
Եթե հարկերից խուսափելու համար անհատ ձեռներցները դիմում են ակցիաների, պետք է ոչ թե քաջալերել, այլ բացատրել, որ միտինգ անելով հարկերից խուսափել չի կարելի ՝ այսօր խորհրդարանում հայտարարել է ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը:
Գլխավոր հարկահավաքը խորհրդարան է եկել բյուջե 2018-ի եկամտային հատվածը ներկայացնելու համար:
Մինչ ներկայացվել է հաշվետվությունը, ԱԺ շենքի մոտ ՊԵԿ գործողություններից բողոքել են տոնավաճառներում առևտրով զբաղվող ձեռներեցները:
Կառավարությունը կարծում է, որ մանրածախ առևտրի ոլորտում մեծ ստվեր կա: Մենք դրա դեմ ենք պայքարում և պետք է հաղթենք` այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց Պետեկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը:

Նա բավական կոշտ արձագանքեց խորհրդարանի շենքի մոտ կազմակերպված ակցիային: Գլխավոր հարկահավաքը համոզված է, որ տոնավաճառների առևտրականները դիմում են մանիպուլիացիաների հարկերից խուսափելու համար:
«Օրենսդրությամբ սահմանված կարգով պետք է բոլորը հարկերը վճարեն: Եթե հարկերից խուսափելու համար դիմում են ակցիաների, պետք է ոչ թե քաջալերել, այլ բացատրել, որ միտինգ անելով հարկերից խուսափել չի կարելի: կոշտ վարչարարություն է լինելու»:
Իրենք՝ առևտրականները ասում են, որ ոչ թե հարկերից են խուսափում , այլ բարդացված ընթացակարգերից ու փաստաթղթային քաշքշուկից, որը հարկային տեռոր են անվանում: «Համերաշխություն» ՀԿ նախագահ Արմեն Ներսիսիյանը վստահեցնում է, որ ինքը տարբեր տոնավաճառների առևտրականների բողոքն է ներկայացնում:

«Ասում են, որ նորից իրենց «ահաբեկում» են, նորից շուկաների մուտքերի մոտ կանգնում են օպեր-վարչության տղաները, և էլի մարդկանցից փաստաթուղթ են պահանջում, ով փաստաթուղթ չի ունենում 240 հազար դրամ տուգանում են։ Ամբողջ հարցն այն է, որ 3 գործողությունով մենք պետությանը փող ենք վճարում, այդ 1.5 տոկոսն էլ պատրաստ ենք գլխից վճարել, որ մեզ հանգիստ թողնեն այդ փաստաթղթի քաշքշուկներից»։
Թե ինչու են առևտրականները խուսափում փաստաթղթով աշխատելուց , նրանց ներկայացուցիչն այսպես է բացատրում,:
«Որովհետև նախկինում հաշվապահները մեկի համար 5 հազար դրամով էին գործ անում, հիմա ասում են, որ չեն կարող այդ գումարով գործ անել, որովհետև ձեռներեցն անընդհատ զանգահարելու է ՝ A կատից B կետ տեղափոխման օնլայն հայտարարագրում անելու համար։ Այսինքն՝ անընդհատ քաղաքացին պետք է զանգի հաշվապահին ու ասի, որ իր պահեստից այսինչ ապրանքը տանում է վաճառակետ, օնլայն հայտարարագրիր։ Այս քաշքշուկն է անհանգստացնում»:
Փաստաթղթաշրջանառությունը բարդ չէ ՝ ասում է ՊԵԿ նախագահը ու նշում, որ իրենք անվճար հաշվապահություն են առաջարկել , սակայն դրանից առևտրականները հրաժարվել են: Հարությունյանն այստեղ շրջանառությունը թաքցնելու միտում, նաև ուղղորդում է տեսնում: Ուղղորդման մասին գլխավոր հարկահավաքի ակնարկը լրագրողներին անմիջապես Գագիկ Ծառուկյանին հիշեցրեց:

«Ոչ, ընդհակառակը, Գագիկ Ծառուկյանն իմ լավ ընկերն է, իմ լավ բարեկամն է, և, իր հեղինակությունն օգտագործելով, փորձել է մի քանի օր առաջ առևտրականներին հասկացնել, որ մեր արածն օրինականության սահմաններում է, իր Առինջ մոլում տարածք է հատկացրել, որ մենք փորձենք ավելի մատչելի ժողովրդին բացատրել: Այդ մարդիկ պետք է հասկանան, որ հետդարձի ճանապարհ չկա»:
Վարդան Հարությունյանի դիտարկումը, թե մանրածախ առևտրում մեծ ստվեր կա, բերում է մյուս հիմնական հարցին. արդյոք ՊԵԿ-ը ստվեր չի՞ տեսնում մեծածախ առևտրի ոլորտում ու խոշոր բիզնեսում: Կոմիտեի նախագահը հստակ թվերով ստվերի կրճատման մասին ոտքի վրա խոսելը նպատակահարմար չի համարում, բայց վստահեցնում է, որ փոփոխություն կա: Դրանով է պայմանավորում հարկային եկամուտների ավելացումը: Իսկ հարցին, թե ինչու են ստվերը նախ և առաջ մանրածախ առևտրի ոլորտում փնտրում, այսպես է պատասխանում:
«Մեծածախ առևտրով է պայմանավորված մանրածախ առևտուրը: Պայքարելով մանրածախի դեմ՝ մենք մեծածախում ենք ստվերը կրճատում նաև»:
Գլխավոր հարկահավաքը միաժամանակ վստահեցնում է, որ հարկային եկամուտների ընդամենը 15 տոկոսն է ապահովում փոքր ու միջին բիզնեսը: Չնայած այս փաստին, ՊԵԿ-ը միևնույնն է ստվերը փնտրում է փոքր ու միջին բիզնեսի դաշտում կամ այսպես ասենք, խոշորներին ավելի է վստահում:
«Ցույց տվեք խոշորի, որը հարկ չի վճարում: Մեր հարկային եկամուտների 85 տոկոսը խոշոր հարկ վճարողներն են ապահովում»:
Աշխատող խոշոր բիզնեսի, հարկային արտոնություններից օգտվողների ցանկում նաև պաշտոնյաների կամ նրանց ազգականների անուններ կան: Սրանում ՊԵԿ նախագահը որևէ արտառոց բան չի տեսնում:

Այս հիասթափված նոտայով Վարդան Հարությունյանը եզրափակեց լրագրողների հետ զրույցը, իսկ դահլիճում, որտեղ բյուջեի նախագծի եկամտային մասն էր քննարկվում, տրամադրություններն ավելի լավատեսական էին: Կառավարությունը ակնկալում է 2018-ին 1 տրիլիոն 307 միլիարդ դրամ հավաքել: Այս ցուցանիշը նախատեսում է ապահովել տնտեսական աճի, վարչարարության բարելավման , նաև օրենսդրական փոփոխությունների արդյունքում: Հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու հարկային նոր օրենսգիրքը: Կառավարությունը շուրջ 10 միլիարդ դրամի լրացուցիչ եկամուտ ակնակլում է հենց օրենսդրական փոփոխություններից:




