
Նորայր Շողիկյան
«Ռադիոլուր»-ի համար
Գինեսի ռեկորդակիր Տաթևեր ճոպանուղին դարձավ 7 տարեկան:
Այն հասցրել է սիրելի դառնալ ոչ միայն տեղի բնակիչների, այլև աշխարհի տարբեր ծայրերից Տաթև ժամանող զբոսաշրջիկների համար:
Ճոպանուղու բացման օրը նրա հյուրերին Տաթևի վանքի բակում համերգով ողջունեց Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբը:
16 կիլոմետր երկարություն, 320 մետր բարձրություն և 12 րոպե օդային թռիչք: Այս չափանիշներով գինեսի ռեկորդակիր Տաթևեր ճոպանուղին արդեն 7 տարեկան է: 2010թ.-ից մինչ օրս այն հյուրընկալել է 600.000 այցելուի, որոնց մի մասն արդեն հավատարիմ հաճախորդներ դարձած՝ մոտակա գյուղերի բնակիչներն են:
«Ճոպանուղուց օգտվում եմ, առևտուր եմ անում: Հաճախ ենք օգտվում: Հիվանդանոցի աշխատողներ ենք, ճոպանուղով գնում ենք մոտակա գյուղեր, այցելում ենք հիվանդներին ու հետ ենք գալիս:
Երեխաների հետ գալիս ենք եկեղեցի, մոմ ենք վառում: Գնում ենք էքսկուրսիա»:

Տաթևերով ճախրելու հաճույքը զգալ ցանկացողների մեծ մասն էլ ՀՀ տարբեր մասերից և արտասահմանից եկող զբոսաշրջիկներն են:
Հենց նրանց համար էլ թռիչքի ողջ ընթացքում 3 լեզուներով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն, ներկայացվում են տարածքի մշակութային հուշարձանները:
Ճոպանուղու ծննդյան օրը նրա հյուրերին վանական համալիրի բակում անակնկալ էր սպասվում: Տաթևի վանքում ելույթ ունեցավ Հովհաննես Չեքիջյանի ղեկավարած Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբը: 1111 տարեկան վանքի պատմության մեջ այս համերգը մեծ իրադարձություն է՝ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նշեց Տաթևի վանքի վանահայր Տեր Միքայել Վարդապետ Գևորգյանը:

«Վերջերես շատացել են մշակութային միջոցառումները Տաթևի վանքի տարածքում, և ես սա համարում եմ, որ Տաթևի համալսարանի կրթամշակութային դաստիարակության դպրոցի շարունակությունն է»:
Համերգի կազմակերպիչ IDEA հիմնադրամի մշակութային ծրագրերի ղեկավար Էլեոնորա Մալխասյանի խոսքով՝ համերգի վայրը պատահական չէր ընտրված: Այստեղ միավորվեցին հոգևոր և մշակութային երկու մեծությունները:
Էլեոնորա Մալխասյան. «Այս համերգը մեր ժողովրդի երկու մեծ արժեքների հանդիպումն էր Տաթևի բակում: Փորձեցինք անցյալի բարձունքից գնահատել այն, ինչ ունենք այսօր»:

Տաթևի բակում շուրջ 1 ժամ տևած համերգը Հովհաննես Չեքիջյանի խոսքով մեծ բավականություն էր, թե իր, թե ամբողջ երգչախմբի համար: Չնայած ուժեղ քամուն, համերգը չդադարեց անգամ, երբ բեմի վրայից ընկնում էին միկրոֆոնները:
Սա մի հրաշք է, մեր հերթական հրաշքներից մեկն է, և այս վանքը տեսնողը ավելի շատ հայանում է: Մեր խումբը, որ եկավ այստեղ, ավելի շատ հրճվանքով եկավ, որովհետև այսպիսի բան առաջին անգամ էին տեսնում:
Տաթևից հեռանալով մաեստրո Հովհաննես Չեքիջյանը հույս հայտնեց, որ ակադեմիական երգչախումբը համերգով դեռ կվերադառնա վանական համալիր:




