

ՀՀ-ԵՄ շրջանակային նոր համաձայնագրի ստորագրման հարցը կրկին հարցականի տակ է` կարծում են շատ փորձագետներ ու քաղաքագետներ: Փաստաթղթի ստորագրմանը մնացել է ուղիղ մեկ ամիս ու կրքերը նորից թեժացել են: Ինչն է նման կասկածների տեղիք տվել և որքանով են հիմնավոր մտավախությունները: ՀՀ փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը փարատելով կասկածները միևնույն ժամանակ ձեռնպահ մնաց այլ երկրների փոխարեն որևէ վստահեցում անել փաստաթղթի ստորագրման հարցում: Նոր փաստաթուղթն ընդամենը տեխնիկական բնույթի բարդություններ է առաջացրել՝ ասաց:
«Կան տեխնիկական բնույթի խնդիրներ և անդամ երկրներում փաստաթուղթը ներպետական ընթացակարգեր պետք է անցնի:
Հնարավո՞ր է, որ որևէ երկիր համաձայնություն չտա ստորագրմանը:
— Դուք ուզում եք, որ ես պատասխանեմ 28 անդամ երկրների փոխարե՞ն»:
Նա համարեց վստահեցնել, որ և ՀՀ և ԵՄ պատրաստ են և ուզում են, որ նոյեմբերի 24-ին ստորագրվի համաձայնագիրը, սակայն, ինչպես նշեց, անդամ երկրներում փաստաթուղթը ներպետական ընթացակարգեր դեռ պետք է անցնի, սակայն դա չի խանգարի ստորագրմանը՝ հույս հայտնեց փոխարտգործնախարարը:
Հարցը սակայն պատասխան չունի Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Կարծիքներ են հնչում, որ Արևելյան գործընկերության անդամ Ադրբեջանը, իրեն հատուկ գործելաոճով, համագործակցում է ԵՄ անդամ Հունգարիայի հետ՝ խոչընդոտելու համար ՀՀ-ԵՄ շրջանակային նոր համաձայնագրի ստորագրումը: Հիշեցնեմ, Բուդապեշտը ժամանակին համագործակցելով Բաքվի հետ Ադրբեջանին արտահանձնեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ոճրագործին։ Դրանից հետո ՀՀ-ն խզեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ:
Հարցը լսելուն պես դեսպանը առաջարկեց խոսել տարածքային զարգացման խնդիրների մասին:
Իսկ մինչ այդ՝ խոսելով զուտ համաձայնագրի ստորագրման մասին, նա վստահեցրեց, թե ջանքեր են գործադրվում, որպեսզի գործի դրվեն բոլոր ընթացակարգերը, որ ապահովեն ժամանակին համաձայնագրի ստորագրումը: Ես հավատացած եմ, որ դա կիրականացվի, դուք գիտեք, որ ես լավատես եմ՝ ասաց Սվիտալսկին:
«Բոլոր քայլերը և միջոցները ձեռնարկվում են ԵՄ կողմից, որպեսզի այդ համաձայնագիրը ստորագրվի: Մենք վճռական ենք այդ հնարավորությունն ընձեռելու, որ ստորագրվի այդ համաձայնագիրը»:
Որևէ կասկած չկա, որ ԵՄ- ն դրական է տրամադրված փաստաթղթի ստորագրման հարցում, սակայն, հիշենք ՀՀ փոխարտգործնախարարի խոսքը, դժվար է պատասխանել ԵՄ անդամ 28 երկրների փոխարեն:




