Քաղաքական

Ի՞նչ փոխվեց Հայաստանում 18 տարի առաջ


1999 թվականի հոկտեմբերի 27-ից անցել է 18 տարի: 18 տարի առաջ ժամը 17:00-ի սահմաններում ահաբեկիչների խումբը ներխուժեց Հայաստանի Ազգային ժողովի նիստերի դահլիճ սպանելով կառավարության և խորհրդարանի անդամներին:

Ահաբեկչության զոհ դարձան ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը և 6 այլ պետական գործիչներ ու ԱԺ պատգամավորներ: 18 տարի անց ինչպե՞ս են հիշում հոկտեմբերի 27-ը, հիշո՞ւմ են արդյոք և ի՞նչ փոխվեց 18 տարի առաջ Հայաստանում:

 

Ութը մարդու կյանք խլած հոկտեմբերի 27-ը 18 տարի առաջ ոչ միայն գլխատեց նորանկախ Հայաստանի օրենսդիր ու գործադիր իշխանությունը, այլև թեքեց պատմության ընթացքը:

Դպրոցական դասագրքերում դրա մասին գրված է 5 տողով.« Հանրապետության վիճակը ծանրացավ 1999թ. հոկտեմբեր 27-ի՝ նախադեպը չունեցող ահաբեկությամբ, երբ խորհրդարանում զոհվեցին ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, ԱԺ փոխնախագահներ, պատգամավորներ: Դա ծանր հարված էր ժողովրդավարությանը»:

Այսօր համալսարաններում սովորողները դժվարանում են հիշել այդ օրը և դրան հաջորդած ժամանակահատվածը։ Պատահականության սկզբունքով ընտրված ուսանողները խոսում են, թե ինչ գիտեն հոկտեմբերի 27- մասին:

«Գիտեմ, որ 12 հոգի սպանվել են: Դա շատ մեծ հարված էր Հայասըանի համար, քանի որ շատ խոշոր գործարարներ այդ ժամանակ մահացան: Ցանկացած հարցի պետք է մոտենալ բարեխղճորեն: Դե գիտեմ, որ ինքը եղել ա ահաբեկչություն, Հունան Ավետիսյանն ա եղել»:

Սոցիոլոգ Արթուր Աթանեսյանը սպառողական մտածողության տեսանկյունից նորմալ է համարում այն, որ ուսանողները լավ չգիտեն կամ չգիտեն հոկտեմբերի 27-ի մասին։ Այն, ինչ իրենց անհրաժեշտ է առօրյա կյանքում, այն էլ սպառում են:

Սա այս իրողությունների մի կողմն է, ասում է սոցիոլոգը։ Մյուս կողմից այս ամբողջ իրողության մեջ կա կիսատություն, մարդիկ չեն կարողանում հիշել և իմանալ այդ իրադարձության մասին ամեն ինչ՝ սկզբից մինչև վերջ: Դա կօգներ ամբողջացնել եղած ինֆորմացիան ու դասեր քաղել:

«Կա շատ մեծ կիսատություն նրանում, թե ինչպես ստացվեց, որ դա տեղի ունեցավ, ինչու եղավ այնպես, որ մեր ազգը չկարողացավ պաշտպանել սեփական հերոսներին: Եթե խոսքը հիշողության քաղաքականության մասին է, երևի թե պետությունն իր մեղքի բաժինն ունի նրանում, որ անվերջությունն ու անորոշությունն այդ պատմության մեջ շարունակում է լինել»:

Հասարակական մակարդակում այսպիսին է իրավիճակը 18 տարի անց, իսկ ինչպիսին է այն քաղաքական հակամարգում:

Քաղաքագետ Գարիկ Քեռյանը ուշադրությունը կենտրոնացնում է մի պարզ ու կարևոր փաստի վրա. Հայաստանի նման փոքր երկրում այդպիսի մասշտաբային ու թիրախավորված ահաբեկչությունը անհետևանք մնալ չէր կարող, և այն ազդել է մեր երկրի և՛ ներքին, և՛ արտաքին քաղաքական գործընթացների վրա:

Քաոսային իրավիճակից հենց այդ ժամանակ և դրան հաջորդած ժամանակահատվածում խուսափել կարողացանք, բայց ամենակարևոր ներքաղաքական ազդեցությունը՝ ըստ քաղաքագետի սա է:

Ահաբեկիչների նկատմամբ դատավարությունը անցկացվեց 2001-2003 թվականներին: Վեց ահաբեկիչները, այդ թվում նրանց պարագլուխ Նաիրի Հունանյանը, դատապարտվեցին ցմահ ազատազրկման:

Այդ ժամանակ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հոկտեմբերի 27-ը որակեց «ահաբեկչության ճանապարհով՝ հեղաշրջման փորձ», իսկ բացահայտումը համարեց շատ պարզ մի բան՝ «ուչաստկովիի գործ»:

Ավելի քան 3 տարի տևած դատավարությունն այդպես էլ չկարողացավ փարատել ահաբեկչության շուրջ եղած կասկածները։

Կարդացեք նաև

Back to top button