Քաղաքական

ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրման հեռանկարը՝ մշուշոտ

Նոյեմբերին Բրյուսելում տեղի ունենալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովի ժամանակ նախատեսվում է Հայաստանի ու Եվրամիության միջև նոր համաձայնագրի ստորագրումը:

Դրա մասին արդեն տևական ժամանակ է հայտարարություններ հնչում են ամենաբարձր մակարդակով, հրապարակվել է նաեւ փաստաթղթի տեքստը: Սակայն որքան մոտենում են ստորագրման ժամկետները, այնքան մշուշոտ է դառնում ստորագրման հեռանկարը:

Չնայած Երևանը շարունակում է ամենաբարձր մակարդակով վերահաստատել իր պատրաստակամությունը՝ նոյեմբերին ստորագրելու Բրյուսելի հետ Հայաստան-ԵՄ նոր փաստաթուղթը, իսկ Բրյուսելը հայտարարում է, որ շահագրգիռ է այդ հարցում՝ հնարավոր որոշակի հետաձգումը բացատրելով տեխնիկական խնդիրներով, սակայն փորձագիտական շրջանակները, հատկապես՝ ռուսական, ավելի ու ավելի շատ են խոսում նրա մասին, որ փաստաթուղթը չստորագրելու համար կան լուրջ պատճառներ: Կա՞ն արդյոք այնքան լուրջ պատճառներ, որոնք կարող են չեղարկել կամ հետաձգել ԵՄ-Հայաստան նոր փաստաթղթի ստորագրումը։

«Ռադիոլուրի» զրուցակիցը քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանն է: Փորձագետը կարծում է, որ նոր փաստաթուղթը, որը պատրաստվում է ստորագրել Հայաստանը Եվրամիության հետ, չի կարող Ռուսաստանի տեսանկյունից խոչընդոտ համարվել եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին Հայաստանի մասնակցության տեսանկյունից:

ՀՀ- ԵՄ նոր համաձայնագրով թեև անդրադարձ կա Մեծամորի ատոմակայանի շահագործումից հանելուն, սակայն կոնկրետ ժամկետներ չեն նշված։ Ավելին՝ շեշտվում է ԱԷԿ- ին համարժեք նոր էներգետիկ հզորություններ ստեղծելու անհրաժեշտությունը։ էներգետիկ հարցերով փորձագետ Վահե Դավթյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշել է, որ սա ավելի շատ հռետորաբանության մակարդակում է։ Իրական ծրագրեր ԵՄ- ն Հայաստանում չի իրականացնում։ Կան որոշ դրամաշնորհային ծրագրեր, ԵՄ որոշ ինստիտուտներ աջակցել են Հայաստանին օրենսդրությունը բարելավելու համար, բայց ոչ վերականգնվող էներգետիկայի ոլորտում։ Սա, ըստ փորձագետի, նշանակում է, որ Հայաստանում առկա ավանդական ենթակառուցվածքները մեր էներգետիկ անվտանգության հիմնասյուներն են։

Ի դեպ՝ ռուսական փորձագիտական շրջանակները, մասնավորապես քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը այս խնդրում նաեւ առաջ է քաշում Ղարաբաղյան խնդիրը՝ հռետորական հարց բարձրացնելով՝ եթե օրինակ Երեւանը իր էներգետիկ ոլորտի արդիականացման համար ընտրի եվրոպական ուղղությունը, արդյո՞ք Բրյուսելը  պատրաստ է Մոսկվայի նման ապահովել ստատուս քվոն Ղարաբաղյան հակամարտության գոտում։

Հատված «Ռադիոլուրի» ժամը 18։00- ի հիմնական թողարկումից

Կարդացեք նաև

Back to top button