

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը շարունակում է քննարկել պետական ծրագրով Երեւանի Ադոնցի 6/1 շենքի շահառուների հայցը: Բարձրացված խնդիրներն այնքան շատ են ու բազմակողմ, որ պարզաբանումներ ու հաշվարկներ ստանալու նպատակով էլի ժամանակ է պետք:
Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը սակայն, խոստացել է՝ ամեն ինչ անել վրդովված ու մտահոգ քաղաքացիների հարցերին շուտափույթ լուծում տալու համար. ջեռուցման շրջանը սկսվել է, իսկ շենքը կառուցապատող «Միկշին» ընկերության հետ «հակամարտության» պատճառով մարդիկ դեռ չեն կարողանում բնակվել իրենց բնակարաններում՝ տաք ջուր, ջեռուցում չունենալու կամ դրանց դիմաց անհասկանալի բարձր գների հետ համաձայն չլինելու պատճառով:
Հոսանքի ու սխալ չափագրումների հարցն էլ դեռ լուծման փուլում է: «Ռադիոլուր»-ը շարունակում է գնալ բազմակողմ խնդրի հետքերով:
ՏՄՊՊՀ նիստում բախումներ ու վեճեր չեղան, պատասխանող կողմը ներկա չէր, բայց դրանից Ադոնցի 6/1 հասցեի շենքի շահառուների վրդովմունքը չպակասեց: Պատասխանող կողմը «Միկշին»-ն են եւ բնակիչներին կոմունալ սպասարկում առաջարկող ընկերությունները, չնայած, ինչպես բնակիչներն են պնդում, երկու դեպքում էլ նույն մարդկանց հետ գործ ունեն՝ փոխկապակցված ընկերությունների:
Ներկա չէին նաեւ Քաղաքաշինության պետական կոմիտեից: Շահառուները հենց դրանից էլ վրդովվում են՝ ինչպե՞ս է ստացվել, որ պետական ծրագրի պետական պատասխանատուն՝ Քաղշինպետկոմը, մի կողմ է քաշվել, ու իրենք ստիպված դարձել են մասնավոր կառուցապատողի «խաղերի» ու «ախորժակի» զոհը։ Վերջինս էլ տվյալ հանգամանքներում գերիշխող դիրք է ձեռք բերել ու իրենց պարտադրում է սեփական խաղի կանոնները:
«Քաղաքաշինության պետական կոմիտեն այս տարվա փետրվար-մարտին ստորագրել է ավարտական ակտ, որով ընդունել է այս բազմաբնակարան շենքը, մինչդեռ շենքում կան բազմաթիվ չլուծված խնդիրներ, որոնց հետ մենք մեն-մենակ ենք մնացել «Միկշին»-ի հետ»:
Հետ գնալով՝ հիշեցնեմ խնդիրը, որի հետքերով «Ռադիոլուր»-ը շարունակում է գնալ: Ադոնցի 6/1 հասցեում մարդիկ պետք է բնակվեին դեռ այս մարտի 1-ից. Պատշաճ մարում են հիփոթեքը, ժամանակին կատարել են հոսանքի ու ջրի բաժանորդ դառնալու պարտականությունները: Բայց պետական ծրագրով պետական երաշխավորությամբ բնակարան ձեռք բերած հարյուրավոր շահառուներ չեն կարողանում բնակվել իրենց իսկ բնակարանում: Խնդիրները շատ են ու փոխկապակցված: Հոսանքի ենթակայան չի կառուցվել: Բազմաթիվ ահազանգերից հետո դեռ նոր է կառուցվում:
Իսկ առայժմ «Միկշինն» իր գծերից է հոսանք տրամադրում, ինքն էլ գումար գանձում, թեեւ դրա իրավունքը չունի, եւ ուզած պահին էլ անջատում է: Նույն մոտեցումն է նաեւ տաք ջրի ու ջեռուցման մասով: Ինչո՞ւ սեփական համատիրություն չեք ստեղծում. ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին է հետաքրքրում: Առաջին հայացքից հեշտ այս գործընթացը տարբեր խոչընդոտների է բախվում՝ բացատրում են շահառուները:
