

Բուժաշխատողների նկատմամբ բռնության դեպքերը առաջ քաշեցին նրանց իրավունքները պաշտպանող նախագիծը: Կառավարությունում կարծում են, որ բուժաշխատողների նկատմամբ լրացուցիչ երաշխիքներ ամրագրելու կարիք կա, «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասել է արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը:
Բռնության վերջին դեպքերը Շտապօգնության աշխատակիցների և Գրիգոր Նարեկացի ԲԿ-ի բժիշկների նկատմամբ ուշադրությունը կրկին սեւեռեց խնդրի վրա: Մեր համաքաղաքացիների վերաբերմունքն է այս հարցում հակասական է։
Անթույլատրելի է բուժօգնություն ցուցաբերող Հիպոկրատի երդվյալների նկատմամբ ցանկացած բռնություն: Բռնարարի նկատմամբ թերևս կան սահմանված համապատասխան պատժամիջոցներ, սակայն դրանք այնքան էլ չեն պաշտպանում բժիշկների իրավունքները: Վերջին տարիներին շատ ենք լսում բուժօգնության մեկնած բրիգադաների վրա հարձակման դեպքերի մասին:
Սա հաշվի առնելով՝ կառավարությունը նախատեսում է քրեական պատասխանատվության միջոցով կանխել բժիշկների նկատմամբ բռնության դեպքերը: Մշակված նախագծով առաջարկվում է ոչ միայն բուժաշխատողների, այլ նաև բուժանձնակազմին սպասարկողների գործունեությանը խոչընդոտելու դեպքում կիրառել պատիժ: Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանի խոսքով՝ առաջարկել են որպես պաշտպանության օբյեկտ սահմանել հենց բուժաշխատողներին՝ բժիշկներին, բուժքույրերին, նաև այն անձանց, օրինակ՝ շտապօգնության վարորդները, ովքեր օժանդակում են բժշկական օգնության աշխատանքին։ Արդարադատության նախարարությունն առաջարկել է նաև խստացնել պատասխանատվությունը:
«Մենք առաջարկում ենք երեք հարյուրապատիկից մինչև հինգ հարյուրապատիկի չափով խստացնել տուգանքը: Եվ նաև, եթե այդ արարքը զուգորդվել է բուժաշխատողի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ գործադրելու սպառնալիքով, պատժել մինչեւ 1-2 ամիս ժամկետով կալանքով, կամ 2-5 տարի ազատազրկմամբ»:
Այս նախագծի ընդունման դեպքում՝ բուժաշխատողները կլինեն ավելի պաշտպանված, ասում է արդարադատության փոխնախարարն ու հավելում՝ հուսով ենք, որ սրանով կնվազեցվեն բուժաշխատողների նկատմամբ բռնության դեպքերը: Բուժաշխատողների համար լրացուցիչ անվտանգության երաշխիքներ ստեղծելով՝ պետությունը ևս մեկ երաշխիք է ամրագրում ՝ մատուցել որակյալ և անվտանգ բուժծառայություններ:
«Կարծում ենք, որ համապատասխան սոցիալական, իրավական անվտանգության երաշխիքներ չունեցող բուժաշխատողը չի կարող որակյալ բուժծառայություններ մատուցել»:
Բժիշկների դեմ բռնության վերջին դեպքն արձանագրվել էր մի քանի օր առաջ։ «Արաբկիր» ենթակայանից Լեփսիուսի փողոց կանչի մեկնած բրիգադի վրա հիվանդի հարազատը բռնություն էր իրականացրել: Ենթակայանի տնօրեն Վահագ Մաժինյանի խոսքով՝ այդ հասցեից բազմիցս են կանչեր գրանցվում և բուժօգնության համար զանգահարողը միշտ ալկոհոլի ազդեցության տակ է լինում: Ամեն անգամ էլ փորձել է ստեղծել կոնֆլիկտային իրավիճակ: Բժիշկները, ենթակայանի տնօրենի հավաստմամբ, միշտ փորձել են հաղթահարել կոնֆլիկտը, սակայն այս անգամ չեպքերն այլ ընթացք են ունեցել:
Ենթակայանն օրական սպասարկում է 90-ից 100 կանչ: Ամեն օր նման իրավիճակներ չեն լինում։ Սա իրենց ենթակայանի բրիգադի նկատմամբ բռնության երկրորդ դեպքն է: Բժիշկների նկատմամբ բռնության մյուս դեպքը գրանցվել էր Գրիգոր Նարեկացի բժշկական կենտրոնում, սակայն տնօրենը «Ռադիոլուր»-ի զանգերին չպատասխանեց: Համաքաղաքացիների հետ հարցախույզի ընթացքում բժիշկների նկատմամբ բռնության դեպքերին արձագանքները տարբեր էին:
Օրենքի ընդունման դեպքում պետք է կիրառվեն լայնածավալ իրազեկման աշխատանքներ՝ ասում է արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը։




