով է ընտրությունը կանգ առել Ռուբեն Սադոյանի վրա, ով դիվանագետ չէ ու հայտնի է որպես գործարար, Շավարշ Քոչարյանը պատասխանեց:
«Շատ լավ գիտեք, և դա ոչ միայն Հայաստանի պրակտիկան է, այլև այլ պետությունների, որ նշանակումները հաճախ լինում են քաղաքական»:
Իսկ ընդհանրապես Շավարշ Քոչարյանը տարակուսում է, թե ինչու է դեսպանների նշանակաման հարցը նման քննարկումների առիթ դառնում Հայաստանում: Վրաստանն, ասում է, տարբեր դեսպաններ է նշանակել Հայաստանում, բայց նրանց մասին մամուլում երբևէ նման քննարկումներ չեն ծավալվել: Իսկ Ռուբեն Սադոյանի գնահատականը ԱԳՆ-ն, ըստ Շավարշ Քոչարյանի, կտա՝ նրա աշխատանքի արդյուքները գնահատելով:




