Քաղաքական

Պոլսո պատրիարքի ընտրության Նախաձեռնակ մարմնի ատենապետը հրաժարական է տվել


Հոկտեմբերի 24-ին Պոլսի հայոց պատրիարքի ընտրության հարցով հանդիպում է եղել Ստամբուլի նահանգապետարանում Պոլսո Հայոց պատրիարքարանի կրոնական ժողովի ատենապետ Սահակ եպիսկոպոս Մաշալյանի, Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի, Սուրբ Փրկիչ ազգային հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի ատենապետ Պետրոս Շիրինօղլուի, ինչպես նաև պատրիարքական ընտրության Նախաձեռնող խմբի ղեկավարի եւ Ստամբուլի նահանգապետ Վասիփ Շահինի միջեւ:

Դրան չի մասնակցել պատրիարքի տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը։ Ներհամայնքային պառակտում եւ նոր զարգացումներ հովվապետի ընտրության շուրջ՝ «Ռադիոլուր»-ն է հետեւել  իրադարձությունների զարգացումներին:

 

Պոլսո պատրիարքի ընտրության համար ձեւավորված 13 հոգանոց նախաձեռնակ մարմինը երեկ ամից նիստ է գումարել, որի ընթացքում բուռն քննարկվել են Նահանգապետարանում տեղի ունեցած հանդիպման մանրամասները։ Դրանից հետո մարմնի ղեկավարը եւ 4 անդամ հրաժարական են ներկայացրել: «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը անդրադառնալով հրաժարականներին հայտնեց.

«Նախաձեռնակ մարմինը նահանգապետարանում տեղի ունեցած հանդիպումից հետո նիստ է գումարել եւ որոշել Սրբազան Բեկչյանի Գերմանիայից վերադառնալուց հետո եւս մեկ նիստ գումարեն, եւ որոշեն գործողությունների շարունակականությունը: Սակայն որոշ անդամներ չսպասեցին եւ հրաժարական տվեցին: Ստամբուլում իրավիճակն այնպիսին է, որ համայնքը համոզվում է, որ ներկա տեղապահով եւ նախաձեռնակ մարմնով հնարավոր չէ  ընտրություններ կազմակերպվել: Հաջորդ քայլը, որը պետք է լինի, եթե հրաժարական ներկայացնի ընտրությունների կազմակերպչական մարմինը: Ընդհանուր առմամբ՝ խումբը ամբողջությամբ հրաժարական չի տվել, բայց հրաժարական է տվել ատենապետը, որը մեծ նշանակություն ունի: Ինչ վերաբերում է տեղապահին, փետրվարին Մայր Աթոռում Վեհափառը Պոլսի աթոռի երեք սրբազանների հետ ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն էր ունեցել, համաձայն որի՝ 6 ամսվա ընթացքում, եթե տեղապահը չկարողանա ընտրությունների անցկացումը կազմակերպել,  անվստահություն քվե պետք է հայտնվի: Այս պարագայում  իրավիճակն այնպիսին է, որ տեղապահն ինքն է վերածվել պատրիարքական ընտրության գործընթացը խցանող գործոնի, եւ մոտ ապագայում պետք է հավանաբար Պոլսի աթոռի եկեղեցական ժողով գումարվի ու նոր տեղապահի ընտրության հարցը քննարկվի»:

Ի դեպ, հանդիպման ժամանակ թուրք պաշտոնյան պատրիարքի ընտրապայքարում նախապատվությունը տվել է Թուրքիայում ծնված երկու սրբազաններին՝ Սահակ Սրբազան Մաշալյանին եւ Արամ Սրբազան Աթեշյանին: Պոլսահայ թարգմանիչ Տիրան Լոքմագյոզյանը ներհամայնքային տարբեր տարաձայնություններով է պայմանավորում ներկայիս ստեղծված փակուղային իրավիճակը, եւ շեշտում, այսօր համայնքը բաժանված է երեք մասի՝ բեկչյանականների, աթեշյանականների եւ մաշալյանականների, ու բոլորն էլ մեկ նպատակի համար պայքարելով խանգարում են միմյանց՝ ասում է պրն Լոքմագյոզյանը եւ  խաղաղության հաստատման առաջարկ անում:


Մինչեւ հոկտեմբերի 9- ը պատրիարքի ընտրության հարցում հստակություն կլինի

Անորոշ վիճակ Պոլսո պատրիարքարանում. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը ելքեր է առաջարկում


Պառակտված համայնքն այսօր ավելի խոցելի է, եւ հեշտ կառավարվող, ու չնայած, ըստ ազգային օրենսդրության, Թուրքիայի իշխանությունները իրավունք չունեն մասնակցել ազգային փոքրամասնությունների կյանքին, բայց այս դեպքում իրենց շահն են թելադրում, որը մեր մեղավորությունն է՝ ասում է Լոքմագյոզյանը: Եվ թեմայից դուրս նաեւ նշում ազգային կանոնադրությունը փոխելու անհրաժեշտության մասին։ Դա կրկին մնաց գզրոցներում եւ  կրկին ներքին անհամաձայնության հետեւանքով, որը եւ այսօր իշխանությունների կողմից հաղթաթուղթ է եւ իրավական առումով անուղղակի միջամտություն:

Արա Գոչունյանը ներհամայնաքային տարաձայնությունների միակ լուծման ճանապարհը միասնական մոտեցումն է համարում, եւ անդրադառնալով մեղադրանքներին, թե ինչու է նահանգապետարանում կազմակերպվել հանդիպումն առանց տեղապահ Գարեգին Բեկչյանի, պարզաբանում է

Կրքերը թեժացած են, մեզ խաղաղություն է հարկավոր, այսօր հովվապետ չունենալը պոլսահայերի  կյանքը դժվարացրել է՝ իր հերթին ասում է Լոքմագյոզյանը եւ հույս հայտնում, որ լուծում անպայման կգտնվի, բայց՝ ոչ պետության առաջարկածը: Ներկայացնելով այսօր տիրող իրավիճակը՝ փաստում է նաեւ, համայնքը երկու քարի արանքում է հայտնվել, ու չնայած, որ չի ուզում լինել պետության կամակատարը, միեւնույն է՝  սպասում է ընտրությունների անցկացման վերաբերյալ պետական թույլտվությանը։ Այլապես՝ համայնքի 70 տոկոսը չի գնա ընտրության, ոչ էլ եկեղեցիները կբացեն դռները։

Կարդացեք նաև

Back to top button