

Այսօր բացվել է Երևանում ուռուցքաբանության ֆրանսիական կենտրոնը: Կենտրոնի նպատակն է Հայաստանում իրականացնել քաղցկեղով հիվանդների բուժում եվրոպական չափանիշերին համապատասխան:
«Երևանում ուռուցքաբանության ֆրանսիական կենտրոնը», ի դեպ, ոչ առաջին և ոչ էլ, ըստ էության, վերջին կլինիկան է, որ զբաղվելու է քաղցկեղի հայտնաբերմամբ, կանխարգելմամբ և բուժմամբ:
Ու չնայած կան նման բուժհաստատություններ՝ Հայաստանում քաղցկեղով հիվանդացության ու մահացության դեպքերը շարունակում են աճել։
Փարիզաբնակ դաշնակահարուհի Կեի Սաուտոմեի մոտ մեկ ու կես տարի առաջ ախտորոշեցին կրծքագեղձի քաղցկեղ: Հենց այդ պահից բժիշկներն արգելեցին նրան դաշնամուր նվագել: Այն ավելի կվնասեր հիվանդին: Սիրելի զբաղմունքից հրաժարվելն իհարկե դժվար էր ճապոնուհի Կեիի համար։ Անգամ ուռուցքաբանի խոսքերը՝ «նախևառաջ կյանքը, հետո նոր երաժշտությունը» չստիպեցին իրեն հրաժարվել երաժշտությունից: Մինչ բազմաթիվ բժիշկներ պնդում էին, որ բուժումը հնարավոր է միայն վիրահատությունից հետ, զրուցակիցս հանդիպում է ուռուցքաբան Նորբերտ Ավետյանին: Միայն հայազգի բժիշկն է, որ խոստանում է բուժել առանց որևէ վիրահատության:
«Բարեբախտաբար նա ոչ միայն իմ, այլև իմ երաժշտության կյանքը փրկեց: Հաշվի առնելով թե ինչպիսի պաթոլոգիա է քաղցկեղը, երբեք չես կարող վստահ լինել, որ այլևս չի կրկնվի, սակայն, փառք Աստծո, ես այժմ լիովին ապաքինված եմ, անհետացել են քաղցկեղածին բոլոր բջիջները»:

Կեի Սաուտոմեն իր ապաքինման առիթով պատրաստվում է բարեգործական համերգ տալ Ճապոնիայում, Ֆրանսիայում և Հայաստանում: Հայաստանյան համերգը տեղի կունենա այսօր՝ Կոմիտասի տուն-թանգարանում, «Ռադիոլուրի» հետ զրույցում հայտնեց դաշնակահարուհին: Ի դեպ՝ երկար տարիների ընթացքում դոկտոր Նորբերտ Ավետյանը Փարիզում ընդունել է բազմաթիվ այցելուների, այդ թվում՝ Հայաստանից ժամանած քաղցկեղով տառապող մեծ թվով մարդկանց:
Առողջական ծանր վիճակի հետ մեկտեղ՝ արտերկիր մեկնելիս հիվանդներն անցնում են բազում այլ դժվարությունների միջով՝ ֆինանսական բարդություններ, լեզվի չիմացություն, հոգեբանական և ֆիզիկական մեկուսացվածություն: Այս բոլոր խնդիրներից խուսափելու համար մեր հայրենակիցներն այլևս ստիպված չեն լինի մեկնել արտերկիր: Նորաբաց «Երևանում ուռուցքաբանության ֆրանսիական կենտրոնը» առաջարկում նույն ծառայությունները կենտրոնի բացման ժամանակ հայտարարեց կլինիկայի ղեկավար Նորբերտ Ավետյանը:
Առաջիկայում մենք կկարողանանք իրականացնել ախտորոշում: Մեր հիմնական նպատակն է, որպեսզի հիվանդն իր բուժումը ստանա հայրենիքում, հարազատ միջավայրում և ստիպված չլինի մեկնել արտասահման: Բուժման որակը կլինի նույն մակարդակի վրա, ինչ Ֆրանսիայում: Մենք կկարողանանք յուրաքանչյուր հիվանդին ցուցաբերել անհատական մոտեցում: Մենք լիովին գիտակցում ենք, թե ֆինանսական ինչպիսի խնդիրներ կան այս երկրում բժշկության հետ կապված: Չնայած դրան մենք ամեն ինչ կանենք, ոպեսզի կարողանանք ապահովել անգամ ամենաչքավոր խավի բուժումը:
Ֆինանսական խնդիրները կլուծի համապատասխան հիմնադրամը: Միևնույն ժամանակ` բժշկական ծառայությունը համապատասխան շարժական կլինիկայի շնորհիվ հասանելի կլինի ոչ միայն Երևանում, այլև մարզերում: «Երևանում ուռուցքաբանության ֆրանսիական կենտրոնo», ի դեպ, ոչ առաջին և ոչ էլ վերջին կլինիկան է, որ Հայաստանում զբաղվում է քաղցկեղի հայտնաբերմամբ, կանխարգելմամբ և բուժմամբ: Ու չնայած կան նման բուժհաստատություններ՝ քաղցկեղով հիվանդացության ու մահացության դեպքերը շարունակում են աճել Հայաստանում:

World Life expectancy հետազոտական կենտրոնի հրապարակած վերջին արդյունքների համաձայն՝ Հայաստանն աշխարհի 172 երկրների շարքում քաղցկեղային հիվանդություններից մահացությունների թվով զբաղեցնում է առաջին հորիզոնականը: Ի՞նչն է պատճառը, որ կառուցվող նոր կլինիկաներին և ներմուծվող նորագույն սարքավորումներին զուգահեռ հիվանդացության և մահացության թվերը նվազելու փոխարեն աճում են: Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում իր անհամաձայնությունը հայտնեց մեր ներկայացրած տվյալների վերաբերյալ: Իհարկե՝ ցուցանիշը բարձր է, բայց ոչ ամենաբարձրը, ասում է:
Թե այս տարիների ընթացքում կանխարգելման և բուժման ինչ առաջընթաց ենք գրանցել, փոխնախարարը պատասխանեց, որ դա երկարատև գործընթաց է, որի ուղղությամբ աշխատում են:




