Հասարակություն

Դերասանի տան ճակատագիրը մտահոգում է

Նորայր Շողիկյան
«Ռադիոլուր»-ի համար

Մաշտոցի պողոտայում գտնվող դերասանի տունը, որ 41 թ-ին է կառուցվել ճարտարապետ Մարկ Գրիգորյանի նախագծով՝ հանրապետական նշանակության  հուշարձանների շարքում է:

Բոլորովին վերջերս սեփականատերը գործադիրից այն նորոգելու թույլտվություն է ստացել, ինչն անհանգստացրել է ճարտարապետի թոռանը՝ կրտսեր Մարկ Գրիգորյանին:

Մաշտոցի 48 հասցեում գտնվող շենքի բնակիչը սեփական տարածքը նորոգելու համար ստացել է գործադիրի թույլտվությունը: Սեպտեմբերի 22-ի նիստում Կառավարությունն այն տվել է Մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի միջնորդությամբ, քանի որ շենքն իրենից մշակութային արժեք է ներկայացնում:

Իր բնակարանը նորոգել ցանկացող բնակիչը թույլտվությունն ավելի հեշտությամբ է ստացել, քան նման հարցով իրենց կառավարություններին դիմած միլիոնատերեր Բորիս Բերեզովսկին և Յուրի Լուժկովը: Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանի խոսքով՝ հայ սեփականատերերին կնախանձեին անգամ ռուս բիզնեսմենները:

Երևանում չկա Բերեզովսկու կամ Լուժկովի մասշտաբի դեմք, բայց, նույնիսկ, մեր փոքրիկ սեփականատերերը, պարզվում է ունեն ավելի մեծ իրավունքներ, քան քաղաքակիրթ աշխարհում Բերեզովսկին ու Լուժկովը:

Մարկ Գրիգորյան

Շենքը հայտնի է՝ որպես դերասանի տուն, այն կառուցվել է 1941թ.-ին՝ ճարտարապետ Մարկ Գրիգորյանի նախագծով և ներառված է հանրապետական նշանակություն ունեցող հուշարձանների շարքում: Հուշարձանի բնակելի հատվածում փոփոխություններ կատարելու որոշումն անհանգստացրել է ճարտարապետի թոռանը: Մարկ Գրիգորյանը մտավախություն ունի, որ հնարավոր է դրանք խաթարեն շենքի արտաքին տեսքը:

Այդ շենքը, բացի պատմամշակութային արժեք լինելուց, Երևանի ամենագեղեցիկ բնակելի շենքերից մեկն է, որի գեղարվեստական արժեքը բարձր է, եթե այդ սեփականատերը պատրաստվում է հարկ ավելացնել, փողոց դուրս եկող բալկոն ապակեպատել, ապա ես դրան դեմ եմ լինելու ու դեմ եմ լինելու ամենակտրուկ ձևերով:

Մշակույթի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը չի բացառում, որ հետագայում վերանորոգման հարցով իրենց կդիմեն նաև մյուս բնակիչները, բայց հավաստիացնում է, որ փոփոխությունները շենքին վնաս չեն հասցնի:

«Մեր խնդիրն է, որ թույլատրենք տվյալ շենքում հուշարձանի փոփոխություն, սեյսմիկ նորմերի ապահովմամբ, հատակների փոփոխության կիրառում»,- ասում է Արմեն Աբրոյանը:

Փոփոխություններ կատարելու նախագծում նշված է, որ շենքում կան փայտե ծածկերի հետ կապված խնդիրներ և շենքը գտնվում է անբավարար տեխնիկական վիճակում: «Ռադիոլուրի» հետ զրույցում Մշակույթի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Երևանի տարածքային բաժնի պետ Կարո Այվազյանը նշեց, որ, եթե բնակիչները չկարողանան մշակութային արժեք հանդիսացող շենքում իրենց պատկանող տարածքը սեփական ուժերով նորոգել, ապա պետությունը բնակիչներին ոչինչ ստիպել չի կարող:

«Եթե, օրինակ՝ պետությունը հուշարձան շենքում գույքահարկ չվերցներ և ասեր, որ այս միջոցները կտրամադրես ուժեղացման համար, իրեն մենք կկարողանայինք ստիպել, բայց մենք որևէ արտոնություն հուշարձան շենքի սեփականատիրոջը չենք տալիս»,- նշում է Կարո Այվազյանը:

Նրա խոսքով՝ այս հարցն իրավական դաշտում շատ բացթողումներ ունի և պատմամշակութային արժեք հանդիսացող շենքերի նորոգման հարցը օրենսդրական հստակեցումների կարիք ունի։

Կարդացեք նաև

Back to top button