

Նոյեմբերի չորսին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա օպերային երգիչ Արտակ Կիրակոսյանի վերադարձի համերգը, որը իրականում երախտիքի խոսք է բոլոր նրանց, ովքեր 9 տարի առաջ Արտակին օգնեցին մեկնել Գերմանիա՝ դժբախտ պատահարից հետո վերականգնողական բուժօգնություն ստանալու:
Արտակն իր ընտանիքով այսօր ապրում է Գերմանիայում, ինչպես ինքն է այսօր նշել, միայն առողջական խնդիրներից ելնելով:
Արվեստագետն իր հայացքով ու երազանքներով Հայաստանում է, Երևանի օպերային թատրոնում:
Ծանր դիպվածը Արտակի կյանքը փոխեց 2008-ին. Սարդարապատում Անկախության 90-ամյակին նվիրված համերգի գլխավոր փորձն էր: Հանկարծակի բարձրացած քամին 3.5 տոննա կշռող լուսարձակը շրջեց բեմում գտնվողների վրա: Իսկ բեմում շուրջ 120 մարդ կար՝ հիմնականում երեխաներ: Մի քանի դպրոցահասակ երեխաների կյանքը փրկելով, այդ օրը լուրջ վնասվածքներ ստացավ նաև օպերային երգիչ Արտակ Կիրակոսյանը: Ընկերների ու բարեգործների շնորհիվ Արտակը մեկնեց Գերմանիա, որտեղ էլ մինչ օրս ապրում ու շարունակում է բուժումը:

Հայաստանում ապրելու մասին առայժմ չի կարող մտածել, քանի դեռ չի ապաքինվել վերջնականապես:
«Մեծ որդիս 11 տարեկան էր, երբ մեկնեցինք Գերմանիա: Ի տարբերություն փոքր որդուս, նա ոչ մի կերպ չկարողացավ համակերպվել: Այնտեղ ամեն ինչ խորթ է նրա համար: Արտերկրում ինձ պահում են միայն իմ առողջական խնդիրները: Ես վստահ եմ՝ եթե Երևանում լինեի, անգամ այս վիճակով, Օպերային թատրոնի բեմում կլինեի»:
Երևանյան առաջիկա համերգը Արտակի վաղեմի երազանքն էր, որը իրականություն է դառնում շնորհիվ նրա ընկերների ու մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի:
Երգիչը մինչ օրս անվասայլակով է, բայց չի հանձնվում. վստահ է՝ մի օր ամուր ոտքերի վրա է կանգնելու ու բեմ է բարձանալու՝ ամուր քայլերով: Իսկ երգեցողությունից երբեք չի կտրվել. հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ:
Առանց անվասայլակ Մեծ բեմ վերադառնալու մեծ հույսը
Ինչը՞ ուժ տվեց՝ հաղթահարելու այդ դժվարությունները. հարցին Արտակը պատասխանեց.
«Առաջին հերթին հավատքն առ Աստված:Ես «Նարեկ»-ով եմ սկսել «կյանքի գալ»: Դեպքից հետո շաբաթներ շուրանակ ինձ տանջում էր մի հարց՝ ինչու՞, բայց հետո աստիճանաբար հասկացա, որ ամեն ինչ կարող էր շատ ավելի վատ լինել: Բացի այդ, ինձ շատ մեծ ուժ տվեց ընտանիքս, հատկապես կինս, և իհարկե ընկերներս, որոնք անընդհատ կողքիս էին, ինչպես և այսօր: Օրս այնպես էին լցնում, որ թվում էր՝ ոչինչ էլ չի պատահել, ընդամենը վերևի դարակից չեմ կարող վերցնել բաժակը»:
Արտերկրում ամենից շատ Արտակը հենց ընկերներին է կարոտում:
Կարոտում է նաև Երևանի իր հարազատ օպերային թատրոնը, որը, ինչպես պնդում է, անփոխարինելի է, իսկ երևանյան հանդիսատեսը՝ ամենաջերմը:

Արտակը պատմեց, որ իր հարազատ բեմում վերջին անգամ հանդես է եկել 2008-ի մայիսի 3-ին, չարաբաստիկ դեպքից ընդամենը օրեր առաջ: Սարոյի դերերգով էր բեմում…
Հանդիպմանը ներկա Արմեն Ամիրյանը վստահեցրեց. «Երևանի օպերային թատրոնի բեմում Արտակին մենք տեսնելու ենք ամենատարբեր դերերգերով: Ես վստահ եմ դրանում, և ամենակարևորը՝ Արտա՛կն է վստահ դրանում»:




