

Հոկտեմբերի 9-ից մեկնարկած ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում ուշադրության կենտրոնում, ինչպես երեւում է, հայտնվել են մեր հարեւանները: Հենց նրանք էին պատճառը, որ «ադրբեջանական լվացքատուն» խորագրի ներքո հետաքննությունների արդյունքում հրաժարական ներկայացրեց ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը:
ԵԽԽՎ նոր նախագահի ընտրությունը, սակայն, հարթ չի ընթանում։ Այն իրականացվեց մի քանի փուլով, քանի որ թեկնածուներից եւ ոչ մեկը բավարար ձայն չէր ստանում: ԵԽԽՎ նախագահի պաշտոնին հավակնում են Ստելլա Կիրիակիդեսը՝ Կիպրոսից եւ Էմանուելիս Զինգերիսը՝ Լիտվայից։
Հայկական կողմն նախընտրում է առաջինին, ադրբեջանական կողմը՝ երկրորդին:
Արդյո՞ք երբեւէ հնարավոր է Հայոց ցեղասպանության պատմական իրողությունները ներառել համաշխարհային պատմության դասագրքերում: Հարցի պատասխանն այսօր հնչել է ԵԽԽՎ լիագումար նիստում, երբ եվրոպացի պատվիրակների հարցերին պատասխանում էր Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանը:
Չեխիայի խորհրդարանը այս տարվա ապրիլի 25-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ ընդունեց, նաեւ այդ պետությունն է այս պահին նախագահում ԵԽ Նախարարների կոմիտեում եւ իր առաջնահերթություններից մեկը համարում է կրթական համակարգը:

Իսկ թե ինչ ասաց Միլոշ Զեմանը Հայաստանի ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի հարցին ի պատասխան՝ առաջարկում ենք լսել այս պահին:
«Ձեր հարցն իրականում հարցերի մի խումբ է: Միջազգային հանցագործությունների մակարդակն այսօր աճում է «Իսլամական պետության» պատճառով: Ես այստեղ իրերը չեմ կոչի իրենց անուններով: Կան ահաբեկչության նաեւ այլ ձեւեր, բայց տվյալ պահին խոսքը հենց իսլամական տարբերակի մասին է: Այստեղ կան նմանություններ այն բանի հետ, ինչ տեղի է ունեցել հայերի հետ: Ես հիմա ասացի նույն բանն, ինչ հայտարարվել է Ֆրանսիայում, որտեղ, ինչպես հայտնի է, ընդունվել է օրենք Ցեղասպանության մասին: Մյուս կողմից ինձ քննադատում են Ադրբեջանի հետ լավ տնտեսական հարաբերություններ պահպանելու համար: Փաստորեն, ստացվում է այսպիսի մի Ջեքիլ եւ Հայդ, բայց ոչ մեկը չի կարող ասել, թե իմ կողմերից որն է Ջեքիլը, որը՝ Հայդը»:

Ահա այսպես Հայոց ցեղասպանության հարցը ԵԽԽՎ նիստում փակվեց: Իսկ վաղն առավոտյան նույն դահլիճում բացվելու են «ադրբեջանական հարցերը»: Ադրբեջանին առնչվող հարցերը վաղվա օրակարգային առաջին երկու զեկույցներն են: Մեկը վերաբերում է Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների կայացմանը, մյուսը՝ մարդու իրավունքներին: Զեկույցներն ու դրանց հիման վրա ԵԽԽՎ պահանջները Ադրբեջանից արդեն տեղադրված են ԵԽԽՎ պաշտոնական կայքէջում:
Դրանցից տեղեկանում ենք, որ զեկուցողներն Ադրբեջանում ուսումնասիրվել են մարդու իրավունքների իրավիճակը, մամուլի ու խոսքի ազատությունը, քաղաքացիական հասարակության գործունեությունը, քաղաքական ազատությունները, իրավական համակարգը, անդրադարձել են նաեւ «խղճի բանտարկյալներ»-ին:
ԵԽԽՎ իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովը մտահոգվել է արձանագրված փաստերով: Զեկույցներում դատապարտում են իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից խոշտանգումների դեպքերը եւ այդ առումով արդյունավետ քննության բացակայությունը: Նաեւ մտահոգություն կա դատական համակարգի անկախության բացակայության եւ քրեական օրենքի կամայական կիրառման համար։ ԵԽԽՎ-ն վաղը հորդորելու է Ադրբեջանի իշխանություններին շարունակել բարեփոխումները: Բայց ամենակարեւորը՝ լիարժեք իրականացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավճիռները:

Ի դեպ, հենց այս պահանջն էր վերջերս պատճառ դարձել Իլհամ Ալիեւի «խռովության» համար: 6 օր առաջ Եվրամիության Քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի պատվիրակների նա սպառնացել էր, որ Ադրբեջանը պատրաստ է դուրս գալ Եվրոպայի խորհրդից: Անգամ ասել էր, որ Ադրբեջանում ոչ ոք դրան կարեւորություն չի տա եւ իրենց կյանքում ոչինչ չի փոխվի:
Իրականում լա՞վ է, թե՞ վատ, որ մեր անկանխատեսելի հարեւանը դուրս գա եվրոպական վերահսկողությունից եւ ուր են տանում այս նոր զարգացումները: Հարցին պատասխանում են Հայաստանի խորհրդարանի «Դաշնակցություն» խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը եւ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Ի դեպ, այսօր ԵԽԽՎ սոցիալական հարցերի հանձնաժողովի նիստում կանխվել է ԼՂ-ին առնչվող հակահայկական հերթական ձեւակերպումներից մեկը: Կրկին «օկուպացված տարածքներ» ձեւակերպումը եւ երեխաների պաշտպանության անհրաժեշտությունը, ինչպես եւ կանխատեսելի է՝ հեղինակը ադրբեջանցի պատվիրակներից է: Սակայն, վտանգավոր ձեւակերպումներն այլեւս փաստաթղթում չկան, ֆեյսբուքյան էջում գրել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը:




