

Օրերս ՀՀԿ քաղաքական դպրոցում խոսելով ԼՂ խնդրի մասին՝ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր՝ «Ցավոտ լուծում է լինելու Արցախի հարցում:
Չի կարող առանց փոխզիջումների լուծում լինել»:
Ի՞նչ նկատի ուներ երկրի նախագահը «ցավոտ լուծումներ» ասելով, որո՞նք են լինելու փոխզիջումները:
Այս հարցերի շուրջ այսօր քննարկում էր կազմակերպել Մամուլի ազգային ակումբը:
Հայաստանի դեմկուսի նախագահ Արամ Գ. Սարգսյանի խոսքով՝ Արցախի հարցով նման հայտարարությունները արդյունք են այն բանի, որ չկա խնդրի կարգավորման միասնական մոտեցում հայ հասարակության շրջանում: Նա կարծում է, որ առանց կոնկրետացնելու նման ձեւակերպումները նախեւառաջ հասարակության վերաբերմունքը հստակեցնելու նպատակ են հետապնդում:
Այս պահին պետք է կանգ առնել, բանակցություններում վերցնել թայմ-աութ եւ հասարակության հետ գնալ պարզ խոսակցությունների՝ ձեւավորելով խնդրի շուրջ ընդհանուր կոնցեպտ, թե ինչպես ենք պատկերացնում խնդրի կարգավորումը՝ հավելեց Դեմկուսի ղեկավարը: Նա վստահ է՝ տարածք հանձնող իշխանություն Հայաստանում չի գոյատեւելու:
Ժառանգություն կուսակցության մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյան.
Ըստ բանախոսի՝ հայկական կողմը պետք է համահունչ արձագանքի Ադրբեջանի քայլերին, իսկ վերջինը խաղաղ լուծում չի ցանկանում եւ հենց դրան էլ պետք է պատրաստ լինել:
Արցախի ներկայիս վիճակն ինքն արդեն ցավոտ է եւ նման ձեւակերպումները ոչինչ չեն փոխում՝ կարծիք հայտնեց ՀՅԴ ներկայացուցիչ Արթուր Եղիազարյանը՝ պարզաբանելով, որ նկատի ունի, օրինակ, սահմանային միջադեպերի արդյունքում պարբերաբար գրանցվող զոհերի, վիրավորների մասին լուրերը:
Ժառանգությունից Արմեն Մարտիրոսյանի համոզմամբ՝ խնդրի լուծումը Հայաստանի ներսում է գտնվում:
Անկախ հայկական կողմից հնչող «ցավոտ լուծումներ», «փոխզիջումներ» ձեւակերպումներից՝ Ադրբեջանը խնդրի շտապ լուծումների չի գնա, քանի որ տեսնում է, որ Հայաստանն անընդհատ ինքնաթուլանում է՝ այս ձեւակերպմամբ եզրափակեց քննարկման մասնակիցը:




