

Խորհրդարանում այսօր սկսել են պաշտպանության ոլորտին վերաբերող երկու առանցքային նախագծերի քննարկումը: «Պաշտպանության մասին» նոր օրենքի նախագիծը և զինծառայության կարգն ու պայմաննները վերասահմանող օրինագիծը մինչև խորհրդարան հասնելը հասցրել են թեժ քննարկումների առիթ դառնալ: Դրանց շուրջ նաև մարզային քննարկումներ, խորհրդարանական լսումներ են կազմակերպվել, բանավեճ ծավալվել է առաջարկվող դրույթներից հատկապես մեկի՝ տարկետման իրավունքի վերանայման շուրջ:
Այս հարցը խորհրդարանը քննարկելու է վաղը, իսկ այսօր պատգամավորները «Պաշտպանության մասին» օրենքի նոր նախագծին են անդրադարձել:
«Օրենքն իրավական հիմքեր է ստեղծում պաշտպանության ոլորտի նոր քաղաքականությունների մշակման և ներդրման համար»,- այսօր խորհրդարանում ասել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Նա նշել է, որ պաշտպանության ոլորտի մայր օրենքն ամրագրում է պետություն-հասարակություն-քաղաքացի հարթություններում երկրի ռազմական անվտանգության սկզբունքները:
Օրենքի կարգավորման տիրույթ է մտնում զորակոչի կազմակերպումը: Նախագծով առաջարկվում է զորակոչի անցկացման լիազորությունը Գլխավոր շտաբից փոխանցել ՊՆ-ին: Հստակեցվում են պետական տարբեր կառույցների լիազորություններն ու պարտականությունները, Զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության մեխանիզմները:
«Մասնավորեցվել են Սահմանադրությամբ ամրագրված լիազորությունները: Մասնավորապես, բացազատվել է ՀՀ վարչապետի լիազորությունները խաղաղ ժամանակ, ՀՀ-ին նպառնացող անմիջական վտանգի կամ զինված հարձակման դեպքում և պատերազմի դեպքում՝ որպես գերագույն հրամանատարի: Սահմանադրությամբ նախատեսված է, որ պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները սահմանում է Անվտանգության խորհուրդը»:




