Հասարակություն

Բանտերի 20 տարվա ռազմավարական ծրագիրը՝ հավակնոտ


Հանրային քննարկման է դրվել քրեակատարողական համակարգում 2018-2038 թթ. ռազմավարության ծրագիրը:

Ի՞նչ բարեփոխումներ կբերի այն: Այս հարցերի շուրջ այսօր խոսել են արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանն ու ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբի անդամ Ռոբերտ Ռևազյանը:

Նրանց որոշ դիտարկումներն ու գնահատականները՝  «Ռադիոլուրի» ռեպորտաժում:

ՔԿՀ-ներում  մոտ 20 տարվա ռազմավարությունը ներառում է մոտ 9 ուղղությամբ բարեփոխումների իրականացում: Գործողությունները ընդգրկում են օրենսդրական բարեփոխումներ, կոռոպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցառումներ, քրեակատարողական ծառայողների որակավորման-վերապատրաստման խնդիրներ, շենքային պայմաններ եւ այլն:

Այս ամենի մասին բավականին մանրակրկիտ խոսելով՝ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը շեշտեց, թե համակարգի խնդիրների լուծումը բացի քաղաքական կամքից պահանջում են նաեւ ֆինանսական միջոցներ: Դրա համար էլ 20 տարվա ռազմավարության մեջ կան ե՛ւ երկարաժամկետ, ե՛ւ կարճաժամկետ լուծումներ:

Բուժծառայություններ, քրեակատարողական աշխատողների որակավորում, աշխատավարձերի խնդիր, կառավարման փոփոխություններ, կոռուպցիոն ռիսկերի նվազեցում՝ այս ամենը 20 ամյա ռազմավարությունում հաշվի են առնվում՝ ասաց արդարադատության փոխնախարարը:

Համակարգի փոփոխություններն անհրաժեշտ է համարում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: Նրա կազմակերպությունը ռազմավարության մեջ ներառելու համար առաջարկներ է ներկայացրել: Նաեւ՝ մտահոգություններ հայտնել:

Այդ տեսանկյունից նա կարեւորում է նախկին նման ծրագրերին գնահատական տալը, ինչը, ըստ նրա, չի արվել: Այնինչ՝ գնահատելը հարկավոր է դասերը հաշվի առնելու համար: Ըստ Սաքունցի՝ 20-ամյա ռազմավարությունը նպատակ ունի նաեւ նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը, մինչդեռ, այնտեղ վերլուծություններ չկան այդ ուղղությամբ նախկին ծրագրերի վերաբերյալ, ինչը նույնպես կարեւոր է:

Բանախոսը նաեւ 20 տարվա ռազմավարությունը բավականին հավակնոտ համարեց, քանի որ չկա երաշխիք, որ դրա շարունակականությունը կապահովվի: Արթուր Սաքունցը գնահատմամբ՝ ոլորտում հաջողություններ կան, կան ուղղություններ, որոնք շատ լավ ներկայացված են նոր ռազմավարության մեջ, բայց կան նաեւ բացեր:

Օրինակ՝ անդրադարձ չկա, թե ինչպե՞ս պետք է լուծել քրեակատարողական հիմնարկներում գոյություն ունեցող չգրված օրենքների խնդիրը: Կազմակերպությունն իր առաջարկները ձեւակերպելու եւ ներկայացնելու է ԱՆ-ին՝ տեղեկացրեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավարը:

Նոր երկարաժամկետ ռազմավարության հետ կապված մտահոգություններ եւ առաջարկներ ունի ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը:

Խմբի անդամ Ռոբերտ Ռևազյանը 20 տարվա տեւողությունը դրական գնահատեց, քանի որ պետք է տեսնել, թե այդքան ժամանակ հետո ի՞նչ ենք ակնկալում ունենալ: Նա նույնպես հիմնական բացերից մեկը համարեց այն, որ նոր 20-ամյա ռազմավարությունը չի անդրադառնում ՔԿՀ-ներում հիերարխիկ հարաբերությունների խնդրին:

Արդարատադության նախարարությունն առաջարկվող բարեփոխումները միայնակ չէ, որ իրականացնելու է՝ նշեց փոխնախարար Սուրեն Քրմոյանը: Նա նաեւ հավելեց, որ 20-ամյա ռազմավարության նախագիծը վերջնական փաստաթուղթ չէ, դրա մշակումներն այս փուլում շարունակվում են եւ իրենք բաց են բոլոր կառուցողական առաջարկները քննարկելու ու ներառելու համար, որպեսզի հնարավոր լինի երկխոսության արդյունքում ունենալ մի փաստաթուղթ, որն ունակ կլինի լուծելու այն խնդիրները, որոնք տարիներ շարունակ կուտակվել են  համակարգում կամ ժառանգվել խորհրդային միությունից:

 

Կարդացեք նաև

Back to top button