«Միկշին ընկերությունը պետք է համատիրություն ստեղծի եւ տա բնակիչների կառավարմանը: Բայց դա չի անում, ասում է՝ մինչեւ մարտի մեկը ժամանակ ունեմ, կանեմ: Իսկ մինչ այդ պայմանագիր է ստեղծել, որով 24 հազար դրամով լիազորագրային կառավարում է առաջարկում ու բնակիչներին ստիպում է ստորագրել այն: Հանձնաժողովի մոտ հիմա հարց կառաջանա՝ «դուք ինչո՞ւ եք ստորագրում»: Չի լինում չստորագրել: Ասում են՝ քեզ տաք ջուր չեմ տալիս, «վինտիլը» փակում են, հոսանքդ կտրում են: Դե դու էլ գնացել ես, ապրում ես ընտանիքիդ , երեխաներիդ հետո, ո՞նց կլինի առանց տաք ջրի ու հոսանքի: Ստիպված ստորագրում են մարդիկ: Հենց այստեղ է գերիշխող դիրքի չարաշահումը»:
Ընդ որում՝ 24 հազար դրամը չի ներառում ոչ տաք ջրի, ոչ աղբահանության, ոչ ջեռուցման ծախսերը: Ի՞նչ ախորժակով է հաշվարկվել սակագինը՝ տաք ջրի 1 խմ-ի համար 2300 դրամ, ջեռուցման 1քմ-ի համար՝ 633 դրամ, ու ի՞նչ տրամաբանությամբ է ջեռուցվող մակերեսի մեջ հաշվվել նաեւ բաց պատշգամբն ու լոգասենյակը: Բնակիչների հարցը նաեւ հանձնաժողովականներին է հետաքրքրում: Կարեն Ղազարյանը, ով սպասարկող կազմակերպության ղեկավարն է ու, բնակիչների պնդմամբ, նաեւ «Միկշինի» վառ ներկայացուցիչը, հաշվարկման բանաձեւը նախորդ նիստին չէր ներկայացրել: Այս նիստին ինքն էլ չէր ներկայացել: «Վատառողջ եմ», բացատրեց «Ռադիոլուր»-ին: Հաշվարկնե՞րը: Կներկայացնենք, ասաց:
«Ես բնակիչների հետ հանդիպմանն ասել եմ՝ կանչեք մասնագետների, թող գան, հաշվեն-հաշվարկեն ու առաջարկեն սակագներ: Դրանից հետո միայն կկարողանանք առավել իմաստալից խոսել: Կարծիքներ ու ցանկություններ մենք էլ ունենք շատ: Նույն տրամաբանությամբ ՝ եթե հարցնես ցանկացած տաքսու վարորդի կամ վարսավիրի՝ մեր երկրում գազի գինը պետք է լինի 30 դրամ»:
Իսկ հաշվարկներ բնակիչներն ունեն: Հստակ հաշվարկներ:
«1 խմ ջուրը տաքացնելը եւ 42-43 աստիճանի հասցնելը կազմում է 1050 դրամից ոչ ավելի: Այսինքն՝ իրենք մեզ տալիս են ստորագրելու պայմանագիր՝ կրկնակիից բարձր արժեքով: Այնինչ եթե կենտրոնացված ջեռուցման համակարգ է, գինը դեռ մի բան էլ պետք է ավելի ցածր լինի»:

Հանձնաժողովը դեռ բազմաթիվ հարցերի է պատասխան փնտրում: Ինչպե՞ս է «Միկշինը» առանց հարց ու պատասխանի բերել, արեւային տաքացուցիչ դրել շենքի ընդհանուր տանիքում ու պատրաստվում տաք ջուր վաճառել նույն բնակիչներին: Ի՞նչ հիմքով են շենքի ընդհանուր օգտագործման տարածքում կառուցվել ու վաճառվել տարածքներ՝ որպես խորդանոց:
Միջանցքներում, վերելակներում և արտաքին պատերին «Միկշին»-ի հետ փոխկապակցված և այլ կազմակերպությունների գովազդի գումարն ո՞ւմ է գնացել: Ի՞նչ հիմքով է փակվել դեպի ավտոկայանատեղի երկու ճանապարհից մեկը՝ այլ օբյեկտ կառուցելու նպատակով՝ խառնաշփոթ ստեղծելով առանց այդ էլ նեղ կայանատեղիում: Ինչո՞ւ են գազի, ջրի, հոսանքի, տաք ջրի ու ջեռուցման հաշվիչների ծախսերը թողնվել բնակիչների վրա:
Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը խոստանում է շատ արագ փակել թեման: Բնակիչները սպասում են:




