

Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատրանում տեղի է ունեցել Իգալի գործով հերթական դատական նիստը: Դատարանը լսել է ամբաստանյալ Սամվել Բաբայանի ցուցմունքները:
Նա իրեն մեղավոր չի ճանաչել՝ նշելով. այս գործում ինքը ոչ թե մեղավոր է, այլ խորհրդատու:
ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի շահերի պաշտպան Ավետիս Քալաշյանը այսօր տեղի ունեցած դատական նիստում միջնորդեց փոխել իր պաշտպանյալի խափանման միջոցը։ Քալաշյանը նշեց, որ գործում առկա ապացույցներն արդեն հետազոտվել են, վկաները հարցաքննվել և այս փուլում այլևս հիմնազուրկ է դատարանի դատաքննության սկզբում հայտնած այն դիրքորոշումը, որ ազատության մեջ մնալու դեպքում Սամվել Բաբայանը կարող է խոչընդոտել օբյեկտիվ դատաքննությանը:

Սակայն դատավոր Արշակ Վարդանյանը միջնորդությունը մերժեց այն հիմնավորմամբ, որ Բաբայանը մեղադրվում է ծանր հանցագործությունների մեջ և ազատության մեջ հայտնվելով կարող է խուսափել պատժի կրումից: Մինչ այդ՝ մի քանի ժամ շարունակ դատարանը լսեց ամբաստանյալ Սամվել Բաբայանի ցուցմունքները։
«Ես որեւէ դեպքում չեմ կարող ինձ մեղավոր ճանաչել, եթե մի գործում հանցանք չկա»,- այսպես սկսեց իր ցուցմունքը ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը:

Նա իր ցուցմունքը բաժանեց երկու դրվագի: Նախ խոսեց «Իգլա» զենիթահրթիռային համակարգի մասին: Նշենք, որ այդ դրվագով Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 2-րդ մասով (ապօրինի կերպով զենք ձեռք բերելը, կրելը կամ փոխադրելը):
Սամվել Բաբայանը պատմեց, որ մարտի 18-ին իր մոտ է գնացել գործով ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանը, պլանշետով ցույց տվել առկա «Իգլայի» խողովակի լուսանկարը եւ հարցրել՝ ինչ վիճակում է այն: Ինքն է էլ որպես մասնագետ ասել է, որ բացակայող մասնիկ կա և առանց դրա «Իգլա» համալիրը չի կարող աշխատել:
Սամվել Բաբայանն ասաց, որ ինքը ոչ թե դրդել է Սանասարին զենքը ձեռք բերել, այլ՝ գործարքը չեղյալ դարձնել, քանի որ այդ խողովակը չէր կարող 40 հազար դոլար արժենալ։ Ամբողջ համալիրը կարելի է ձեռքբերել 15 հազարով։
Բաբայանը հիշեցրեց նաև, որ 9 տարի եղել ԼՂՀ ՊԲ հրամանատար ու «Իգլա» գործածելու փորձ ունի:
Մեղադրող դատախազի հարցին թե ինչո՞ւ է Սանասար Գաբրիելյանը հենց իրեն ցույց տվել «Իգլայի» լուսանկարը, Բաբայանը տարակուսեց. «Նա իմ մտերիմն է, որին գիտեմ 1992թ—ից։ Նա ծառայել է ինձ մոտ: Էլ ո՞ւմ ցույց տար, եթե ոչ ինձ: Եթե ձեր մոտ բերեր, կիմանայի՞ք ինչ է: Ես լավ հասկանալով, որ դա ռազմամթերք է, որի պատճառով նրա դեմ կարող էր գործ հարուցվեր, նման խորհուրդ եմ տվել»:

Մեղադրողի դատախազ Արամ Արամյանի դիտարկմանը, որ ամբաստանյալը պարբերաբար դատաքննության ընթացքում հայտարարում էր, որ «Իգլայի» խողովակն անպիտան է, այնինչ հիմա նշում է, որ ըստ էության պիտանի է, հետևաբար ինչպես դա կպարզաբանի` Բաբայանը կրկնեց, որ եթե գլխավոր մասնիկը լինի, ապա պիտանի կլինի, իսկ այս պահին չկա այն մասնիկը, որը ամբողջ համակարգը կաշխատեցնի:
Նշենք, որ Սամվել Բաբայանին մի դրվագով մեղադրանք է առաջադրվել նաև ՀՀ Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշերով, այն է՝ հանցավոր ճանապարհով ստացած գույքն օրինականացնելը կամ այլ կերպ ասած՝ փողերի լվացումը:
Բաբայանը չընդունեց նաև իրեն առաջադրված այս մեղանդրանքը։ Նա նշեց, որ Վասիլ անունով մեկն իրենք 35 հազար եվրո պարտք է։ Մի մասը եվրոյով է վերադարձրել, սակայն դրանք ներկված են եղել։
Մեղադրող դատախազը հետաքրքրվեց, թե որքանո՞վ է նպատակահարմար որպես պարտք ստանալ «լաքա»-ներով գումար, ինչին Բաբայանը պատասխանեց, որ պարտքերի մեջ է եղել ու երբ ստացել է ոչ կեղծ գումար, չի ենթադրել, թե կարող են նման կերպ զարգանալ իրադարձությունները:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 6 ին։




