
Անի Մինասյան
«Ռադիոլուր»
Սահմանային գյուղերում ապրող մարդիկ, իրենց առօրյան կամա թե ակամա կիսում են սահմանի հակառակ կողմում ապրողների հետ՝ անգամ այդ սահմանի փակ լինելու պարագայում:
Երվանդաշատը հայ- թուրքական սահմանին գտնվող միակ գյուղը չէ, բայց դրա օրինակով կարող ենք իմանալ, թե ինչպես են փակ սահմանին մոտ ապրում մեր հայրենակիցները։
Չնայած Երվանդաշատը Երևանից հեռու է 80 կիլոմետր, բայց գյուղ հասնելու համար պահանջվում է ամենաքիչը երկու ժամ: Ճանապարհը սարքին չէ, ու արդեն 4-5 տարի է չի գործում Երվանդաշատ- Բագարան-Արմավիր երթուղին: Երթուղին սպասարկող ընկերության լիցենզիայի ժամկետը լրացել է, նորերն էլ չկան, ասում են՝ շահավետ չէ: Ծախսերը շատ են, եկամուտը՝ քիչ:
Սակայն երվանդաշատցիներն ու բագարանցիներն ասում են, որ ուսանողներ, քաղաք գանցող-եկողներ շատ ունեն: Մեքենաները երբեք դատարկ չեն գնացել-եկել: Հայկուշ Հակոբյանն ասում է՝ իրենց միջոցներով են քաղաք հասնում՝ չդժգոհելով:
Երվանդաշատում Խաչիկյաններին գիտեն որպես Քարափ քանդող Խեչիկենք: Հենց Խաչիկյաններից Դավո պապի անվան հետ է կապված Երվանդաշատում կառուցված առաջին ճանապարհը: Արկադի Խաչիկյանը կես կատակ, կես լուրջ ասում է՝ ճանապարհը կառուցելու օրվանից համարյա փոփոխություն չի կրել:
Երվանդաշատում հիմնական երկու տոհմ կա պատմական Բագրանից եկած՝ Խաչիկյանների ու Սարգսյանների: Ռուբիկ պապը Սարգսյան է: Գյուղում նրան լավ գիտեն՝ գյուղից պատմելու բան լինի՝ իր մոտ են ուղարկում: Պատմական Բագարանին երվանդաշատցիները Բագրան են ասում:
Չնայած Բագրանը չի տեսել, բայց հիշում է իր հոր, պապի ու մեծ պապի պատմածները: Դրանցից ամենասիրելին Ռուբիկ պապի համար Գևորգ Մարզպետունու գերեզմանի պեղումներին իր պապի մասնակցության պատմությունն է:
Այստեղ Հայաստանը Թուրքիայից բաժանում են ոչ միայն փշալարերը, այլև մրգերի այգիները, ձորերը, ամենօրյա անցնելու ճանապարհները, Արաքս գետը: Բայց փշալարերը պատմական հուշարձանները բաժանել են շատ արհեստականորեն: Պատմական Երվանդաշատի մի հարվածն այս կողմում է, մյուսը՝ դեռ այն:
Արկադի Խաչիկյանն ասում է՝ գյուղում համատեղ տուրիզմ զարգացնելու մասին շատ են մտածել:
Մինչև 1950-ականները գյուղը մոտ 90 տոկոսով բնակեցված է եղել թուրքերով: Վերջին ընտանիքը գյուղը լքել է 88-ին: Սահմանից երևում են ոչ միայն թուրքական գյուղերը, այլև բարձր ու հնչեղ լսվում է մահմեդական նամազի ձայնը:
Իրենք իրենց չափով սահմանապահ են: Ասում են՝ միայն մեկ բան են ուզում, որ սահմանի հակառակ կողմից երևա, թե Հայաստանում ինչ շեն տներ ունեն, ինչ նորոգված ու լավ ճանապարհներ:




