

Մեր բանակն այսօր ուժեղ է և մարտունակ, ունակ է կատարելու իր առջև դրված խնդիրները: Սակայն դա չի նշանակում, թե մեր զինված ուժերը չպետք է կատարելագործվեն և զարգանան:
Այս մասին երեկ հայտարարել է Հանրապետության Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը՝ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում կրթական նոր ծրագրի մեկնարկն ազդարարող նիստում:
Այն սկսվել է «ՀՀ պաշտպանական համակարգի բարեփոխումների ռազմավարական ուղենիշները» թեմայով: Գերագույն գլխավոր հրամանատարը շեշտել է, որ այսօր սահմանում է նոր՝ անհամեմատ բարձր նշաձող ՀՀ ԶՈՒ-երի արդիականացման համար:
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կտրուկ արդիականացումը ժամանակի պահանջն է: Դա նաև թելադրված է ինչպես այսօրվա, այնպես էլ ապագայի մարտահրավերներով՝ երեկ հայտարարեց ՀՀ նախագահ, գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը:
Ես այսօր խնդիր եմ դնում մշակել բանակի արդիականացման նոր յոթնամյա ծրագիր՝ 2018-2025 թվականների համար: Այդ ծրագիրը պետք է իրականություն դարձնենք համատեղ ուժերով՝ ես, որպես գլխավոր հրամանատար, պաշտպանության նախարարը, զինված ուժերի հրամանատարական կազմը, մեր զինվորները և ողջ հասարակությունը:
Սերժ Սարգսյան
Յոթ տարի հետո ներկայումս արդեն իսկ մարտունակ բանակը պետք է հասած լինի որակական նոր՝ բացառիկ մակարդակի: Բանակի արդիականացումը վերաբերում է և՛ կազմակերպվածության մակարդակին, և՛ զինատեսակներին, և՛ զինվորականների սոցիալական հարցերին, այսինքն՝ բանակի հետ կապված խնդիրների ողջ համալիրին՝ շեշտեց նախագահ Սերժ Սարգսյանը:
Անդրադառնալով թեմային՝ բանակի արդիականացման տեսական հարցերով հրապարակումների հեղինակ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լեւոն Շիրինյանն, այսօր մեզ հետ զրույցում նախ կարծիք հայտնեց, որ բանակի արդիականացման յոթնամյա ծրագիր մշակելու համար նախագահի ելույթում առաջադրվել են շատ հրաշալի խնդիրներ եւ ինքն ամբողջովին կիսում ու որպես քաղաքագետ հաստատում է, որ այդ առումով կա միջազգային պրակտիկա:
Սակայն, քաղաքագետի ձեւակերպմամբ, այստեղ մի բայց կա.
Միաժամանակ, հավելեց Լեւոն Շիրինյանը, բանակի արդիականացումն ինքը լոկոմոտիվի նման կարող է քաշել հասարակության մնացած սեկտորների արդիականացումը: Քաղաքագետի ձեւակերպմամբ՝ դա այն է, ինչը մեզ պետք է:
Բանակի արդիականացումը ենթադրում է նաեւ ռազմարդյունաբերական համալիրի արդիականացում, ինչին նույնպես անդրադարձել էր երկրի ղեկավարը: Այս ուղղությամբ բաղադրիչներից մեկը ՏՏ ոլորտի ներգրավումն է ռազմաարդյունաբերության մեջ:
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի խոսքով, ներկայումս տեղեկատվական տեխնոլոգիաների եւ Պաշտպանության ոլորտների համագործակցությունը անհամեմատ բարելավվել է և գործնական բնույթ է կրում, իսկ պոտենցիալը բավականին մեծ է:
Իր խոսքում նախագահը նշել էր նաեւ զինվորական ծառայության պայմանները բարելավելու մասին՝ առաջին գծում կանգնած զինվորից մինչև հրամանատար: Այստեղ մանրուքներ չկան և չպետք է լինեն: Ամեն ինչ կարևոր է՝ սկսած հանդերձանքից, վերջացրած սպայական կազմի բնակարաններով: Բանակում կարգապահության մասին խոսելով՝ նախագահը շեշտել է, որ այն պետք է լինի ամենաբարձր մակարդակի: Ոչ կանոնադրային հարաբերությունները և անփութությունը պետք է իսպառ բացառվեն: Այդ պատճառով մենք կորուստներ չպետք է ունենանք: Դրանք անտեղի կորուստներ են՝ նշել է նախագահը:
Այդ ցավոտ հարցերով երկար ժամանակ զբաղված իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը մեզ հետ զրույցում ասաց, թե հրապարակային խոսքերում, քննարկումներում եւ մշակված օրենքներում ամեն ինչ լավ է, սակայն, կյանքի կոչելու առումով պատկերը միշտ այլ է լինում, իրականացման կամքը չի երեւում:
«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանն ասաց, թե դժվար է պատկերացնում «իսպառ բացառումը», քանի որ աշխարհի որեւէ երկրում ոչ կանոնադրային հարաբերությունները, որոնք որոշ դեպքերում նաեւ ցավալի կորուստների են հանգեցնում, իսպառ բացառված չեն: Նա նաեւ հետեւյալ տեսակետը հայտնեց.
Փորձագետը հավելեց, որ բանակի արդիականացման նոր յոթնամյա ծրագրի հնարավոր արդյունքների մասին հնարավոր է խոսել, երբ մշակված կլինի ծրագիրը ու պարզ կլինեն դրան հասնելու համար ենթադրվող քայլերը:




