Հասարակություն

Լոքյանը՝ խնդրի առաջ


Այսօր կառավարության նիստին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը «Մաքուր Հայաստան» ծրագրի ընթացքի և առաջիկա շաբաթօրյակի կազմակերպման վերաբերյալ հանձնարարական ներկայացրեց:

«Անցած ամիսների ընթացքում «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում իրականացվել է ծավալուն աշխատանք, Երևանում կազմակերպվել է երկու համապետական շաբաթօրյակ և երկու լրացուցիչ համաքաղաքային շաբաթօրյակ: Արդյունքում՝ 2017 թվականի հոկտեմբերի 3-ի դրությամբ արձանագրված 2029 աղբանոցներից մաքրվել կամ կոնսերվացվել է 1574-ը:
Բոլոր մարզերում ստեղծվել են համապատասխան հանձնաժողովներ և աշխատանքային խմբեր, գործադիր իշխանության մարմիններում նույնպես նշանակվել են «Մաքուր Հայաստան» ծրագրի պատասխանատուներ»,-ասաց նա:

«Չնայած արձանագրված արդյունքներին, առկա իրավիճակը դեռևս կարիք ունի համակարգված շարունակական միջոցառումների և լրացուցիչ արդյունքների»,- ասաց վարչապետը և հանրապետական գործադիր, տարածքային կառավարման մարմինների ղեկավարներին, Երևանի քաղաքապետին և համայնքների ղեկավարներին հանձնարարեց Տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից ղեկավարվող միջգերատեսչական հանձնաժողովի հետ համագործակցելով հետևողականորեն շարունակել Մաքուր Հայաստան ծրագրի շրջանակներում աշխատանքները` համաձայն հաստատված ծրագրի ու աշխատանքային պլանների:

Տարածքային կառավարման և զարգացման նախարարին էլ Կարեն Կարապետյանը հանձնարարեց ապահովել հոկտեմբերի 21-ին երրորդ համապետական շաբաթօրյակի կազմակերպմանն ուղղված նախապատրաստական աշխատանքների իրականացումը:

«Պարոն Լոքյան, մենք նաև այն ծրագրերը և ժամանակացույցը, որը կազմել ենք հետևողական պետք է գնանք: Իրավաբանական անձերի 25 տոկոսը լավ է, բայց ընդհանրապես ցուցանիշ չէ: Մինչև տարեվերջ 100 տոկոսով պայմանագրերը պետք է կնքվեն, նույնը վերաբերում է հավաքագրումներին»,- ասաց վարչապետը:

Կարդացեք նաև

Back to top button