

Երեւանում տեղի է ունեցել Հայաստանում Բրիտանիայի դեսպանատան և IAB բիզնեսի միջազգային ակադեմիայի կողմից կազմակերպված Կառավարման և առաջնորդության առաջին տարեկան համաժողովը։
Այն անցկացվել է հայ-բրիտանական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում։
Մեծ Բրիտանիան ունի արդյունավետ կառավարման լավագույն փորձերից մեկը եւ, կազմակերպիչներն ակնկալում են, որ այն օգտակար կլինի Հայաստանին՝ թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածներում:
Ընդհանրապես կառավարման ոլորտում նկատվող ի՞նչ բացեր կամ թերություններ կան, որոնք շտկելուն կկարողանան ծառայել նման միջոցառումները, նաեւ այս հարցն է փորձել հստակեցնել «Ռադիոլուրը»:
Հայաստանում իսկական դինամիկա ենք զգում ե՛ւ հանրային, ե՛ւ մասնավոր հատվածներում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում ՄԹ դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը՝ հավելելով, թե իրենք ուզում են երկու հատվածների զարգացմանն էլ օժանդակել: Միջոցառումը նպատակ ունի խթանելու կառավարման և առաջնորդության հմտությունները հայ մասնագետների շրջանում՝ կիսելով բրիտանական փորձը։

IAB բիզնեսի միջազգային ակադեմիայի հինադիր-տնօրեն Արաքսյա Մարտիրոսյանն էլ նշեց, որ առաջին անգամ է նման ֆորում կազմակերպվում Հայաստանում, և այն միտում ունի՝ դառնալ ամենամյա.
«Սա առաջին փորձն է հավաքել տարբեր լիդերների, մենեջերների, ղեկավարների և փորձել քննարկել այն խնդիրները, որոնք շատ արդի են Հայաստանի համար։ Այսօր մենք ճիշտ կառավարելու և անձնակազմը մոտիվացված պահելու մեծ խնդիր ունենք, դրա համար շատերը չեն կարողանում ներգրավվել աշխատանքում։ Այդ պատճառով մենեջերի գիտելիքներն ու փորձը շատ կարևոր են»։

Ճիշտ կառավարելու խնդիրն ամենամեծն է այսօր: Ըստ Արաքսյա Մարտիրոսյանի՝ արագ փոփոխվող աշխարհում կառավարչի նոր որակներ են անհրաժեշտ: Այդ որակներն ունենալու նոր մոտեցումներ են առաջարկում իրենք: Նրա փոխանցմամբ՝ հետազոտությունները ցույց են տալիս, որ աշխատավարձն աշխատակիցներին մոտիվացնելու առաջին պայմանը չէ, այն, կարող ենք ասել՝ վերջինն է, որովհետև մարդիկ շատ շուտ սովորում են իրենց նոր աշխատավարձին և նրանց մոտ մոտիվացիան ընկնում է։ Իրականում պետք է ստեղծել այնպիսի միջավայր, որ աշխատակիցները մոտիվացված աշխատեն, իրենց զգան ինչ-որ մեծ կարևոր բանի մաս՝ եզրափակեց Արաքսյա Մարտիրոսյանը:
Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն, վարչապետի խորհրդական Ալեքսանդր Խաչատուրյանի գնահատմամբ՝ Հայաստանում բիզնեսի կառավարման նախկին մեթոդները գնալով փոխվում են: Սերունդների փոփոխման հետ, նրա ձեւակերպմամբ, բիզնեսում ագրեսիվ սերնդին փոխարինելու է գալիս ավելի ստեղծարար նոր սերունդ:

Մեր այն հարին, թե ընդհանրապես կառավարման ոլորտում մեզանում ինչ բացեր կամ թերացումներ են նկատվում, որոնք կարելի է նման միջոցառումների շնորհիվ շտկել՝ Ալեքսանդր Խաչատուրյանն այսպես արձագանքեց.
Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանի խոսքով նույնպես կառավարման հարցում միշտ էլ կատարելագործման տեղ կա, եւ փորձի փոխանակումը կարեւոր է, իսկ Մեծ Բրիտանիան թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածում ունի արդյունավետ կառավարման լավագույն փորձերից մեկը.
Հայաստանում ՄԲ-ի դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը մեզ հետ զրույցում շեշտեց, թե իրենք հավատացած են, որ բրիտանական որակավորումները շատ լավ գործիք են՝ օգնելու կազմակերպիչներին ռազմավարություններ մշակելու եւ արդյունքի հասնելու համար:
Դեսպանը նույնպես նկատեց, որ Հայաստանում ներկայումս շատ կազմակերպություններ փոփոխություններ են անցնում, ապա հավելեց, որ շատ կարևոր է թիմն առաջնորդել այդ փոփոխությունների գործընթացի շրջանակում, որպեսզի յուրաքանչյուր անձ որեւէ կազմակերպությունում իմանա, թե ի՞նչ դեր ունի ինքը ամբողջական արդյունքի ապահովման մեջ:
Խոսելով հայ-բրիտանական հարաբերությունների մասին, դեսպան Ջուդիթ Ֆարնուորթն ասաց, թե, կարծում է, որ դրանք ամուր են և ավելի են ամրանում:
Դեսպանը հիշեցրեց, որ վերջին մի քանի շաբաթների ընթացքում ՄԲ նախարարն այցելեց Հայաստան և վերահաստատեց իրենց եկրի հանձնառությունը՝ Հայաստանին օժանդակությունն ավելացնելու առումով։ Անցած շաբաթ էլ վարչապետի առևտրի ներկայացուցիչն առաջին անգամ այցելեց Հայաստան և փորձեց ավելի սերտ ներդրումաառևտրային կապեր ձևավորել Հայաստանի հետ։

Նրա ձեւակերպմամբ՝ օրվա միջոցառման նման միջոցառումներն էլ ցույց են տալիս, որ շատ առումներով իրենք կարող են օգնել Հայաստանին, և իրենք պատրաստակամ են օժանդակել բարեփոխումներին եւ մասնավոր հատվածին:
Հետաքրքրվեցինք նաեւ, թե դեսպանն ինչպե՞ս է գնահատում Հայաստանի ներդրումային դաշտը եւ թե՝ որքանո՞վ է այն բարենպաստ օտարերկրյա ներդրողներին գրավելու համար։ Ի պատասխան՝ դեսպանն ասաց.
«Ես կարծում եմ` դա ընթացիկ աշխատանք է, և այս ոլորտում էլ մենք ուզում ենք օժանդակություն և խորհուրդներ առաջարկել Հայաստանի իշխանություններին, քանի որ մենք գիտենք, որ շատ լուրջ պատրաստակամություն կա՝ ավելացնելու ներդրումները, և դրա համար անհրաժեշտ է ներդրումային կանխատեսելի և թափանցիկ միջավայր»։
Ուստի այո, հաստատ ճիշտ ուղղությամբ են ընթանում, բայց աշխատանքն ընթացքի մեջ է՝ եզրափակեց մեր երկրում ՄԲ-ի դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը։




