

Քաղաքագետները դեռ շարունակում են վերլուծել մի քանի օր առաջ կայացած ժնևյան հանդիպումը, որի ընթացքում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները պատրաստականություն էին հայտնել առաջընթաց ապահովել գործընթացում:

Միամտություն կլիներ բեկում ակնկալել ժնևյան հանդիպումից, սակայն ընդհանուր առմամբ դրական է հենց միայն այն հանգամանքը, որ կայացավ Սարգսյան-Ալիև հանդիպումը՝ ասաց Էթնոքաղաքական հակամարտությունների փորձագետ Վան Հարությունյանը՝ վերլուծելով կայացած հանդիպումն ու դրան հաջորդած ՄԽ-ի հայտարարությունը։ Ըստ նրա՝ առաջընթացի մասին ձևակերպումը ցույց է տալիս, որ գործընթացը կենդանի է:
Երկու պետությունների ղեկավարները համաձայնել են միջոցներ ձեռնարկել՝ ակտիվացնելու բանակցային գործընթացը և դա խոսում է նրա մասին, որ բանակցային գործընթացը կենդանի է ու ՄԽ—ի ձևաչափն ընդունելի է երկու կողմի համար էլ, չնայած այն քննադատությանը, որ հնչում է ՄԽ—ի ու գոյություն ունեցող ձևաչափի հասցեին:

Քաղաքագետ Արեգ Գալստյանի համոզմամբ՝ ՄԽ-ը ոչ մեխանիզմներ ունի, ոչ էլ հնարավորություն՝ կարգավորելու ղարաբաղյան խնդիրը:
ՄԽ—ը միջազգային տրիբունայի դեր է կատարում, որի միջնորդությամբ Հայաստանն ու Ադրբեջանը դիվանագիտական բանակցություններ են վարում՝ պահպանելով ստատուս քվոն: Դա արվում է, քանի որ որևէ երկրի լայնածավալ ռազմական գործողություն պետք չէ: Որևէ գերտերություն չի կարող լուծում պարտադրել, եթե հայկական ու ադրբեջանական կողմերը չեն ցանկանում կարգավորել հակամարտությունը:
Նրա համոզմամբ՝ ոչ Հայաստանը, ոչ էլ Ադրբեջանը պատրաստ չեն կարգավորման: Քաղաքագետը մինչև 2020 թվականը ղարաբաղյան խնդրում որևէ տեղաշարժ չի ակնկալում:




