

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր «Այբ» կրթական ավանում մասնակցել է 3-րդ մասնաշենքի պաշտոնական բացման արարողությանը: Երկրի ղեկավարը ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի եւ հաստատության ղեկավարության ուղեկցությամբ շրջայց է կատարել նորակառույց մասնաշենքում՝ ծանոթանալով այստեղ ստեղծված պայմաններին:
«Այբ» միջին դպրոցի նոր մասնաշենքը «Այբ» կրթական հանգույցի բաղադրիչներից մեկն է: Նախագահին ներկայացվեցին նորակառույց մասնաշենքի հնարավորությունները: Նոր մասնաշենքի կառուցումը հնարավոր է դարձել «ԱՅԲ» համայնքի՝ կրթության գաղափարի շուրջ միավորված տասնյակ բարերարների ֆինանսական աջակցությամբ:

Նորակառույց մասնաշենքը քառահարկ է՝ 4200 քմ ընդհանուր մակերեսով, ունի բազմաթիվ լաբորատորիաներ ու արհեստանոցներ, արվեստի ու արհեստի ստուդիաներ, մարզասրահ, դահլիճ-ամֆիթատրոն, հանգստի և խաղի գոտիներ:

«Այբ»-ի պատասխանատուները վստահ են, որ ստեղծվել են երեխաների հագեցած, հետաքրքիր ուսումնառության ու նրանց ստեղծագործ ներուժի բացահայտմանը նպաստող լավագույն պայմանները: Շենքը հնարավորություն ունի ապահովելու 5-9-րդ դասարանցի 180 աշակերտի ուսումնառության պահանջները: Այն ունի 11 դասասենյակ:

«Այբ» դպրոցի նոր, 3-րդ մասնաշենքը հերթական քայլն է Հայաստանում օրինակելի կրթական միջավայր ստեղծելու՝ մեզ հտ զրույցում նշեց դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը: Տնօրենը տեղեկացրեց, որ այս պահին հաստատությունում սովորում է 400 աշակերտ: Նա հավաստիացրեց նաեւ, որ ընդհանուր առմամբ այստեղ սովորող յուրաքանչյուր 80 աշակերտից 20-ը եկել են մարզերից:




