

Այսօր ԱԺ-ում առաջին ընթերցմամբ՝ 86 կողմ, 9 դեմ ձայների հարաբերակցությամբ, ընդունվեց «Պաշտպանության մասին» օրենքի նախագիծը: Դեմ են քվեարկել «Ելք» խմբակցության անդամները:
Խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի ներկայացմամբ՝ խնդիր են տեսնում այն փիլիսոփայության հետ, որը դրված է ԳՇ-ի ձեւավորման հիմքում, նաեւ բավարար չեն համարում ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման տեմպերը:
Ընդհանուր առմամբ՝ այսօր խորհրդարանն ընդունել է երեկ քննարկված բոլոր նախագծերը, Իսկ այսօր արդեն անցել է կարեւոր հարցերից մեկի քննարկմանը, որն առնչվում է «տարկետման իրավունքին»:
Ուսանողների բողոքի ուղեկցությամբ եւ պատգամավորներին՝ շենքից դուրս գալու ու իրենց հետ հանդիպելու կոչերով էր ուղեկցվում այսօր ԱԺ-ում ընթացող քննարկումը: Ուսանողների «տարկետման իրավունքին» առնչվող «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծն էր օրակարգում:
Այն իր մեջ միավորում է ներկայումս գործող 3 օրենքները, նաեւ կարգավորումների հիմք է ստեղծում «Պատիվ ունեմ» եւ «Ես եմ» ծրագրերի համար: Կարգավորումները սկզբունքային են պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի համար:
«Պետք է ծառայեն բոլորը»:
Հենց այս սկզբունքն էլ անհասկանալի է թվում նախագծի ընդդիմախոսներին: «Բանակում չծառայածների կառավարությունը ինչու է ցանկանում զրկել ուսանողներին այն իրավունքից, ինչից ժամանակին օգտվել են իրենք»,- պատգամավոր Էդմոն Մարուքյանն այս հարցի պատասխանը ցանկանում էր ստանալ հատկապես, իր իսկ ձեւակերպմամբ՝ «փառապանծ կարիերա» սարքած ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Կորյուն Նահապետյանից:
Այո, օգտվել է տարկետման իրավունքից, բայց այսօր վատ չի զգում բոլորովին այլ նախագիծ ներկայացնելու համար՝ սա է Կորյուն Նահապետյանի դիրքորոշումը:
Տարկետման իրավունքից օգտվելուց, 6 ամսվա հատուկ ուսուցում անցնելուց եւ մեկամսյա ակտիվ վարժանքներին մասնակցելուց հետո պահեստազորի լեյտենանտի կոչում ունեցող Կորյուն Նահապետյանը ավելի քան համոզված է՝ այս նոր կարգավորումներով ճիշտ ուղի են ընտրել:
«Մենք այսօր խնդիր ունենք արդիականացնելու մեր բանակը»:
Անգամ ներկայացված նախագծի օգնությամբ խնդրի լուծման բարդությունները կապված են հասարակության ընկալումների հետ: Պատգամավորներից Նիկոլ Փաշինյանը եւ Նաիրա Զոհրաբյանը վկայակոչում են՝ մեզանում առկա արատավոր ավանդույթները:
Այն, որ անհավասարությունը զորակոչի ընթացքում չի կարգավորվի անգամ այս օրենքով, ընդդիմախոսները փորձում են հաստատել մեկ այլ օրինակով: ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետում այս պահի դրությամբ էլ կան թափուր տեղեր, իսկ եկեղեցաբանության ֆակուլտետն այս տարի ունի 4 ուսանող: Սա այն դեպքում, երբ Գեւորգյան ճեմարան ընդունվելու համար այս տարի դիմել է 48 երիտասարդ, որոնցից ընդունվել է 18-ը: Հետաքրքրությունը ճեմարանի հանդեպ որոշ դեպքերում հիմնավորվում է նրանով, որ այդ երիտասարդներն ազատվում են բանակում ծառայելուց: Պատգամավորների համոզմամբ՝ սա անհավասարության լավագույն դրսեւորումն է:
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հավաստիացրեց՝ բաց է քննարկումների եւ ճկուն՝ առաջարկներն ընդունելու համար: Բայց եւ վճռական է իր սկզբունքներում:
Խորհրդարանական եւ հանրային քննարկումներից հետո պաշտպանության նախարարի մոտ տպավորություն է ստեղծվել, թե իր նախաձեռնությունների հանդեպ մեծամասամբ ձեւավորվել է դրական մոտեցում: Անգամ երիտասարդների շրջանում «Պատիվ ունեմ» եւ «Ես եմ» ծրագրերով հետաքրքրվողներ արդեն կան: Իհարկե, դեռ վաղ է խոսել կամավորների մասին, բայց նախարարությունն իրականացրել է հարցումներ:
Ծրագրերը շահագրգռում են իրենց սոցիալական ուղղվածությամբ եւ յուրատեսակ «սոցիալական վերելակի» են վերածվում՝ հիմնավորում է նախարարը: Ինչ վերաբերում է ընդհանուր կանոնակարգումներին, ապա դրանց ուշագրավ հատվածը հետեւյալն է.
Այսօր քննարկված օրենքը խորհրդարանում քվեարկության կդրվի վաղը: Սակայն սա ամենը չէ: Պաշտպանության նախարարը մեկ այլ սկզբունքային դիրքորոշում եւս ունի, որը դեռ օրենսդրական կարգավորումների չի ենթարկվել:
Վիգեն Սարգսյանը, սակայն, այսօր ակնարկեց՝ դեմ է, չի կարելի գումարով ազատվել սահմանադրական պարտականությունների կատարումից: Նախարարը նորմալ չի համարում, երբ ինչ-որ մեկը գումարի դիմաց ազատվում է ծառայությունից, իսկ սոցիալապես անապահով ընտանիքի անդամը չի կարող այդ գումարը վճարել ու ծառայում է առաջնագծում:




